Թորոսյան-Ավանեսյան առճակատման նոր շրջափուլը. կսմիթներ նախկին նախարարից՝ ուղղված ներկա նախարարին
Քաղաքական
Առողջապահության նախկին եւ ներկա նախարարների հարաբերությունները շարունակում են ոչ միանշանակ մնալ։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում առցանց ասուլիսի ժամանակ նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել՝ «կսմիթներ» ուղղելով ներկա նախարարին։
Առաջինը վերաբերում է ՊԱԳ-ի ղեկավար Ծաղիկ Վարդանյանին պաշտոնից ազատելուն։ Թորոսյանը հայտարարել է, որ անկախ իր և ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի կամքից՝ Վարդանյանը ոլորտի բարձր պրոֆեսիոնալներից է։
Հիշեցնենք, Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավար Ծաղիկ Վարդանյանի պաշտոնից ազատվել է օրերս, նա նախարարության հնաբնակներից էր, ՀՀԿ-անդամ, 2018-ի իշխանափոխությունից հետո Վարդանյանը կարողացել էր լավ հարաբերություններ հաստատել այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հետ և մնալ իր պաշտոնում։
«Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես պրոֆեսիոնալներին երկրի բարօրությունը զարգացնելուց դուրս թողնելու իրավունք չունենք, և ես իմ լիազորությունների շրջանակներում փորձելու եմ այդ սկզբունքով առաջնորդվել՝ անկախ անուն-ազգանունից և կուսակցական պատկանելիությունից»,- հայտարարեց պատգամավորը։
Ուշագրավ է, որ վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում, որ Թորոսյանը Վարդանյանին ամեն գնով ցանկանում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնում, փաստացի սա բավականին հավանական սցենար է։
Թորոսյանը խոսեց նաեւ հեղափոխական արժեքների մասին, և պատասխանելով հարցին, թե արդյոք Ծաղիկ Վարդանյանին մի պաշտոնից հանելով մյուսին նշանակելով արդյոք այդ արժեքների ոտնահարում չի, Թորոսյանը ասաց. «Հեղափոխական արժեք ա մարդկանց ոչ թե կուսակցական պատկանելիությամբ դիտարկելը, այլ պրոֆեսիոնալ հատկանիշներով, և չանել այնպիսի քայլեր, որով կվնասես առողջապահական համակարգը»։
Երկրորդ «կսմիթը»՝ ուղղված իրեն փոխարինողին կապված էր Սանավիացիայի ուղղաթիռով Սյունիք մեկնելու հետ։ Նախարարը հայտարարել էր, որ հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ, շտապ կերպով, օգտագործվելու է բոլոր միջոցները՝ չմանրամասնելով, սակայն, թե այդ ինչ հրատապ հարցով էր նա գործուղվել Սյունիք։ Նախարարը նաև պետական բյուջեից կատարված ծախսը «միանշանակ նպատակային» էր որակել: Հիշեցնենք, որ Սանավիացիան Հայաստանում ներդրվեց 2019 թվականին՝ պաշտոնական պարզաբանման համաձայն, կյանքեր փրկելու և հիվանդներին հաշված ժամերի ընթացքում հեռավոր մարզերից Երևան տեղափոխելու համար։ Այս ուղղաթիռով տեղափոխելու դեպքերի ցանկը առողջապահության նախարարությունն է սահմանել։
Քանի որ Սանավիացիան օգտագործելու հիմքը հենց Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ է դրվել, նա ասաց, որ ինքը ևս մասնացել է այդ թռիչքներին, ցուցադրել է, թե ինչպես են պատրաստվում այդ ծառայությունը գործարկել։
«Եղել է դեպքերի ցանկ, որի ժամանակ պետք է օգտագործվի Սանիտարական ավիացիան։ Եղել է դեպքեր, երբ ուղղաթիռը պետք է մեկներ վիրավոր տեղափոխելու, ես մեկնել եմ և վերադարձել եմ, կամ չեմ վերադարձել։ Դա ի դեպ օնլայն էլ կա, թե ինչպես եմ պացիենտի հետ գալիս, իջնում Էրեբունու ուղղաթիռի հրապարակ։ Այլ դեպքեր չեն եղել»,- ասաց պատգամավորը։
Լրագրողի հարցին՝ եթե հիվանդ չի տեղափոխում, կարող է նախարարը երթևեկել ուղղաթիռով, Թորոսյանը հրաժարվեց պատասխանել։
Ի դեպ, այս «չպատասխանը» ավելի խոսուն պատասխան է։
Նկատենք, որ Թորոսյան-Ավանեսյան հարաբերությունները բավականին բարդ են, դրանք պարբերաբար լարվում են կամ ջերմանում։ Ավանեսյանը փորձում է ամեն կերպ ազատվել Թորոսյանի շողքից՝ որպես նրա նախկին կադր, իսկ Թորոսյանը իր ակտիվությամբ, գրառումներով, հիվանդանոցներ այցերով շարունակում է Ավանեսյանի «նյարդերի հետ խաղալ»։ Որոշ ժամանակ առաջ երկուստեք հերքել էին հակասություններ ունենալու լուրերը, բայց փաստորեն այս հարցազրույցը ցույց է տալիս, որ այդ հակասությունները կան, համենայն դեպս՝ Ծաղիկ Վարդանյանի ազատման եւ Սանավիացիայի ուղղաթիռով շրջագայելու մասով նախկին նախարարը ներկա նախարարին չի աջակցում։
Արփինե Պետրոսյան