Սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Քաղաքական
Երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափեց Արցախի՝ հայկական լինելու վերաբերյալ պնդում անել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը հիշեցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել, թե առանց Արցախի Հայաստան չկա։ Փաշինյանն հայտարարեց, որ իրենք ասելիքը կառավարության ծրագրում կա։
ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արթուր Ղազարյանը մտահոգիչ է համարում այն, որ ուղիղ հարցին վարչապետը պատասխանում է՝ կառավարության ծրագրում գրված է կառավարության դիրքորոշումը։
«Այսինքն՝ երբ հարց է տրվում Արցախի հետ կապված՝ առանց Արցախ չկա Հայաստան, այս հարցի պատասխանը ուղղակի ենթադրում է, որ պետք է պատասխանը լիներ մեկ բառ՝ այո։ Բայց սա մտահոգելու տեղիք է տալիս, երբ նման հարցից խուսափում են։ Եվ երկրորդը՝ սա կրկին ինչ-որ ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին է խոսում, ցավոք սրտի»,- ասաց քաղաքագետը։
Նա նշում է, որ այս ամենը խոսում է ոչ հայանպաստ քաղաքական գործընթացների մասին։
«Արցախի շահերի, արցախահայության շահերի անտեսման մասին է սա խոսում։ Այս պարագայում թողնվում է Արցախի և արցախահայության ճակատագիրը անորոշության, իսկ դա պարզ է, որ հայտնվելու են նրանք թուրք-ադրբեջանական տանդեմի երախներում»,- ասաց Ղազարյանը։
Այս քառօրյային քննարկվող թեմաներից մեկը օրեր առաջ տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումն էր, որում մեր պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր։ Հարցին՝ արդյոք այս հայտարարությունները կարող ենք կապել Հայաստան-Թուրքիա բանագնացների հանդիպման հետ՝ քաղաքագետը պատասխանեց. «Ինչու ոչ։ Կարելի է նաև կապ տեսնել։ Եվ դա արդեն, փաստորեն, թուրքական նախապայմաններից մեկն է, որ Հայաստանի իշխանությունը հայտնում է իր դիրքորոշումը»։
Դիտարկմանը՝ հայկական կողմը հավաստո՞ւմ է առանց նախապայմանների հանդիպումների մասին, Ղազարյանը բացառեց, որ Թուրքիան առանց նախապայմանների գործընթացը սկսի։
«Ավելին՝ այդ նախապայմաններին մենք գիտենք, որ ավելացել են ուրիշ նախապայմաններ՝ ի դեմս, այսպես ասած, Զանգեզուրյան միջանցքը»,- ասաց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է կառավարության անդամների համառ ժխտումներին այս հարցի շուրջ՝ քաղաքագետը նշեց, որ գործընթացները այլ բան են ցույց տալիս։
«Մենք տեսնում ենք, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և չեն բարձրաձայնվում, օրինակ՝ նույն Մոսկվայի այդ բանագնացների հանդիպումից։ Ինչո՞ւ մեկ-երկու դրվագ չներկայացրեցին։ Չէ՞ որ այնտեղ մի քանի ժամանոց քննարկում է եղել և այնտեղ հարցեր են արծարծվել, բարձրաձայնվել՝ թե թուրքական կողմից, թե հայկական կողմից։ Բայց այդ մասին երկու տողով, պաշտոնական գրություն եղավ՝ երկուստեք առանց նախապայմանների, կառուցողական մթնոլորտում։ Սա ոչինչ չասող բան է։ Ընդհակառակը՝ այն մտահոգությունները, որ միշտ հայտնել են քաղաքագետները կապված Թուրքիայի դիրքորոշումների հետ, կարծեք թե, միս ու արյուն են ստանում։ Այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի հետ հասնում են իրենց մաքսիմում ասածին, ուզածին, պահանջածին»,- ասաց քաղաքագետը։
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ինքը կորոշի՝ կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի։ Անդրադառնալով վարչապետի այս խոսքերին՝ Ղազարյանը նշեց, որ խորհրդարանական երկրի վարչապետը չպետք է նման պատասխան տա։
«Սա նշանակում է՝ հեռանալ, շեղվել, շատ ավելի հեռու գնալ այն խոստումներից, որ ժողովրդավարական արժեքների վրա է կառուցվելու Հայաստանի ապագան։ Սա ճիշտ հակառակն է, երբ միանձնյա են որոշումները կայացվում։ Բացի այն, որ գործընթացները փաստում էին այն մասին, արդեն վարչապետի բերանից է դուրս գալիս այդ ամենը, որ ինքն է որոշելու»,- ասաց քաղաքագետը։
Արփինե Պետրոսյան