Եթե նրանք իրոք մտահոգված էին Արցախի ճակատագրով, ապա ի՞նչն էր պատճառը, որ արցախյան պատերազմի ժամանակ ապստամբություն չարեցին. Ավետիք Իշխանյան
Հասարակություն
«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր ՊՊԾ գունդ ներխուժման ժամանակ ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում:
Հրապարակախոս, «Հայաստանի հելսինկյա կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ անցյալ տարի Արմեն Բիլյանի հետ ծանոթանալուց և նրան լսելուց հետո անձամբ է փորձել հետաքրքրվել «Սասնա ծռերի» այդ դրվագով։
«Մեկ բան փաստ է, ոստիկանի հրազենային վիրավորում ստանալու պահին, Արմեն Բիլյանը կոնկրետ այդ տարածքում չի եղել։ Ես կարծում եմ, որ 2016 թվականին ՊՊԾ գունդը գրավողների մեջ եղել են անկեղծ հայրենասեր մարդիկ, ովքեր միամտաբար մտածել են, որ պայքարում են Արցախի համար, ընդդեմ, այսպես կոչված «Լավրովի պլանի»։ Նրանցից են եղել Պավլիկ Մանուկյանը, Արմեն Բիլյանը և ուրիշներ։ Իհարկե, սա նրանց չի զրկում պատասխանատվությունից։ Բայց ամեն ոք պետք է կրի իր պատիժը՝ արարքին համապատասխան։ Այլ հարց է կազմակերպիչների մոտիվները»,-ասաց Իշխանյանը:
Հրապարակախոսը հավելեց, եթե նրանք իրոք մտահոգված էին Արցախի ճակատագրով, ապա ի՞նչն էր պատճառը, որ արցախյան պատերազմի ժամանակ, ինչպես և պարտությունից հետո, ապստամբություն չարեցին։
«Եվ այս համատեքստում եմ տեսնում հնարավոր անմաքուր գործարքը և Արմեն Բիլյանի նկատմամբ անարդար դատավճիռը»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը:
Հայկա Ալոյան