Կարծո՞ւմ եք, որ 6 ամիս շարունակ Ռուբինյանը Թուրքիայում զմայլվել է Բոսֆորի տեսարաններով և ծովամթերքներով ռեստորան է միայն այցելել. Հայկ Դեմոյան
Քաղաքական
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում, որի շուրջ ողջ շաբաթվա ընթացքում քննարկումներ եղան Ազգային ժողովում: Իշխող ուժը՝ հանձինս ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, ով հենց գլխավորում էր Մոսկվայի բանակցությունները, պնդում են՝ բանակցություններն առանց նախապայմանների են:
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ասաց, որ Թուրքիայի՝ իր նախապայմաններից հրաժարվելը մի քանի հարթության վրա է պետք դիտարկել:
«Եթե դա փորձենք համարժեքության համատեքստի մեջ դիտել, այսինքն որքանով են Հայաստանի և Թուքիայի՝ որպես երկրների կարգավիճակի համարժեքությունը և ակնկալիքների համարժեքությունը: Օրինակ՝ ինչ է ստանում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելով, և չունենալով, ասենք, անմիջական կապ Ադրբեջանի հետ: Որպես այդպիսին՝ այդ «ապրանքը, իրեն վաճառելու հետաքրքրություն չկա:
Եթե նախապայմանների առումով դիտարկենք՝ այդ սահմանների հարցը արհեստական ձևովորված օրակարգ է այս պահի համար, և ցանկացած պահի սահմանագծի հաստատումը, դրա վերանայումը միջազգային հարաբերություններում նոր անվտանգային իրավիճակի դեպքում կարող է փոփոխվել: Այսինքն՝ Հայաստանի կողմից կճանաչվի սահմանգիծը, թե ոչ, Թուրքիայի համար էական չէ:
Նույնը նաև Ցեղասպանության պարագայում. հիմա երբ մեծ քանակությամբ երկրներ, այդ թվում խոշորները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, արդեն ճանաչել են, Թուրքիայի կողմից այդ նախապայմանը արդեն 30-40 տարվա մնացուկային նախապայման է, որը ծիծաղելի է արդեն, եթե այդպիսի նախապայման է դրվում Թուրքիայի դեմ և կրկնակի ծիծաղելի կլինի, եթե ներկա իշխանությունները այդ նախապայմանին գնան: Դա մի քիչ տրագիկոմեդիայի ժանրից կլինի»,- ասաց Դեմոյանը:
Նա նշում է, որ առավել կարևոր կլինի, երբ թուքական կողմը ունենա և պնդի իր ակնկալիքները Սյունիքով Ադրբեջանի հետ ուղղակի հաղորդակցվելու իրավունքի մասին:
«Դա արդեն, կոպիտ ասած, որպես ապրանք գնելու համար կարող է հետաքրքիր լինել Թուրքիայի համար: Մնացած առումներով՝ մենք տեսնում ենք հայկական կողմի հրապարակի վրա միակողմանի և չափից ավելի խիստ շեշտադրված ցանկությունը: Առևտրի պարզ հարաբերություններում, երբ գնորդը խիստ հետաքրքրություն է ցուցաբերում ապրանքի նկատմամբ, վաճառողը, որ գին չի ասել այդ ապրանքի համար, տեսնում է հետաքրքրությունը՝ ավելի է գինը բարձրացնում: Ինչը և անում է Թուրքիան»,- ասաց Դեմոյանը:
Ինչ վերաբերում է Ռուբինյանի թեկնածությանը, և նրա անվան շուրջ բարձրացած աղմուկին, մասնագետը նշեց, որ ՝ Ռուբինյանի ներկա դերակատարությունը արդեն կանխորոշված է եղել:
«Դուք կարծո՞ւմ եք, որ 6 ամիս շարունակ՝ 2017-ի նոյեմբերից մինչև 2018 թվականի ապրիլը, Ռուբինյանը զմայլվել է Բոսֆորի տեսարաններով և ծովամթերքներով ռեստորան է միայն այցելել: Իհարկե ոչ: Ռուբինյանը երբեք ինձ չի կարող ապացուցել, որ 6 ամսվա ընթացքում իրենով չեն հետաքրքրվել: Ուղղակի կամ անուղղակի շփում 100 տոկոսով կարող եմ երաշխավորել, որ եղել է համապատասխան մարմինների և ծառայությունների կողմից: Այսինքն՝ Ռուբինյանի ներկա դերակատարությունը արդեն կանխորոշված է եղել, իմ դիտարկմամբ: Ըստ սցենարի՝ Ռուբինյանը պետք է Հրանտ Դինքի հիմնադրամով գնար Ստամբուլ, որպեսզի այնտեղ նախապատրաստեր իր կարգավիճակը այս գործի համար: Իսկ որ այս գործընթացի սպասարկող անձնակազմի մեջ մենք տեսնում ենք նաև այլ անձանց, ովքեր նույն հիմնադրամից գրանտներ են ստացել, ես տեղյակ եմ՝ այդ գրանտների գումարները որ խողովակներից են գալիս: Մենք ունենք նաև սփյուրքահայեր, ովքեր նույն «Հրանտ Դինք» հիմնադրամի հոգաբարձուների կազմի մեջ են և հրաշքով իրենք հայտնվել են նաև Ծիծեռնակաբերդում՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ: Տեսնում ենք մի բավական լավ հյուսված, մարդկանց և դերակատարումների փոխկապակցված շղթա, որտեղ նույնիսկ դավադրության տեսություններն են շատ փոքր դիտվում»,- ասաց Դեմոյանը:
Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին և Հայաստանի արտգործնախարարին հրավիրելուն՝ Դեմոյանը ասաց, որ դա «մանրադրամ է, որը Թորքիան շաղ կտա»:
«Թուրքիան ցույց է տալիս, թե ինչ դրական է տրամադրված և այդ մանրադրամով ինքը գնում է հանրային կարծիք: Մեզ մոտ առաջացնում է անտեղի, կամ նույնիսկ տեղի ոգևորություն:»,- ասաց մասնագետը:
Նա նշեց, որ այժմ շատ է քննարկվում ինքնաթիռային հաղորդակցությունը բացելու թեման, սակայն դա նորություն չէ, որովհետև շաբաթը մեկ անգամ թռիչքներ դեպի Ստամբուլ եղել են:
«Այլ բան է, որ հիմա ինչ-որ կոմունիկե հուշագիր ստորագրվեր հայկական կողմի հետ, որ այս պահից սկսած երկու կողմերը աշխատանք տանեին երկաթուղաղային հաղորդակությունը վերագործարկելու համար: Դա ամենակարևորն է այսօր: Գետնի վրա բեռնափոխադրումը սևծովյան նավահանգիստներից, որը Հայաստանի համար շահագրգռվածություն համար մեկն է այս պահին: Բայց Թուրքիան կրկին շաղ է տալիս այդ մանրադրամները. Անթալիա հրավեր, ինքնաթիռների թռիչք և այլն, և այլն: Այս պահի դրությամբ թուրքական կողմից չկա որևէ հայտարարությունը, որը խոսում է սահմանը բացելու նպատակայնության մասին, ընդհակառակը»,- ասաց Դեմոյանը:
Նա նաև նշեց, որ հարաբերությունների հաստատման գործընթացի հաջողելը կամ տապալելը կապված է ռուս-թուքական հարաբերությունների հետ:
«Տեսեք՝ Ուկրաինայում այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել : Այստեղ պետք է հասկանանք՝ արդյոք Թուրքիան իրեն չեզոք կպահի, թե ոչ: Հիշում եք՝ Իրաքի պատերազմի ժամանակ Թուրքիան հնարավորություն չտվեց ամերիկյան, ՆԱՏՕ-ի ուժերին, որպեսզի հյուսիսից՝ Թուքիայի տարածքից մուտք գործեն Սիրիա: Աննախադեպ շոկային էֆֆեկտ ունեցավ սա Վաշինգտոնում: Ռուսատանը այժմ ամեն կերպ փորձում է, որպեսզի հնարավոր սրացման դեպքում՝ Արևմուտքի և Ռուսաստանի բախման, լայնածավալ պատերազմի դեպքում, Թուքիան գոնե ճակատ չբացի Ղրիմում և Կովկասում:
Ամբողջ հարցը այն է, թե արդյոք Թուրքիան չեզոք կպահի իրեն Արևմուտք-Ռուսաստան թեժացումից: Այս հարցում պետք է նաև հաշվի առնենք այն, որ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ անդամ երկիր, դաշինքի այլ երկրների պատերազմում լինելու դեպքում որպես դաշնակից պետք է մասնակցի ցանկացած գործողության՝ դա կլինի ռազմական, շռջափակման և այլ գործողություններ: Այս ծիրի մեջ պետք է տեսնենք զարգացումները մեր տարածաշրջանում»,- ասաց Դեմոյանը:
Արփինե Պետրոսյան