Կարևորվել է Սևանա լճի շրջակայքում կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցման ծրագիրը
Հասարակություն
Այսօր Գեղարքունիքի մարզում կայացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կազմակերպած՝ Սևանա լճի շրջակայքում ապակենտրոնացված եղանակով կոյուղաջրերի մաքրման փորձարկային կայանի կառուցմանն ուղղված տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության արդյունքների ներկայացման աշխատանքային հանդիպումը, որն իրականացվել է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովին ներկա են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ծրագիրն իրականացնող այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Նախարարի տեղակալը կարևորել է ծրագրի իրականացումը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համատեքստում։ Այսօր կոյուղաջրերի ամբողջ ծավալը անխափան հոսում է լիճ, ինչը հանգեցնում է լուրջ բնապահպանական խնդիրների։
«Սևանա լճի ավազանում ԵՄ-ն տեղական համայնքների հետ միասին ընդլայնում է փորձնական միջոցառումները՝ հիմնվելով Սևանա լճի աղտոտվածությունը նվազեցնելու համար բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր ներդրման գնահատման վրա: Բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը EU4Sevan-ի և ԵՄ Հայաստանի ընթացիկ ու ապագա ծրագրերի հիմնասյուներն են»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը: