2022-ին առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի․ Ավանեսյան
Հասարակություն
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին:
Հաշվետու տարում`
Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:
Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:
Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն:
Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:
Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները:
Առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:
2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`
◾️ Առողջության համապարփակ ապահովագրության ներդնում
◾️ Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ
◾️ «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում
◾️ Բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում
◾️ Էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում
◾️ Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն: