Որքանո՞վ է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը ընդունելի ընդդիմադիր խմբակցությունների համար
Քաղաքական
ArmLur.am-ն այսօր գրել էր, որ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:
ArmDaily.am-ը խորհրդարանական ընդդիմությունից հետաքրքրվեց, թե որքանով է ընդունելի Հարությունյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։
Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ասաց, որ այս թեկնածությունը անսպասելի չէր։ «Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ ակնարկեց, որ թեկնածուն իր նեղ թիմից է լինելու։ Այս տրամաբանության մեջ անսպասելի չէ՞, որ այդ թեկնածուն Արայիկ Հարությունյանն է»,- ասաց Խամոյանը։
Հարցին՝ արդյոք Արայիկ Հարությունյանը ունի այն հեղինակությունն ու վարկանիշը, որպեսզի միջազգային հարթակներում ներկայացնի մեր երկիրը, ինչպես հիմնականում անում էր Արմեն Սարգսյանը, Խամոյանը պատասխանեց. «Ոչ։ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է բացառապես իր նեղ թիմային շահերով և իր ամբողջ ձևակերպումների մեջ, երբ խոսում էր նախագահի հնարավոր թեկնածուի մասին, խոսում էր ոչ թե պետության շահի, այլ իր իշխանության շահի մասին»։
Ինչ վերաբերում է սեփական թեկնածուով հանդես գալուն՝ Խամոյանը նշեց, որ քննարկումների փուլ է, իսկ թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության հարցի մասով քննարկում վերջնական դեռ չի եղել, երբ լինի՝ տեղյակ կպահեն։
Ընդդիմադիր պատգամավորը բացառեց, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է քվեարկել իշխանության կողմից առաջադրած թեկնածուի օգտին։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ArmDaily.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար դժվար է լուրջ մեկնաբանել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու։
«Մեծ հաշվով ինձ միևնույնն է՝ կապիտուլյանտների խունտայից որ մեկն է լինելու Նիկոլ Փաշինյանի հլու հնազանդ կամակատարը այդ պաշտոնում»,- ասաց Մամիջանյանը։
Նա չցանկացավ նշել, թե խմբակցությունում նախագահի թեկնածուի ինչ անուններ են շրջանառվում։
Մամիջանյանը նաև հնարավոր չհամարեց, որ խմբակցությունը նախագահ ընտրելու հարցում կհամագործակցի իշխող ուժի հետ։
Արփինե Պետրոսյան