Հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական, հարգալից քննարկում. Սոֆյա Հովսեփյան
Քաղաքական
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ՀՌՀ թեկնածու Ռուբեն Հակոբյանի և հանձնաժողովի անդամների միջև երեկ միջադեպ տեղի ունեցավ։ Թեկնածուի խոսքի ընթացքում, որում նա ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանին էր անդրադառնում, հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ընդհատեց, ապա իրավիճակը լարվեց. քաշքշուկ սկսվեց, ընթացքում լսվում էին փոխադարձ վիրավորանքներ։
ArmDaily.am-ի հետ զրույցում նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին անհանգստացնում է այդ որակի և լեքսիկոնի քննարկումները առհասարակ ԱԺ-ի և մասնավորապես Կրթության և գիտության հանձնաժողովում։
«Որևէ տակտ չի պահվում։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Այսինքն՝ հասել ենք այնտեղ, որ արդեն կրթության հանձնաժողովում չկա տարրական հարգալից քննարկում, և տանում է արդեն այնպիսի իրավիճակի, այնպիսի բառապաշարի ու խոսքի, որ կրթության հետ որևէ աղերս չունի։ Միանշանակ մտահոգող է։ Ցանկացած հարցում՝ դա լիներ ՀՌՀ անդամի, կամ ուղղակի քննարկում, այդ բառապաշարը, թե ընդդիմության, թե իշխանության կողմից, ընդունելի չէ։ Այս պարագայում երկուստեք է եղել այդ քննարկման լեքսիկոնը, շատ անհրապույր, շատ անընդունելի քննարկում էր։
Ես կարող եմ գնահատել, որ հանձնաժողովի նախկին քննարկումներում երբեք չի եղել»,- ասաց նախկին պատգամավորը։
Ըստ Սահմանադրության՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, որը զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է: Ռուբեն Հակոբյանի մեդիայի դաշտում հեղինակավոր մասնագետ լինելը միանգամից ասոցացվում է լրագրողին հայհոյելու եւ մի քանի անգամ հարվածելու դրվագի հետ։
Մեր հարցին՝ որքանով էր ճիշտ նրան այս պաշտոնում առաջադրելը, Հովսեփյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե որքանով էր ճիշտ, բայց ես պատկերացնում եմ, որ ՀՌՀ-ում գոնե պետք է կրթության, մշակույթի, արվեստի ոլորտի մարդիկ լինեն։ Հանրային հեռուստատեսությունը պետք է ունենա բավականին լուրջ զսպվածություն, և միևնույն ժամանակ որակ, բնականաբար համապատասխան մասնագետների մասնակցությամբ։ Ընդդիմությունը, թե իրեն ինչ է հարց տվել այդ անդամին առաջադրելով, ես չեմ կարող ասել, բայց կա ընտրության հնարավորություն, որը տրված է հենց այդ հանձնաժողովին որպես գործիք։ Իրենք կարող էին ուղղակի չընտրել՝ այդքան չխորացնելով խոսակցությունը, այդքան չխորացնելով քննարկումները։ Երկուստեք անձնական բնույթի վիրավորանքներ չպետք է լինեին, գնահատումներ չպետք է տային, թեկնածու է՝ դուք պարտավոր եք հարգել։ Հարգելու հետ մեկտեք որոշում և ընտրություն կատարել։ Չեք ընտրի, ապա դա կլինի ձեր քաղաքական դիրքորոշումը»։
Հովսեփյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ հեռուստատեսության ոլորտում հսկայածավալ աշխատանքներ կան անելու։
«Սա ուղղակի աշխատավարձ ստանալու և պաշտոն զբաղեցնելու ինչ-որ տեղ չէ, ինչը որ հիմա շատերի մոտ է։ Մենք դրա համար այսօր ունենք հեռուստատեսության ոլորտում այդքան չսահմանված ցենզուռաներ, չգործող օրենքներ»,- ասաց Հովսեփյանը։