Այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար. Վազգեն Պետրոսյան
Քաղաքական
Նախօրեին Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների ու ընդդիմության հիմնական դիմակայման թեմաներից մեկը՝ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գոծակալ լինել, չլինելու քննարկումներն էին: Բանը հասավ նրան, որ Ստամբուլյան ազգանունը կրելը դիտարկվեց որպես Թուրքիայի հետ կապ ունենալու փաստարկ:
Թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուբինյանի՝ ազդեցության գործակալ լինել կամ չլինելը կարող է փաստել միայն ԱԱԾ-ն:
«Եթե այդ հարցը ընդհանրապես իրենց հետաքրքրի։ Իսկ վերլուծելով այսօրվա իշխանության ընդհանուր վարքագծերը, կարելի է ասել, որ այսօրվա իշխանությունը, իր ամբողջական կազմով, ազդեցության գործակալ է ամբողջ աշխարհի համար, բացի Հայաստանի և Հայ ժողովրդի համար։ Վկա՝ մեր կորցրած Արցախի հողերը, վկա՝ մեր հազարավոր զոհերը, վկա՝ այսօրվա հայ ժողովրդի բարոյահոգեբանական գահավիժումը»,-ասաց Պետրոսյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք բավարար կարելի է համարել խորհրդարանական ընդդիմության քաղաքականությունը իշխանության հետ դիսկուրսում, ասաց. «Ընդդիմությունն իր գոյությամբ այսօր օրինականացնում է այսօրվա իշխանությունների գոյությունը։ Այսօրվա ընդիմությունը դժբախտաբար ինքնուրույն չէ և չի կարողանում հստակ ծրագիր կազմել, այս իշխանություններին կամ կարգի հրավիրելու, կամ հեռացնելու։ Կարծես թե այդ ազդեցության գործակալներից մի քանիսն էլ այդտեղ են նստած»:
Հայկա Ալոյան