Բավականին բարդ իրավիճակում են հայտնվել Գորիս համայնքի մի շարք բնակավայրեր. Իրինա Յոլյան
Քաղաքական
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Իրինա Յոլյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Գորիսի շրջափակման մեջ հայտնված ու արտաքին աշխարհի հետ կապող միակ այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է, բայց կազմակերպվում է հաղորդակցությունը։ «Մեքենան դեպի օրինակ Բարձրավան գնում է ոչ թե առաջարկվող այլընտրանքային ճանապարհով՝ այդ ճանապարհը չի գործում, երկար ժամանակ է՝ չի գործում, և հիմա մեքենան սկզբից գնում է Որոտան, հետո Շուռնուխ, հետո Բարձրավան։ Իհարկե ընթացիկ խնդիրներ առաջանում են՝ հատկապես Բարձրավանում։ Երեկ չէ առաջին օրը վարչական ղեկավարի հետ խոսում էի, հաշմանդամություն ունեցող բալիկ կա, որի տեղափոխումը խնդիր է ու այս դեպքում արդեն հատուկ մեքենայով պետք է տեղափոխումը կազմակերպվի։ Այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի այդ հրատապ, առաջ եկող խնդիրները լուծվեն, ըստ էության լուծվում են, բայց պիտի արձանագրենք, որ բավականին բարդ իրավիճակում են հայտնվել այդ բնակավայրերը,-ասաց Յոլյանը։
Գորիսի ավագանու անդամը նշեց, որ այս պահին արդեն այս բնակավայրերը հացի խնդիր չեն ունեն, որովհետև եղանակային պայմանները երբ ավելի բարենպաստ են լինում, ձյունը հալվում է և մեքենան ավելի հեշտ է գնում ու կարողանում է ժամանակին հացը հասցնել շրջափակման մեջ հայտնված բնակավայրեր։
Հայկա Ալոյան