Կատակասեր նախարարը, մանկամսուրային «չարաճճիություն» անող պատգամավորը եւ ԱՄՆ մեկնելու համար ակցիա անող հայրենակիցները. սա ոչ խենթանոց է, ոչ մանկապարտեզ, սա մեր ծուռ իրականությունն է
Խմբագրական
Հայաստանում իրականությունն այնպես է գլխիվայր շրջվել, որ մեկ-մեկ տպավորություն է, թե դեռ վատ երազում ենք կամ հիմա սառը ջուր կխմենք, կարթնանանք այլ իրականության մեջ։ Իսկ «ծուռ» իրականության առաջին ցուցիչը մեր ներկա իրողության տարօրինակ դեպքերն ու դեմքերն են։ Հիմա երբ ամեն ինչ ծուռ է մեր երկրում, ինչու պետք է ակնկալենք, որ ինչ-որ բան ճիշտ լինի։
Այս տարվա առաջին խորհրդարանական քառօրյան ծուռ իրականության առաջին ցուցիչն է, խորհրդարանական կառավարման երկրում երեք օր է՝ օրենսդիրները քննարկում են Թուրքիայի գործակալ լինել-չլինելու հարցը, մեղադրում եւ վիրավորում միմյանց։ Հիրավի, նախանձելի քաղաքական բանավեճի որակ, որի կուլիմինացիան այսօր ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի «սրամտումն» էր ամբիոնից։ Նա որոշել էր «զվարճանալ» եւ թիրախավորելով ընդդիմադիր պատգամավորի Ստամբուլյան ազգանունը նրան «դավաճան եւ գործակալ» հանել։ Նման որակի «սրամտումների» դեպքում անգամ անիմաստ է բացատրել, որ չի կարելի անձին թիրախավորել անձնական հատկանիշներից ելնելով, եթե կոնկրետ փաստեր կան պատգամավորի գործակալ կամ թշնամու հետ կապեր ունենալու մասին, կամ ազգանունից նման ասոցիացիաներ են առաջանում, Վարդանյանը կարող էր բավարարել իր հետաքրքրությունը համապատասխան հարցեր հնչեցնելով, իր կասկածները իրավապահներին փոխանցելով։ Իսկ ԱԺ ամբիոնից քամահրական կեցվածքով «Ստամբուլյան, Ստամբուլ» հայտարարելը մոտավորապես վաղեմության ժամկետն անցած հումորների, արարքների, մանկական, դեռահասության տարիքի չարաճճիությունների շարքից է, օրինակ՝ երբ երեխաները հարեւանների դռները ծեծում, փախչում էին, զանգում հեռախոսով, փչում էին, համադասարանցու մազն էին քաշում, լեզու էին հանում միմյանց եւ այլն...։ Վարդանյանի այսօրվա ելույթը այս ժանրից է...։
Բայց նա կարող է շատ չտխրել, իր գործընկերների մակարդակը շատ չի տարբերվում իր մակարդակից, ուստի այսօր երեկոյան անգամ ներկուսակցական շրջանակում իրեն դիֆերամբներ կձոնեն «լավ պորտատեղադրման» համար։ Հաջորդիվ, իհարկե, իշխանությունը կարող է ավելի կրեատիվ դարձնել պայքարի իր զինանոցը՝ օգտվելով նորից հին մեթոդներից, չէ՞ որ լավագույն նորը մոռացված հինն է։ Այսպես, օրինակ, կարող են ընդդիմադիրների աթոռին կավիճ, սոսինձ քսել, աթռոի ոտքը ջարդել...այսպես մի քիչ հետաքրքրություն կմտնի նիստերի օրակարգում, ՔՊ-ականներն էլ կմարզեն սեփական ուղեղի կարողությունները։
Ծուռ իրականություն չէ՞ այն, որ նախարարը ԱԺ ամբիոնից օրենքի նախագիծ է ներկայացնում՝ ծիծաղը չկարողանալով զսպել, մինչդեռ գոնե մեզ համար նախագծում ծիծաղելի դրվագներ չկային։
Ծուռ իրականություն չէ՞ այն, որ Էկոնոմիկայի նախարարը նախ հայտարարում է, որ եթե երկնիշ աճ չլինի՝ հրաժարական է տալու, իսկ այժմ ասում է՝ կատակ է արել։
Ծուռ իրականություն չէ՞ այն, որ մեր մի խումբ հայրենակիցներ բողոքի ակցիա են անում Երեւանում՝ ԱՄՆ մեկնելու համար։ Մեղադրել եւ պիտակավորել նրանց՝ ամենահեշտն է, այդպես նորաձեւ է եւ այդպես ավելի հայրենասեր կարող ես երեւալ։ Բայց այսօրվա ակցիան մեր ամենամեծ ողբերգությունն է, մեր երկրի վախճանի սկիզբը, որ չենք կարողանում այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի մարդիկ չարտագաղթեն։ Նույնիսկ եթե նրանք փոքրաթիվ են, նույնիսկ եթե նրանց կողքին կան պայքարող, հայրենիքում իրենց ապագան տեսնող եւ կերտող մարդիկ, միեւնույն է, մենք պետք է հաշվի նստենք այս իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ ոչ մեկ չի ցանկանում ապրել իր կյանքը աղքատության, պատերազմի, կորուստների վախի, տագնապի ու անորոշության մեջ։ Ոմանք մնում եւ պայքարում են, ոմանք էլ պայքարում են արտագաղթելու համար։ Այսօր փողոց դուրս եկողները արտագաղթել ցանկացողների մի չնչին մասն են, իրականում վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած դեպքերը ժողովրդագրական առումով աղետալի նշանակություն են ունենալու եւ սա ամենասարսափելին է։
Իհարկե, ծուռ իրականությունն այսքանով չի ավարտվում, բոլոր օրինակները ընդամենը մի քանի ժամվա վաղեմություն ունեն...իսկ ծուռ իրականության մասին մտորումները սկսվեցին, երբ մեր ամենակտիվ, ամենաքաղաքականացված, ամենատեղյակ ընթերցողներից մեկը հետաքրքրվում էր, թե «ով է Երեւանի քաղաքապետը», իսկ հետո ինքն իր վրա զարմանալով արձանագրում՝ կպատկերացնեիք երբեւէ, որ երեւանցին իր քաղաքապետին չճանաչի, այն էլ քաղաքի, երկրի կյանքով, հոգսերով ապրող երեւանցին։
Կլինեն տեսաբաններ, որոնք կպնդեն, թե պաշտոնյաներին չճանաչելը խոսում է կյանքի լավ որակի մասին, այսինքն՝ մարդիկ քաղաքականությամբ, պաշտոնյաներով հետաքրքրվելու անհրաժեշտություն չունեն, գոհ են եւ երջանիկ, առողջ են եւ հարուստ, երկիրը ծաղկում է եւ բարգավաճում...բայց սա մեր դեպքը չէ, իսկ թե ինչու՝ բավական է նայել ծուռ իրականության առաջին օրինակները։ Սա արդեն ոչ մանկապարտեզ է, ոչ խենթանոց, սա անիրական քաոս է՝ օրեցօր խորացող եւ անիրական։