ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը կընտրվի երկրորդ ժամկետում
Միջազգային խճանկար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կազմակերպության նոր գլխավոր տնօրենի միակ թեկնածուն է։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թեկնածուների առաջադրումը կատարվել է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը։ Գեբրեյեսուսի թեկնածությունն առաջարկել է կազմակերպության 28 անդամ երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Իռլանդիան, Ղազախստանը, Բահրեյնը, Բարբադոսը, Դանիան, Ինդոնեզիան, Խորվաթիան, Բոտսվանան, Կուկի կղզիները, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսպանիան, Քենիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Օմանը, Պորտուգալիան, Ռուանդան, Սլովակիան, Շվեդիան, Տոնգան և Տրինիդադ-Տոբագոն:
ԱՀԿ-ի նոր գլխավոր տնօրենի նշանակումը տեղի կունենա այս տարվա մայիսին՝ ԱՀԿ 75-րդ վեհաժողովի ժամանակ։ Որոշումն ընդունվելու է մայիսի 22-ից 28-ը Ժնևում կայանալիք վեհաժողովում գաղտնի քվեարկությամբ:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ԱՀԿ գլխավոր տնօրեն է դարձել 2017թ.։ Նույն թվականին նա առաջին անգամ այցելեց Ռուսաստան, մասնակցեց տուբերկուլյոզի դեմ պայքարին նվիրված առաջին համաշխարհային նախարարական համաժողովի բացմանը։
Առողջապահության ոլորտում համաշխարհային կազմակերպության ստեղծման հարցը բարձրացվել էր 1945 թվականին ՄԱԿ-ի հիմնադրման վերաբերյալ դիվանագիտական հանդիպումների ժամանակ: ԱՀԿ-ի կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1948 թվականի ապրիլի 7-ին. այս ամսաթիվը մասնակից երկրները նշում են որպես Առողջապահության համաշխարհային օր: Ամեն տարի Առողջապահության համաշխարհային ասամբլեան քննարկում է առողջապահական կարևորագույն խնդիրները։ ԱՀԿ գործադիր կոմիտեն ներառում է 30 պետությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ կազմակերպությանն անդամակցում է 194 երկիր։