Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում. Ավետիք Իշխանյան
Քաղաքական
Հրապարակոս, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից մի շարք լրագրողներին վերբալ մարմնավաճառ անվանելու փաստին, ասաց, որ այդ արտահայտությունը պատահական չի համարում:
«Այդ պատգամավոր կոչեցյալի վիրավորական, ցինիկ արտահայտությունը, պատահական չեմ համարում։ Սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է։ Հիշենք անցյալ տարի, նույն իշխանական պատգամավորների և նախարարների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ․ «Ես ձեզ հոսանքազրկել եմ», սրճարանում նախարարի կողմից լրագրողին բռնության ենթարկելը, լրագրողների ձեռքից ձայնագրիչ, հեռախոս առևանգելը։ Շարքը կարելի է շարունակել»,-ասաց Իշխանյանը:
Հրապարակախոսը շեշտեց, որ այս ամենն իշխանության կողմից որևէ գնահատականի չի արժանացել, հատկապես վարչապետի գրպանային, այսպես կոչված իրավապահ մարմինների լռության մասին։
«Հայաստանում տիրում է անպատժելիության մթնոլորտ։ Ավելին, համոզված եմ, որ իշխող կլանի ներսում, այս ամենը խրախուսվում է, և այդպիսի արարքներ գործողներն ավելի վստահելի են դառնում վարչապետի համար։ Այնպես որ, լրագրողական կազմակերպությունների հերթական, կամ՝ հերթապահ հայտարարությունը ոչ մի արդյունք չի տա։ Իսկ այդ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներից ոմանք, այս ամենը տեսնելով, շարունակում են աջակցել այդ նույն իշխանությանը»,-ասաց Իշխանյանը:
Հայկա Ալոյան