Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը. քաղաքագետ
Քաղաքական
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ՔՊ-ի ՀՀ նախագահի թեկնածուն ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն է։ ArmDaily.am-ը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանից հետաքրքրվել է, թե արդյոք ՀՀ նախագահի թեկնածուի լավագույն տարբերակը Հարությունյանն է։
«Արայիկ Հարությունյանը կարող է լինել Հայաստանի համար այնպիսի նախագահ, ինչպիսին էր պարոն Արմեն Սարգսյանը։ Կարծում եմ այդ առումով որևէ բան չի փոխվի՝ հաշվի առնելով, որ նախագահի ինստիտուտը սահմանադրությամբ ունի բավականին փոքր լիազորություններ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։
Թե ինչու հենց Արայիկ Հարությունը, Ստեփանյանը չի զարմանում։
«Այստեղ էլ որևէ ինտրիգ պետք չի փնտրել։ Նիկոլ Փաշինյանը՝ երկրի վարչապետը, գնում է նույն տրամաբանությամբ, որով նա շարժվում է այս բոլոր տարիներին, երբ իշխանության է գտնվում և նշանակում է ցանկացած պաշտոնին, որտեղ որ որևէ դերակատարություն կարող է լինել, իր մարդկանց, այսինքն մոտիկ մարդկանց, քայլողներին, այն մարդկանց, ովքեր անձնական հավատարմություն են դրսևորել»,-նշեց քաղաքագետը։
Ստեփանյանն ասում է, որ ՔՊ-ն կարողանալու է իր թեկնածուին անցկացնել ու նա դառնալու է նախագահ։
«Այստեղ տրամաբանությունը հետևալն է, որ ցանկացած անձ ՔՊ-ում լիովին ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին և մեծ հաշվով մեր խորհրդարանական երկրում որոշումները կատարվում են միանձնյա և չեմ կարծում, որ պարոն Հարությունյանը որևէ բան կփոխի՝ դառնալով նախագահ, եթե նույնիսկ նա դառնա նախագահ»,-եզրափակեց նա։
Սեդա Մակարյան