Վատ ընկերոջից մինչեւ վատ պաշտոնյա, երբ սկզբունքներին փոխարինում են շահերը, ժողովրդավարությանը՝ բռնապետությունը
Խմբագրական
Երեկ իշխանության հետ ասոցացվող լրատվամիջոցին՝ civic.am-ին չէին հավատարմագրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։
Իհարկե, պաշտոնական պատճառաբանությունը չհավատարմագրելու հայտնի չէ եւ հետաքրքիր չէ, որովհետեւ անկախ ամեն ինչից անթույլատրելի է լրատվամիջոցին բոյկոտելը, նրա աշխատանքը խոչընդոտելը, նրա հարցերին չպատասխանելը, միջոցառումներին չհրավիրելը։
Եւ առհասարակ, նախագահ Քոչարյանը, ում կառավարման տարիները ժողովրդավարությամբ, լրատվամիջոցների ազատ, անկաշկանդ աշխատանքով աչքի չեն ընկել, կարող է վերանայել իր քաղաքականությունը։ Չէ՞ որ հասարակության մի ստվար հատված շատ լավ հիշում է, թե ինչ սահմանափակումների է ենթարկվում մեդիան այդ տարիներին, գուցե հենց սա է պատճառը, որ երկրորդ նախագահի անձի նկատմամբ տարիներ ի վեր ոչ միանշանակ վերաբերմունք է ձեւավորել։ Այժմ որպես ընդդիմություն հանդես գալով երկրորդ նախագահը կարող է ավելի բաց, հրապարակային գործել՝ այդպիսով ընդունելով եւ շտկելով նախկին սխալները եւ գործով ապացուցելով, որ իսկապես ինքը այլեւս առաջվանը չէ։ Այսօր արդեն որպես ընդդիմություն, երբ Քոչարյանը բողոքում է իշխանության ավտորիտար բարքերից, հեգնում «ժողովրդավարության բաստիոնը», ճիշտ կլիներ, որ ինքն էլ հանդես գար ժողովրդավարության դիրքերից, այն է՝ գոնե խտրական վերաբերմունք չցուցաբերեր լրատվամիջոցների նկատմամբ։ Եւ հետո, երկրորդ նախագահի փորձը եւ պրոֆեսիոնալիզմը թույլ կտար պատասխանել բոլոր հարցերին, դժվար լիներ որեւէ հարց, որի պատասխանը Քոչարյանը չունենար։
Այնպես որ լրատվամիջոցներին պիտակավորելը, խտրական վերաբերմունք դրսեւորելը անթույլատրելի է։
Հիմա մեդալի հակառակ կողմը, Քոչարյանի խտրական վերաբերմունքից վիրավորվել է իշխող քաղաքական թիմը՝ ՔՊ-ն, որի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մի գրառում է կատարել՝ նշելով, որ անթույլատրելի խտրական վերաբերմունք է և հերթական վախի դրսևորումը։ Պատգամավորը հրավիրել է Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ուշադրությունը եւ վստահությամբ պնդել, թե արձագանք չի լինի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Գրառման մյուս մասը դիֆերամբներ է յուրային լրատվամիջոցին, որը այս պարագայում այդքան էլ հետաքրքիր չէ։
Նախ արձանագրենք, որ ինքը՝ Վահագն Ալեքսանյանը ՔՊ-ի այն կարկառուն անդամներից է, որ տոտալ խտրական վերաբերմունք է դրսեւորում լրատվամիջոցների նկատմամբ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին այս կամ այն պատճառաբանությամբ։ Օրինակ՝ վերջերս նա հրաժարվել էր պատասխանել ArmDaily.am-ի հարցերին՝ պատճառբանելով, թե «ձեր լրահոսը, խմբագրականները, հումորային ռոլիկները նայեք, կհասկանաք»։
