Հնարավոր է վառելիքի ներկրումը Հայաստան որոշ ժամանակով դադարեցվի․ տնտեսագետ
Տնտեսություն
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը երեկ ճեպազրույցի ժամանակ ահազանգեց, որ շուտով հեղուկ և բնական գազի գների աճ է սպասվում։ Վերջին մեկ տարվա ընթացքում այս աճը ամեն ամիս ավելանում է։
ArmDaily.am-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված վառելի այսքան մեծ աճը վերջին մեկ տարվա ընթացքում։
«Հեղուկ վառելիք ներկրում ենք Ռուսաստանից, Իրանից և Իրաքից։ Իրանից և Իրաքից ներկրման թիվը նվազել է։ Հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում հեղուկ վառելիքի գները բարձրացել են, դրան գումարած թանկացել է նաև տրանսպորտային ծառայությունները։ Դեկտեմբեր-հունվար ամիսներին նույն Լարսում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում, ճանապարհը փակվում է, բեռնատարները կանգնում են և դրանով պայմանավորված հնարավոր է դեպի Հայաստան ներկրումները որոշ ժամանակով դադարեցվեն, կարող է առաջանալ նաև պակասուրդ շուկայում»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Պարսյանն ասում է, որ հիմնական վառելիք ներկրողները, որոնք ցանցով վաճառում են, վաճառում են նաև այլ տնտեսվարողների, որոնք մանրածախ վաճառքով են զբաղվում։
«Հիմա, քանի որ չեն կարողանում ներկրել, խնդիրներ ունեն ներկրելու՝ իրենց ձեռք բերված վառելիքն իրենք են վաճառում, ուրիշներին չեն տալիս։ Դա է նաև պատճառը, որ օրինակ մի շարք տեղերում վառելիք չկա։ Նրանք ներկրողից առնում են, վաճառում են, իսկ հիմա ներկրողը նրանց չի տալիս, ներկրողը պահում է, որ գոնե իր գազալցակայաններում գազ ունենա մինչև հաջորդ ներկրում»,-ասաց Պարսյանը։
Ըստ տնտեսագետի՝ սա շուկայում որոշակի խուճապ կարող է առաջացնել։
«Չնայած մրցակցության հանձնաժողովը հայտարարում է, որ մենաշնորհներ չկան մեր շուկայում, բայց կան մի քանի տնտեսվարողներ, ովքեր իրենց ազդեցությունն ունեն շուկայի վրա»,-նշեց տնտեսագետը։
Հարցին, թե արդեն իսկ թանկ վառելիքը էլ ինչքան պիտի թանկանա ու ինչպես է ազդելու այն սպառողների վրա, պատասխանեց․ «Եթե երկար ժամանակ խնդիր լինի և երկար ժամանակ չկարողանան վառելիք ներկրել բնականաբար գները կշարունակեն աճել, բայց այս պահին, թե որքան կբարձրանա չենք կարող գնահատել։ Հեղուկ վառելիքի գները նաև կապված են միջազգային շուկայում առկա գների հետ, նավթի գնի հետ, օրինակ սեղմած գազի գինը համաշխարհային շուկայում 1000 դոլար է, բավականին թանկ է։ Պետք է հասկանանք, որ եթե Ռուսաստանի շուկայում գազի գինը թանկացել է, այստեղ ավտոմատ թանկանալու է»,-եզրափակեց նա։
Սեդա Մակարյան