Ասա՝ ով է նախագահի քո թեկնածուն, ասեմ՝ ով ես դու. Սարգսյանի հրաժարականի պատճառների եւ նոր Արմեն Սարգսյանի որոնումների մասին
Խմբագրական
Երեկ կիրակնօրյա հանգիստը «հարամեց» Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով հայտարարեց իր հրաժարականի մասին։
Լուրն, իհարկե, խիստ անսպասելի չէր, հատկապես, որ Սարգսյանի հրաժարականի մասին պարբերաբար տեղեկություններ շրջանառվում էին։ Լուրը շոկային չէր, քանի որ ինչպես ասում են՝ «գալդ ինչ էր, մնալդ ինչ...», այսինքն՝ այնպես չէ ՀՀ շարքային քաղաքացու կյանքի որակի, անվտանգության, պետության զարգացման եւ կայունության պահպանման համար նախագահը որեւէ ազդեցություն ուներ կամ ջանք էր գործադրում։
Այս պարագայում հարցն այն է, թե ինչու հենց ՀԻՄԱ հրաժարական տվեց նախագահը։
Հրաժարականի պատճառների մասին Սարգսյանի հրապարակած տեքստը մոտավորապես «Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտ է» ոճի քնարերգություն է, անգամ լուրջ քննարկում ծավալելն է ծիծաղելի։ Տպավորություն է, թե Արմեն Սարգսյանը 4 տարի նախագահ «աշխատելուց» հետո նոր հասկացել է, թե ինչ սահմանափակ լիազորություններ ունի, ինչ վատն է Սահմանադրությունը, կառավարման համակարգը, զրո շանս իր ուժերի ներածին չափով պետությանը օգնելու համար։
Նկատենք, սակայն, որ երբ Սարգսյանը համաձայնեց դառնալ նախագահ, գործում էր հենց այն սահմանադրությունը, որից բողոքում էր Սարգսյանը։ Իհարկե, խորհրդարանական կառավարման համակարգում նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, բարձրաստիճան նոտարի կարգավիճակ ունի՝ չնչին բացառություններով հանդերձ, բայց այս ամենը նորություն չէ, Սարգսյանը գիտեր իր լիազորությունների շրջանակը եւ դրանց համաձայնելով է ստանձնել այդ պաշտոնը։
Երկրորդ հարցը՝ արդյոք Սարգսյանը սահմանափակ լիազորությունների ողջ գործիքակազմը օգտագործե՞լ է, մենք տեսել ենք վարչապետի հրաժարական պահանջող նախագահ, ով այնուհետեւ հանդիպում եւ ջերմ զրուցում է նախագահի հետ, մենք տեսել ենք ՍԴ դիմող Արմեն Սարգսյան, ով, սակայն, հապաղում եւ ուշ է դիմում զուտ դիմելու համար, տեսել ենք օրենքները, հրամանագրերը չստորագրող նախագահ, ով այդպիսով թույլ է տալիս այդ օրենքների «իրավունքի ուժով» կամ «օրենքի ուժով» ուժի մեջ մտնելը...Սարգսյանի դիվանագիտական կապերը, քաղաքական փորձը, հնարավորությունները ժամանակին գովերգում էր նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, իհարկե, այլ հարց է՝ այդ կապերը որեւէ կերպ նպաստեց համազգային խնդիրների լուծմանը, Սարգսյանը արձակուրդից արձակուրդ էր գնում, բուժման, վիրահատության, իսկ երբ աշխատանքի էր, վայելում էր «նախագահի» պաշտոնը ինչպես կարող է՝ պաղպաղակ էր ուտում, բուրգեր պատրաստում, սրա-նրա հետ հանդիպում, այստեղ-այնտեղ այցելում...այնպես որ պետական կառավարման համակարգից եւ լիազորություններից բողոքելուց առաջ նախ հարկ է անդրադառնալ հարցին՝ իսկ ինչ է արել Սարգսյանը այս կառավարման համակարգի արդյունավետության ապահովման համար, որքանով է իր լիազորությունների շրջանակում օգտագործել նախագահի ինստիտուտի ողջ
գործիքակազմը։
Սա հրաժարականի տեքստի մասով, ինչ վերաբերում է հրաժարականի ԻՐԱԿԱՆ, բուն պատճառին, դա կարելի է միայն ենթադրել, կռահել։
Թիվ մեկ վարկած է համարվում այն, որ հնարավոր է Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ լուրջ փաստաթուղթ ստորագրել, Արմեն Սարգսյանը չի ցանկանում ընկնել «մեղքի, պատասխանատվության» տակ եւ լքում է խորտակվող նավը։
