Նշե՞լ բանակի օրը և ինչպե՞ս նշել. ռազմական փորձագետի պնդմամբ՝ չնշելը բանակի արժեզրկում է
Քաղաքական
Ամեն տարի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնի առթիվ Հայաստանում մասսայական միջոցառումներ են կազմակերպվում, որոնց նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռեւս ամիսներ առաջ։ Բարձրագույն ղեկավարությունը և ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը շնորհավորում են իրենց ենթականերին, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվում են տարբեր աստիճանի մեդալներով և խորհրդանշական իրերով։ Կազմակերպվում են տոնական ընդունելություններ, այցեր, միջոցառումներ, համերգներ։ Իսկ արդեն տոնի հաջորդ օրը առավոտյան Մայր Աթոռում և եկեղեցու բոլոր թեմերում պատարագ է մատուցվում։
44օրյա պատերազմից հետո այս տոնը այլեւս առաջվանը չէ թե հասարակության ընկալումների, թե պետական մակարդակով նշելու մասով։ 2020 և 2021 թվականներին բանակի տոնի առթիվ փոքրիկ միջոցառումներ եղան զորամասերում և Ազատության հրապարակում։ ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որ Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական մեծ հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի։
ArmDaily.am-ը փորձեց պարզել, թե այս տարի ինչպես է նշվելու այս տոնը։ Մենք կապ հաստատեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կեպերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ պարզելու, թե ինչ է նախատեսում Կառավարությունն այս տարի։
«Զանգեք ՊՆ, Վարչապետի աշխատակազմը ամեն ինչից հո չպիտի տեղյակ լինի, դրա համար հատուկ գերատեսչություն կա»,-ասաց Խաչատրյանը։ Նման զարմանալի պատասխան ստացանք գործադիրից, մինչդեռ համապետական տոնի նախապատրաստական աշխատանքներին Կառավարության աշխատակազմը իր կարեւոր մասնակցությունը ունի։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ, սակայն մեր զանգերը, ինչպես միշտ, մնացին անպատասխան։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անցած տարիներին եւս տոնը նշվել է, պարզապես մասշտաբները այն չէին։
«Բանակի տոնը չնշելը համարում եմ բանակի արժեզրկում։ Համաձայն չեմ այն մտքին, որ բանակի տոնը չի նշվել, պարզապես մասշտաբները այն չէին»,-ասաց Հակոբյանը
Սեդա Մակարյան