Տեսարաններ՝ հասարակության, հաց՝ պատգամավորների համար․ ԱԺ-ն վերադարձել է
Խմբագրական
8-րդ գումարման Ազգային ժողովը իր ամեն նստաշրջանով, հերթական եւ արտահերթ նիստով ապացուցում է, որ դարձել է մի անգործունակ կառույց՝ պարապ վախտի խաղալիք, որ հասարակության համար ապահովվում է տեսարաններ, պատգամավորների համար՝ հաց։
Հասարակ քաղաքացու աչքով երբ հետեւում ես ԱԺ նիստերին, ամենատհաճ զգացողություններ են առաջանում, հիասթափություն եւ հուսահատություն։ Պատգամավորների՝ դեռահասության մակարդակի աքլորակռիվները, փողոցային ռազբորկաները ցույց են տալիս մեր հասարակության դեգրադացիայի պատճառահետեւանքային ամբողջությունը։ Հիմա կարելի է ցանկացած մասնագետի, անձի պիտակավորել եւ Խորենացու հայտնի «Ողբի» բառերով մոտավորապես արձանագրել, որ «ուսուցիչները տխմար են ու ինքնահավան, կրոնավորները՝ կեղծավոր, վիճակավորները՝ հպարտ, աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, ժողովրդականները՝ ամբարտավան, զինվորականները՝ անարի, իշխանները՝ ապստամբ, դատավորները՝ տմարդի»․․․։ Բայց մենք ի՞նչ ենք պահանջում շարքային քաղաքացիներից, երբ ազգընտիրները անդաստիարակ, բեսպրեդել վարք են դրսեւորում,այն էլ որտեղ՝ խորհրդարանում։ Հիմա ինչի՞ պետք է մեր ուսուցիչը, բժիշկը, լրագրողը, աշակերտը դատավորը ավելի լավը լինեն, մեր ազգային հավաքական կերպարը հենց նրանք են՝ ազգընտիրները, որոնց ընտրել եւ հանդուրժում ենք, այլ սպասելիքներ եւ կեղծ պատրանքներ պետք չէ ունենալ ինքներս մեզնից։
Ռուբինյանը, այո, պաշտոնյայի հավաքական կերպար է, ով այսօր անկեղծորեն խոստովանել է ինչ ուզի՝ կանի, այդպես էլ կա, ու ռուբինյաններին հանդուրժում է մեր հասարակությունը եւ նրա քաղաքական ղեկավարությունը, որովհետեւ նրանք բոլորը նույն գաղափարախոսության եւ արժեհամակարգի մեջ են՝ «ինչ ուզեն, կանեն»։ «Ինձ թվում է՝ Դուք լավ չեք հասկանում, Ձեր ամբողջ խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացեք, կանեմ էն, ինչ կուզեմ»,-այսպես արձագանքեց Ռուբինյանը՝ անդրադառնալով Թուրքիայում մինչեւ հեղափոխությունը որոշ ժամանակ գտնվելու պատճառով ազդեցության գործակալ լինելու մասին շրջանառվող թեզերին։ Հիմա կարո՞ղ էր իշխող ՔՊ-ն եւ Ռուբինյանը հանգիստ անդրադառնար այս թեզերին, լուրերին, մեկնաբանություններին, հերքեր հիմնավոր, ոչ թե անադեկվատության մաստեր-կլասս ցուցադրեր։ Եւ առհասարակ՝ Ռուբինյանը գիտակցո՞ւմ է, որ որպես ԱԺ փոխնախագահ, որպես Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Թուրքիայի հետ բանակցություններում պետք է լինի պետական պաշտոնյայի էտալոն, պոլիտկոռեկտ, ազգային, պետականամետ, համբերատար, հանդուրժող՝ հաշվի առնելով այն զգայուն գործընթացը, ինչի մեջ ինքը թաթախվել է եւ հանրային ընկալումը իր անձի, գործունեության մասին։ Իսկ թե որքանով այսօրվա վարքագիծը եւ արձագանքը նպաստեց Ռուբինյանի՝պետականամետ բանակցողի իմիջին, թող դատի իշխանությունը։
Եթե իշխանության համար մերժելի լիներ պատգամավորի, օրենսդրի այս բառապաշարը, ընդդիմության հետ շփվելու վարքուբարքը, առաջին անգամ բարեկրթության սահմանները անցած յուրայինին կպատժեր, մանդատից կզրկեր, սա լավագույն դասը կլիներ մյուսների համար առնվազն դաստիարակված, քաղաքակիրթ կերպարի մեջ լինելու։
Հիմա տպավորություն է, որ իշխանությանը դուր են գալիս էժանագին օճառային օպերաների վերածված ԱԺ-նիստերը ՝ եւ հասարակությանն են զբաղեցնում՝ գլխավոր թեմաներից շեղելով, եւ չբավարարված ամբիցիաներին հագուրդ տալիս, ինքնահաստատվում, կայանում․․․հարց է առաջանում՝ մի՞թե ընդդիմությունը չի հասկացել, որ այս բոլոր միջադեպերը, վիճաբանությունները իշխանության երազանքների ժանրից է, ինչի՞ է մասնակից այս ամենին․․․
Եւ ամեն դեպքում, հարգելի օրենսդիրներ, Ձեզ շարքային քաղաքացու աչքով նայեք, օրոուգիշեր աշխատող, ձեզ համար աշխատավարձ ապահովող քաղաքացու։ Դասականը կասեր՝ «գնացել եք խորհրդարան, որ ինչ անեք», ինչպես եք ապահովում մեր երկրի զարգացումը, բարձրացնում քաղաքացիների կյանքի որակը, նպաստում պետության եւ պետական ինստիտուտների հեղինակության աճին․․․։
Տպավորություն է, որ հասարակությունը գերի է ընկել այս խորհրդարանի ձեռքին, ինչպես ծնողն է գերի ընկնում անդաստիարակ, պատուհաս զավակի ձեռքին, ով իր ամբողջ աշխատանքը վատնում է խաղատներում կամ խմիչքի վրա․․․հիմա պատգամավորները վատնում են մեր բյուջեն, մեր ժամանակ, խորհրդարանը, պառլամենտարիզմը․․․։