Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, բայց գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ. իրավապաշտպան
Իրավական
Օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցավ ՄԻՊ-ի ընտրությունները, որի արդյունքում իշխանական թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց՝ միայն ՔՊ պատգամավորների քվեարկությամբ։ Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց ընտրությանը։ Ընդդիմությունն անգամ իր թեկնածուն չուներ երկրի կարևորագույն պաշտոններից մեկի համար, բայց, այ ՀՌՀ-ի նախագահի համար ընդդիմությունն իր թեկնածուն էր առաջադրել։
Հարց է առաջանում, թե ինչու ընդդիմությունը ՄԻՊ թեկնածու չուներ, իսկ ՀՌՀ-ի նախագահի թեկնածու ունի։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է, որ անիմաստ կլիներ ընդդիմության կողմից առաջադրել թեկնածու։
«Ես կարծում եմ իմաստ չկա որևէ թեկնածու առաջադրել տվյալ պարագայում, որովհետև ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի ավելին քան բավարար ձայներ և մեծ հաշվով սա այն դեպքն է, որ ՔՊ-ն է նշանակել մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե խորհրդարանն է ընտրել։ Նորմալ պայմաններում ՔՊ-ն ինքը պետք է հայտարարեր, որ նա չի ընտրելու մարդու իրավունքների որևէ պաշտպան, որը ընդդիմության հավանությանը չի արժանացել։ Այդպիսի հայտարարություն չեղավ, առաջադրվեց յուրային թեկնածու, որը ՔՊ թիմի անդամ է, նրանց ամենախնդրահարույց նախագծերն է Աժ-ում հիմնական զեկուցողի կարգավիճակում ներկայացրել, օրինակ հենց ծանր վիրավորանքի այս խայտառակ հոդվածը։ Եվ այս պայմաններում ես չեմ կարծում, որ բանական էր ակնկալել, որ ընդդիմությունը մեկ այլ թեկնածու պետք է առաջադրի, դրա արդյունավետությունը գոյություն չուներ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հարցին, եթե ընդդիմությունը չունի բավարար ձայներ իր թեկնածուին կամ իր նախընտրած մարդուն ընտրելու համար, այդ դեպքում ինչու են առաջադրել ՀՌՀ նախագահի թեկնածու, պատասխանեց. «Չգիտեմ, ես տեղյակ չեմ ՀՌՀ-ի թեկնածուի մասով, բայց իմ ընկալումը ներկայացրի՝ նման մեծամասնության հետ աշխատանքի մասով։ Ես այն կարծիքն ունեմ, որ եթե չկա որևէ հանրային պահանջ, եթե լիներ հանրային լուրջ շարժում, ոչ թե ՔՊ ՄԻՊ-ը կընտրվեր այլ մեկ այլ մարդ, չկա որևէ ակնկալիք, որ կարելի է ներազդել մեծամասնության մոտեցման վրա։ Իսկ թե ում է առաջադրել ՀՌՀ թեկնածու, ինչու է առաջադրել չեմ կարող պատասխանել, որովհետև ուղղակի տեղեկացղված չեմ»,-ասաց Մելիքյանը։
Իրավապաշտպանը տեղյակ չէր, որ ընդդիմության պատգամավոր Գեղամ Նազարյանը որոշ ժամանակ առաջ ArmDaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՔՊ ՄԻՊ թեկնածուի մոտ աշխատելու ցանկություն տեսնում է, բայց անձամբ Մելիքյանը դա չի տեսնում։
«Իմ համար նաև տարօրինակ է այն միտքը, որ Դուք մեջբերեցիք, ես չեմ լսել նման հայտարարություն պարոն Նազարյանի կողմից, համենայնդեպս ես նման ակնկալիքներ այդ անձից չունեմ։ Իհարկե «Քաղաքացիական պայմանագիրն» իր նշանակած օմբուդսմենին որոշակի դիվիդենտներ կտա, որոշակի երկրորդական բնույթի հարցերի լուծման դափնիներ կտա, դա չի քննարկվում, բայց սկզբունքային առումով գործ չունենք հեղինակության չափանիշը բավարարող անձի հետ, քաղաքականի մասով ընդհանրապես խոսելու կարիք էլ չկա»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։
Սեդա Մակարյան