Պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն. Հովհաննես Քոչարյան
Իրավական
Արդեն 6 ամիս է, ինչ Հայաստանում գործում է Պարեկային ոստիկանություն, և ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծառայության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել։ Երեկ կառավարության նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը համեմատականներ տարավ ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և Պարեկային ոստիկանության աշխատանքների միջև՝ նշելով, որ ոչ սթափ վարելու համար կազմված արձանագրությունները եղել են 565-ը, իսկ Պարեկային ոստիկանության կողմից կազմվել է 1917 արձանագրություն: 7 անգամ աճել են ձայնային ազդանշաններով կամ ապօրինի փարոսիկներով երթևեկության խախտումները և այլն։
ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պարեկային ոստիկանության աշխատանքներին՝ Փաստաբան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ մեկ բան է պարեկային աշխատանքի գնահատումը գերատեսչական չափորոշիչներով, մեկ այլ բան է՝ Հայաստանի սովորական քաղաքացու աչքերով։
«Քաղաքացու համար կարևոր է անվտանգության զգացողությունը։ Եթե պարեկային ծառայողների գործողությունները մեր անվտանգության զգացողության մակարդակը բարձրացրել են, հանրային ընկալման մեջ նման մոտեցում կա, իհարկե, դա ողջունելի է։ Ես թողնեմ այդ գերատեսչական հաշվետվությունները և ասեմ, որ պարեկային ծառայության արդյունավետությունը որոշելու համար մի քանի բան պետք է պարզել. առաջինը՝ արդյոք նրանց գործունեությունը նպաստում է իրավախախտումների կանխարգելմանը, այսինքն՝ արդյոք նրանց հաջողվում է զսպել որոշ տեսակի իրավախախտումներ, թե ոչ։ Երկրորդը՝ արդյոք պարեկային ծառայողները տիրապետում են անձին արագ նույնականացնելու բոլոր տեխնիկական հնարավորություններին, օրինակ՝ դիմապատկերով անձին նույնացնելու հնարավորություններին, որը նախատեսված էր ծրագրով, և որի ուժով էլ նրանք ճանապարհային երթևեկության խախտման համար հետիոտներին են տուգանում։ Երբ են պատրաստվում անցում կատարել, օրինակ, վարչական իրավախախտումների էլեկտրոնային արձանագրումներին։ Վերջապես երբ են նրանք լիարժեք հանցագործության մասին ահազանգերը դեպքի վայր ժամանելով ստուգումներ իրականացնելու, որովհետև մեկ այլ բան է ունենալ ճանապարհային պարեկներ, որոնք երթևեկության կանոնների նկատմամբ են հսկողություն իրականացնում, մեկ բան է, երբ ունենում ես շտապօգնության պես աշխատող ծառայություն՝ հանցագործության մասին հաղորդումներով զբաղվող»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ մենք պետք է տեսնենք, թե երբ է տեղի ունենալու այս տրանսֆորմացիան, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք հանցագործությունների կանխարգելելուն գնաց համակարգը, թե ոչ։
«Բալային օրենսդրության հետ զուգահեռ պարեկների աշխատանքը, օրինակ, բալային օրենսդրության նկատմամբ հսկողությունը բարձրացրե՞ց։ Ոչ, չբարձրացրեց։ Եթե նման կարգի վերլուծություններ էլ մենք լսենք մասնագետներից՝ արդեն պատկերը լիարժեք պարզ կլինի։ Թե չէ, ճիշտ է՝ վարչապետի ներկայացրած թվերը շատ տպավորիչ էին, բան չունեմ ասելու, և այդ ամեն ինչը ներփակված էր գերատեսչական հաշվետվողականության կանոնների լույսի ներքո, բայց գերատեսչականից զատ՝ գոյություն ունի նաև արդյունավետությունը որոշելու այլ չափորոշիչներ»,- ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ մեզ պետք չեն պարեկներ ճանապարհներին միայն, ճանապարհային ոստիկանության նախկին պարեկային ծառայությունը այդ խնդիրը շատ լավ իրականացնում էր։ Ըստ Քոչարյանի՝ ՃՈ նախկին աշխատողները ավելի փորձառու էին և մոբիլ։
«Մեզ պետք էր ավելի շատ պարեկային ծառայություն, որը հանցագործության դեպքերով է զբաղվում՝ որպես անհետաձգելի գործողություն։ Եվ պարեկայինի ամբողջ ներուժը չպետք է ուղղված լինի ճանապարհների վրա երթևեկության կանոնների հսկողությանը, պետք է նաև բակերում ավելի շատ երևան, նաև մի շարք իրավախախտումներ կանխարգելեն։ Կամ էլ սկսեն լրացուցիչ պարեկային ուժեր կուտակել, որպեսզի նաև այլ ոլորտներում ևս նրանք կարողանան ծառայություն իրականացնել»,- ասաց իրավաբանը։
Նա կարևորեց նաև համակարգում ծառայողների գրագիտության աստիճանը բարձրացնելը և անհրաժեշտ համարեց համակարգը բարձրագույն կրթություն ունեցող մարդկանցով շատացնելու հարցը, որպեսզի նրանց վերաորակավորումներն ու վերապատրաստումներն ավելի արդյունավետ լինեն։
Պարեկային համակարգի ներդրման մեկնարկին եղան վթարներ պարեկների մասնակցությամբ, որոնցում նույնիսկ մահվան ելք գրանցվեց։ Անդրադառնալով ոչ խոստումնալից մեկնարկին՝ Քոչարյանը նշեց, որ դա խոսում է պարեկների պատրաստվածության ընթացակարգերում առկա մի շարք խնդիրների և բացթողումների մասին։
«Պարեկների հետ հատուկ աշխատանք է պահանջվում տակտիկական հմտությունների, որի վերաբերությամբ ժամանակին կային մշակված ծրագրեր, հիմա կան, թե չկան՝ ես արդեն չեմ կարող ասել։ Մենք այդ խնդիրը տեսանք պարեկների մոտ, որը մի քիչ հիասթափեցնող էր, բայց հույս ունեմ ոստիկանությունը այդ բացերը արդեն փակած կլինի, որովհետև համակարգը անընդհատ զարգացման տեմպի մեջ պահվի, միտումները պետք է հուսադրող լինեն»,- ասաց Քոչարյանը։
Լինելով պարեկային կոնցեպտի հեղինակ՝ Քոչարյանը նշեց, որ մի փոքր այլ ուղղություններով կտաներ համակարգը։
«Նրանց կարելի էր ավելի թիրախային օգտագործել»,- ընդգծեց նախկին փոխոստիկանապետը։
Արփինե Պետրոսյան