Թիվ 2 վարկած, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը արդեն սկսվել է եւ առաջիկայում նախատեսվում է անցում կիսանախագահական համակարգին, ինչը նշանակում է նախագահի նոր ընտրություն, ուստի՝ Սարգսյանը որոշեց հեռանալ իր ոտքով, ոչ թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում։
Թիվ 3 վարկած, նախագահն ուղղակի հոգնել է, դիսկոմֆորտ է իր համար այդ պաշտոնը, առողջությունը քայքայվում է, ավելի վաղ էր ուզում հրաժարական տալ, պարզապես հիմա տվեց, այսինքն՝ որեւէ ենթատեքստ պետք չէ փնտրել։ Սա քիչ հավանական սցենար է, որովհետեւ նախագահն այն միամիտ եւ անփորձ գործիչներից չէ, որ հենց այնպես հրաժարական տար, նրա ամեն քայլը խիստ հաշվարկված է։ Ընդամենը հիշենք, որ ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը: Դրանից մի քանի օր հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Եվս մեկ տարի անց հրաժարական տվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:
Կա 4-րդ վարկածը առ այն, որ այս հրաժարականը ոչ թե Սարգսյանի կարիերայի ավարտի մասին է, այլ խորհրդանշում է նոր սկիզբ։ Չի բացառվում, որ Սարգսյանը սկսի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել որեւէ ուժի, լիդերի սատարելով։ Մի քիչ ժամանակ եւ պարզ կդառնա, թե հրաժարականի ԻՐԱԿԱՆ պատճառը որն է։ Իսկ առայժմ Սարգսյանը հեռացավ անգլիական ձեւով՝ հրաժեշտ չտալով հյուրերին կամ տանտիրոջը, հաշվի առնելով, որ մինչ հայտարարությունը Սարգսյանը այցելել էր Կատար, հետո աշխատանքային այցով գտնվում էր ԱՄԷ-ում, հետո մեկնել էր արձակուրդ՝ բուժման նպատակով։ Իսկ բուժումները Սարգսյանը սովորաբար արտերկրում է անցնում, սիրելի Լոնդոնում, այսինքն՝ միանգամայն հավանական տարբերակ է, որ Սարգսյանն անգամ Հայաստան չի եկել եւ փաստացի ինչպես ողջ աշխատանքային ժամանակահատվածն էր անցկացնում արտերկրում, այնպես էլ իր հրաժարականի մասին է հայտարարում հեռավոր Մեծ Բրիտանիայից։
Այժմ մյուս կարեւոր հարցը՝ ինչ է սպասում առանց նախագահ մնացած Հայաստանին, պատկերացրեք՝ ոչ մի սարսափելի կորուստ, որովհետեւ նրա ներկայությունը եւս ձեռքբերում չէր։ Ընդամենը ԱԺ-ում պետք է նախագահ ընտրեն, բայց պետք է այնպիսի թեկնածու լինի, ում ընդդիմությունն էլ ձայն կտա, քանի որ իշխանության ձայները ընտրության առաջին փուլի համար բավարար չեն․
Այսպես՝ համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 30 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հանրապետության նախագահն ընտրվում է ԱԺ կողմից:
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Ի դեպ, առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Անհրաժեշտ ձայների թիվը 107 պատգամավորի դեպքում կազմում է 80,25~81»:
Արդեն իսկ կան թեկնածուների անուններ, օրինակ՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, մի խոսքով՝ իշխանության «գրպանային» գործիչները, ովքեր պետք է ընդամենը ժամանակավոր տեղապահ աշխատեն մինչեւ սահմանադրական փոփոխությունների իրականություն դառնալը։
Իսկ մինչեւ թեկնածուի առաջադրումը, ժամանակավորապես Արմեն Սարգսյան կաշխատի Ալեն Սիմոնյանը։ ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը, ըստ որի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Ի դեպ, այսօր 20.00-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, հուսանք՝ նա կանդրադառնա թե նախագահի հրաժարականին եւ թե նոր թեկնածուի հարցին։ Սարգսյանը երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց 20.00-ից հետո, երբ վարչապետին ասուլիսի համար հարցեր ուղարկելու ժամանակը անցել էր։ Բայց, հուսանք, այս կարեւորագույն թեմային այսօր Փաշինյանը լույս կսփռի՝ ինչպես ասում են՝ ասա՝ ով է նախագահիդ թեկածուն, ասեմ՝ ով ես դու։