Ես կարծում եմ չպետք է կառավարման համակարգի փոփոխություններ անել․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Հասարակությունը քննարկում է, որ նախագահի հրաժարականը ուղիղ կապ ունի ապագայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հետ։ Փորձագետները պնդում են, որ այս իշխանությունն ուզում է գնալ սահմանադրական փոփոխությունների և անցնել կիսանախագահական կառավարման համակարգին։ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին։
«Ես և ՔՊ վարչությունը կարծում ենք, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի, ես նույնիսկ ուզում եմ իմ տեսակետների էվոլուցիան դուք գիտեք, 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ էին փաստարկները և շատ կային մարդիկ, ովքեր ինձ համոզում էին, որ եկեք վերադառնանք կիսանախագահական կամ նախագահական համակարգի։ Հասկանալի էր, որ այդ փոփոխությունները կանցնեին և ես կհաղթեի նախագահական ընտրություններում, բայց ես հրաժարվել եմ՝ ասելով, որ անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելը լավ բան չէ։ 2020 թվականի նոյմբերի 9-ից հետո ես հետահայաց սկսեցի մտածել, այդ ժամանակ տեսակետներ կային, որ կառավարման համակարգն էր մեր ձախողումների պատճառը, բայց ընտրություններից հետո, երբ մենք հաղթահարեցինք ներքաղաքական ճգնաժամը և մեզ հաջողվեց լիարժեք ժողովրդավարության չափանիշներին համապատախան ընտրություններ անցկացնել, ես հասկացա, եթե մենք խորհրդարանական կառավարման համակարգում չլինեինք մեծ էր հավանականությունը, որ մենք շատ լուրջ ցնցումների մեջով կանցնեինք և ճգնաժամը ավելի կխորանար։ Իմ նախապատերազմական պնդումը դեռ ուժի մեջ է, որ մենք կառավարման համակարգում փոփոխություններ պետք է չանենք»,-ասաց Փաշինյանը։