Այսինքն՝ հիմա Ալեքսանյանը եւ նրա թիմը Քոչարյանից պահանջում են մի բան, որը չկատարելու «լավագույն» ցուցիչը իրենք են։
Բայց Ալեքսանյանին մտահոգում է սիրելի լրատվամիջոցը, չի մտահոգում այն, որ իրենց թիմը մեդիադաշտի 80 տոկոսի համար անհասանելի եւ փակ է, չեն մեկնաբանում, հարցազրույց չեն տալիս, չեն շփվում։ Ավելին՝ այս գործելաոճը այնքան նորմալ է իշխանության համար, որ երբեք կարիք չեն ունեցել իրենց կողքից դիտարկելու եւ հասկանալու, որ մեդիա հետ աշխատանքը ոչ միայն եւ ոչ այնքան պետք է մեդիային, որքան իրենց։
Այդպես է լինում, երբ մարդ առաջնորդվում է քաղաքական շահերով, ոչ թե սկզբունքներով եւ իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում։
Հիմա որպեսզի միայն վատ օրինակներով չխոսենք եւ տպավորություն չստեղծվի, թե մեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների մեջ սկզբունքային մարդ չկա, երեկ ուշագրավ հայտարարություն արեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Մարդ, ում մասին քչերը գիտեն եւ առավել քչերն էլ դրական եւ բարձր կարծիք ունեն, հայտարարեց, որ ԱԺ նախագահի համար 90մլն դրամանոց մեքենա գնալը ժամանակավրեպ էր։ Այս մասին նշել էր նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ կոշտ արձագանքի արժանացել իր երբեմնի ընկերոջից՝ Ալեն Սիմոնյանից։ Հիմա որեւէ գիտակից, քիչ թե շատ պետականամետ պաշտոնյա չի կարող արդարացնել այդ գնումը եւ Հրաչյա Սարգսյանի գնահատականը անկեղծ եւ ճիշտ էր։ Մնում է սպասել Ալեն Սիմոնյանի նոր գրառմանը՝ այս անգամ նորընտիր քաղաքապետի մասին, ընդ որում՝ ներկա քաղաքապետին վիրավորելու համար Սիմոնյանը կարող է խորհրդատվություն խնդրել նրա նախկին գործընկերոջից՝ Մեսրոպ Առաքելյանից։
Առհասարակ, մարդկային հարաբերություններում իրենց դրսեւորած որակներով էլ ամեն օր նորովի բացահայտվում են մեր քաղաքական գործիչները՝ ապացուցելով, որ վատ ընկերը, քաղաքական շահերի համար մտերիմին վիրավորողը, սկզբունքներ չունեցողը չի կարող լավ պաշտոնյա, լավ մարդ լինել։ Այս ամենի հավաքական կերպարը Ալեն Սիմոնյանն է, ով քաղաքական շահերի պատճառով հասցրեց «ուրանալ» բազմաթիվ ընկերների՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության, 5-րդ ալիքի սեփականատեր, Սիմոնյանի քավոր Արմեն Թավադյան։ Ճիշտ է՝ նրա «ուրացումները» կարող են այժմ Փաշինյանի ականջը եւ աչքը շոյել, պատրանք ստեղծել, թե ինչ մոլի հավատարիմ ՔՊ-ական է Ալեն Սիմոնյանը, բայց իզուր։ Այնպես որ Ամանորի նախաշեմին վարչապետին կարելի է հիշեցնել հայտնի առակը, երբ արջը շշնջացել էր, որ վատ ընկերոջ հետ ճանապարհ պետք չէ գնալ։
Փաշինյանի կուսակից ընկերները հենց այդպիսին են՝ ընկածին հարվածող, փորձանքի մեջ, վտանգի պահին ընկերոջը լքող, շահերով առաջնորդվող եւ ոչ սկզբունքներով։ Իսկ այս ամենը վաղ թե ուշ նաեւ իր դեմ է աշխատելու, որովհետեւ ինքը Փաշինյանն էլ սկզբունքայնության եւ մարդկային բարձր որակների մարմնացում չէ։