Առաջադրողը Ազգային ժողովում ներկայացված ուժերն են.Դավիթ Խաժակյանը՝ Էդմոն Մարուքյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
Քաղաքական
Արմեն Սարգսյանը երեկ՝ դեկտեմբերի 23-ին հայտարարություն տարածեց ՀՀ նախագահի պաշտոնից՝ իր հրաժարականի մասին։ Մամուլում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ նախագահի թեկնածուներից մեկն էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Արմեն Սարգսյանի հրաժարականի և Մարուքյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականության մասին ArmDaily.am-ը զրուցեց ԼՀԿ կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ։
-Ինչո՞վ եք պայմանավորում Արմեն Սարգսյանի հրաժարականը։
-Ես կարող եմ ենթադրել, որ ավելի շատ պատճառները կապված են իր առողջության հետ, անձնական պլանների, քան նախագահական լիազորությունների, որովհետև ի վերջո, այսքան տարի պրն Սարգսյանն իր աշխատանքը կատարել է և կարծում եմ՝ ներկայացուցչական նախագահ է եղել։ Նախագահումից առնվազն քաղաքացիները նաև երբ ներկայանում էր արտերկրում՝ չեմ ամաչել, բայց հիմա պրն Սարգսյանը, կարծում եմ, պայմանավորված ոչ քաղաքական հանգամանքներով այսպիսի որոշում կայացրեց։
-Իր հայտարարության մեջ պրն Սարգսյանը հիշատակում էր, որ իր լիազորությունները չեն բավարարում ՀՀ պետականությանն ու ազգային շահին վնասող որոշումները չեղարկելու, դրանց հակազդելուն, ինչպես նաև, որ իր ընտանիքի անդամները թիրախավորվում են։ Արդյո՞ք այստեղ քաղաքական դրդապատճառ չեք տեսնում։
-Դա մենք գիտենք, որ ևս ճիշտ է, որովհետև երբ այս Սահմանադրությունը գրվում էր, ամեն ինչ արվեց, որպեսզի լինի սուպեր վարչապետական համակարգ և նախագահի դերակատարումը հնարավորինս նվազեցվեց, բայց, այդուհանդերձ, իմ տպավորություններն եմ ասում, ես շատ կցանկանամ, որ այդպես չլինի, եթե պարզվի, որ պրն Սարգսյանը առողջ է և պատճառները միայն քաղաքական են, բայց դրանք միայն ենթադրություններ են։
-Սարգսյանի հրաժարականի հայտարարությունից անմիջապես հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ Ձեր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նախագահի հավանական թեկնածուներից մեկն է, նրան առաջարկվել է ու նույնիսկ նա իր համաձայնությունը տվել է։ Նման լուրերը իրականության հետ աղերս ունե՞ն, Ձեր կուսակցության ներսում այդ հարցը քննարկվե՞լ է։
-Գիտեք, մեր մամուլն արդեն Մարուքյանին ընտրել է վարչապետ և այդտեղ որևէ մեկնաբանելու բան չկա։ Ինչ-որ գրել է մամուլը՝ ավելի լավ ձևակերպում դրան տալ չեմ կարող, մամուլը արդեն Մարուքյանին նշանակել է նախագահ։ Ի՞նչ մեկնաբանեմ։
-Բայց Ձեր կուսակցության ներսում նման քննարկումներ գնացե՞լ են արդյոք, դիտարկո՞ւմ եք Էդմոն Մարուքյանի՝ նախագահի թեկնածու ներկայացվելու հավանականությունը։
-Առաջադրողը Ազգային Ժողովում ներկայացված ուժերն են՝ մենք ի՞նչը քննարկենք։
-Հավանական համաո՞ւմ եք, որ խորհրդարանական ուժերից որևէ մեկը կարող է առաջադրել Մարուքյանի թեկնածությունը։
-Տեսնում եմ, բայց հավանականություն տեսնելով մեկնաբանելը կամ մամուլի կողմից գրելը պետք է ինչ-որ հիմք ունենա, չէ՞։
-Այսինքն, հիմա այդ հիմքը չկա՞։
-Եթե Մարուքյանը համաձայնած լիներ դրան և իրենց հարցնեին՝ նա կհաստատեր դա, եթե ինքը չի հաստատել այդ ինֆորմացիան, որ ինքն արդեն առաջարկել է՝ ինքը համաձայնել է, ինձ հետաքրքիր է որտեղի՞ց։ Նույն ձև Մարուքյանին նշանակեցին գլխավոր դատախազ, հետո Մարդու իրավունքների պաշտպան, հետո ասեցին հաջորդ վարչապետն է, հիմա էլ նախագահ են նշանակում։
Հայկա Ալոյան