Նիկոլ Փաշինյանի կասկածելի վարակվելը, Պապիկյանի հարսանիքը եւ շարքային մահկանացուների սրճախմությունը՝ QR կոդով դարձնելը
Խմբագրական
Ինչպես հայտնի է, հունվարի 22-ից հանրային սննդի կետեր, մշակութային հաստատություններ և ծառայության ոլորտի օբյեկտներ մուտք գործելու համար հարկավոր է ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք։ Նման սահմանափակումների նպատակը կանխել արագ տարածվող «օմիկրոն» շտամը և կորոնավիրուսի ամեն ալիքի դեպքում առողջապահական համակարգի գերծանրաբեռնում է։ Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ 200-մինչև 500 հազար դրամով։ Նոր սահմանափակումները բուռն արձագանք են գտել հանրության շրջանում մի քանի պատճառով։
Նախ, որոշ խիստ «օրինապահ» տնտեսվարողներ պահանջում են QR կոդ կամ թեստավորման պատասխան, քանի որ տեսչականի եւ ոստիկանության աշխատակիցները շրջայցեր, հսկողություն են իրականացնում։ Սա անհարմարություն է առաջացնում թե քաղաքացիների, թե տնտեսվարողների համար, ինչի պատճառով ոմանք չեն օգտվում այս ծառայություններից, հետեւաբար նվազում է շրջանառությունը, ոլորտը տնտեսական կորուստներ է կրում։ Ընդ որում՝ ոլորտն առանց այդ էլ ամենաշատն է տուժել կորոնավիրուսի տարածվելուց հետո եւ հայտնի չէ՝ այս նոր սահմանափակումից հետո երբ ուշքի կգա։ Երկրորդ խնդիրը նոր սահմանափակման հետ կապված այն է, որ ներառված «օբյեկտների» ցանկում չկան խաղատները, մոլերը, սուպերմարկետները, հասարակական տրանսպորտը, մետրոն, ընդ որում՝ վերջին չորսը կարելի է համարել կորոնավիրուսի տարածման թիվ մեկ «օջախը»։
Հիմա եթե այս խստացման նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն է, ապա առաջնահերթ պետք է թիրախավորել ավելի մարդաշատ վայրերը։ Այլապես ստացվում է, որ 20 հոգով իրար գրկած երթեւեկող ուղեւորների շրջանում կորոնավիրուս չի տարածվում, բայց սրճարան գնացող ընկեր-ընկերուհին պոտենցիալ վարակակիր են։ Երրորդ՝ նոր սահմանափակումը կոպիտ միջամտություն է մարդու անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, քանի որ քաղաքացիների անձնագրային տվյալները ամենուր սկանավորվում են։ Իհարկե, Առողջապահության իրավաբան նախարարը յուրօրինակ «գալուստսահակյանական» բացատրություն է տվել այս խնդրին՝ նշելով, թե քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները: Ավանեսյանը, սակայն, անտեսում է, որ քաղաքացին ոչ թե իր կամքով, այլ պարտադրված է դա անում՝ չպատվաստվելու դեմ այլընտրանք չունենալով։ Մինչդեռ Ավանեսյանը պետք է որ տեղյակ լիներ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող անձնական կյանքի գաղտնիության իրավունքին։
Ինչեւէ, մի կողմից ԱՆ-ն թեեւ անձնական տվյալների գաղտնիության խախտման խնդիր չի տեսնում, մյուս կողմից էլ ահազանգերը շարունակվում են եւ արդյունքում երեկվանից արդեն QR կոդերի սկանավորելուց անձնագրի եւ ծննդյան թվի տվյալների մի մասը աստղիկներով փակվել են։ Հիմա եթե անձնական տվյալների գաղտնիության խախտման խնդիր չկա, ինչո՞ւ է որոշումը փոխվել։ Ահա հենց այսպես էլ գրել-ջնջելով Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ է պայքարում, դրա համար էլ անգամ կորոնավիրուսի 3 երկար ու ձիգ տարիների ընթացքում անգամ դիմակ կրելը չի դառնում մշակույթի մաս։ Ի դեպ, մի ձեռքով իշխանությունը կանխում է հանրության՝ մշակութային, ժամանցային կյանքին մասնակցությունը, մյուս կողմից էլ շաբաթ օրը ավելի քան 500հոգանոց հարսանիքի են մասնակցում։
Բնականաբար, ռեստորանը պետք է պնդի, թե բոլորը կամ թեստավորված են եղել, կամ պատվաստված, հարց է առաջանում՝ իսկ ստուգողը կամ վերահսկողը ո՞վ է։ Փոխարենը եթե միջին վիճակագրական որեւէ զույգ փորձի հարսանիք կազմակերպել, կամ ռեստորանը պետք է «վախվխելով» օրենք խախտի, կամ պետք է զույգը հրաժարվի մասսայական միջոցառումից, քանի որ չի կարող վճարել նաեւ հյուրերի թեստավորման համար։ Ահա այսպիսին են Հայաստանում գործող սահմանափակումները՝ իրարամերժ, հակասական եւ կասկածելի հիմքերով՝ իրենց էությամբ եւ բովանդակությամբ՝ ընտրովի կիրառվող։ Արդյունքում 500 հոգանոց հարսանիքի մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուս է հաստատվում, իսկ մյուս իրականության մեջ մենք հիշում ենք այն էջմիածնեցի հայտնի տիկնոջը, ում պարզապես խարույկի վրա ողջ-ողջ այրեցին կորոնավիրուսի տարածման պատճառ դառնալու համար։
Ճիշտ է՝ կինը վատառողջ լինելով եւ ախտանիշները գրիպին վերագրելով շարունակում էր իր կյանքով ապրել, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտնի չէ՝ ինչու եւ ինչպես որոշեց թեստավորվել։ Եթե նա վարակը տանում է առանց ախտանիշների, հարց է առաջանում՝ ինչու հանկարծ կասկածեց, որ կորոնավիրուսով է վարակվել եւ ինչու թեստավորվեց, եթե վարչապետի մոտ ախտանիշներ կան, երբվանի՞ց են դրանք ի հայտ եկել եւ այս ընթացքում ինչ մասսայական միջոցառումների է Փաշինյանը մասնակցել։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայոց Բանակի օրն է, նախագահը հրաժարական է տվել, Պաշտպանության նախարարը մեղրամսի մեջ է, վարչապետն էլ կորոնավիրուսով ինքնամեկուսացել է։