Հիսուս Քրիստոսի արձանը՝ մեզ պահապան. ինչ զբոսաշրջային էֆեկտ կունենա կոթողը աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ապագա ունեցող երկրում
Խմբագրական
Մի քանի օր է՝ հանրային քննարկումների կիզակետում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու թեման է։ Քննադատեցին, գովերգեցին, առաջարկեցին, մերժեցին, իսկ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանն է անդրադարձել թեմային՝ ի մի բերելով հնչած կողմ եւ դեմ փաստարկները։
Գնահատելով ԲՀԿ առաջնորդի՝ որեւէ օգտակար, արժեքավոր գործ անելու ցանկությունը՝ միաժամանակ, որպես հանրություն իրավունք ունենք մեր կարծիքը ներկայացնել արձանի վերաբերյալ։
Այո, իրավացի են նրանք, ովքեր ասում են՝ իր գումարն է, ինչ ուզում է կանի, բայց եթե մարդը ցանկանում է հայրենիքի, պետության, ժողովրդի համար որեւէ օգտակար բան անել, մենք իրավունք ունենք մեր առաջարկները, պնդումները ներկայացնել, հնարավոր է դրանցից որեւէ մեկը ընդունվի։
Երկրորդ՝ պնդումը, թե երկրում այնքան առաջնահերթ խնդիրներ կան՝ լուծման սպասող, ինչի գումար ծախսել արձանի վրա, միանշանակ իրականության մեջ գոյություն ունենալու իրավունք ունի։ Իհարկե, ԲՀԿ առաջնորդն էլ սեփական փաստարկները ունի, որ ինքը միշտ թե բանակին, թե Արցախին է օգնել, թե գործազուրկներին, թե ուսանողներին՝ բոլորին, բոլորին...։ Ամեն դեպքում՝ այսօր օգնության կարիք ունեցողները շատ են, իսկ օգնությունը երբեք բավարար կամ շատ չի լինում, այնպես որ այսօր արձան կանգնեցնելու առաջնահերթության հարցը առանձնակի քննարկման կարիք ունի։
Երրորդ հիմնական կռվանը այս բանավեճում այն է, որ այս արձանը կարող է ապահովել զբոսաշրջային ներհոսքեր, մարդիկ կգան Հայաստան, արձանի մոտ կնկարվեն, գումարներ կծախսեն, տնտեսական ակտիվություն կապահովվեն...։ Նման կամ հակառակ պնդում անելու համար առնվազն լուրջ հաշվարկներ կամ մասնագիտական վերլուծություն է պետք, օրինակ՝ դուք կգնա՞ք որեւէ երկիր արձան տեսնելու, նկարվելու համար՝ դժվար, կգնանք որեւէ երկիր այդ երկիրը տեսնելու, բացահայտելու համար, հետո հնարավոր է ձեռքի հետ էլ այդ արձանը տեսնել...։Բայց մինչեւ արձան կանգնեցնել եւ դրանով հիացնել աշխարհին, պատմել, թե ինչ բացառիկ է այն, ինչ ռեկորդային չափանիշներ ունի, ինչպես է այն ապացուցում առաջին քրիստոնյա ազգը լինելը եւ այլն, այսօր գերխնդիրը նախ երկիր կառուցելն է, հայրենիքը, պետականությունը պահպանելը, որ նախ մեր հայրենակիցները մնան այստեղ, ապրեն, արարեն, շենացնեն երկիրը, հետո էլ ակնկալենք զբոսաշրջիկների այցելություն։ Աղքատ, դատարկվող, թույլ, պատերազմի մեջ գտնվող, անհասկանալի ներկա եւ անորոշ ունեցող երկրում արձանը ի՞նչ տնտեսական էֆեկտ կարող է ունենալ...։
Իհարկե, մարդկային առումով հասկանալի է Ծառուկյանի ցանկությունը որեւէ էքսլքյուզիվ, բացառիկ, մնայուն արժեք ստեղծելու եւ պատմության մեջ մնալու համար, իսկ արձանը ամենահեշտ ուղին է դրան հասնելու, բայց մեր մարտահրավերներն այլ են...պատմության մեջ կմնանք մենք բոլորս՝ այսօր ապրողներով՝ որպես դավաճանությունը, հայրենիքի կորուստը հանդուրժողներ, մեր հազարամյակների պատմությունը, մշակույթը ոչնչացնողներ կամ անդունդի եզրին հայտնված Հայաստանը գերմարդկային ջանքերով փրկող հերոսներ։
Ի դեպ, այս առումով քննարկումներ կան նաեւ հոգեւոր, մշակութային մակարդակում, թե նոր արձան վերականգնելու փոխարեն մեր պատմամշակութային կոթողները վերականգնեք։ Այս տեսակետը եւս ապրելու իրավունք ունի, որովհետեւ եթե խնդիրը զբոսաշրջությունը զարգացնելն է, նորը սարքելու փոխարեն, կարելի է հները վերականգնել, ենթակառուցվածքներ զարգացնել, Հայաստանը գրավիչ դարձնել եւ այլն։ Կա նաեւ երկրորդ թեզը, որ արձան կանգնեցնելու փոխարեն քրիստոնյային վայել կյանքով ապրեք, բայց վերջին փաստարկը այդքան էլ կապ չունի նախաձեռնության հետ, հիմա Ծառուկյանը չի հայտարարել, որ քրիստոնեական արժեքների նկատմամբ սերը, հարգանքը ստիպում է իրեն արձան կանգնեցնել եւ մենք չենք էլ կարող պահանջել ԲՀԿ առաջնորդից արձան կանգնեցնելու փոխարեն աստվածավախ կյանքով ապրել...արձան կանգնեցնելը ամենեւին էլ կապ չունի մտքի, խղճի, կրոնի ազատության ձեւերի հետ, նախաձեռնության հիմքը եւ նպատակը առաջնահերթ տնտեսական կոմպոտենտն է, իսկ թե ինչ հոգեւոր արժեքներ ունի արձան կանգնեցնողը դա սուբյեկտիվ դաշտում է՝ այս թեմայի քննարկման տիրույթից դուրս եւ իրավունք էլ չունենք որեւէ պահանջ ներկայացնենք։
Վերջիվերջո, նորություն չէ՞ որ իբրեւ հանրություն, ազգ, ժողովուրդ մեզ համար առաջնահերթ է եղել ձեւը, ոչ թե բովանդակությունը, մենք սիրում ենք խմել բանակի կենացը, բայց երեխաներին բանակից ազատել, մարտի 8-ին կանանց գովերգել, իսկ ամբողջ տարի նրանց տանջել...սա է այսօրվա մեր արժեհամակարգը եւ պատահական չէ, որ աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելու հանգամանքը փորձում ենք ապացուցել վսեմաշուք արձանով, ոչ թե քրիստոնեական կյանքով, Հայ առաքելական եկեղեցուն պատվավոր տեղ հատկացնել, քրիստոնեական արժեքները պահպանելով եւ փոխանցելով...։ Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու լուրին նախորդած լուրը մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը պղծելու մասին էր...։