Ինչ են փնտրում գործատուն եւ աշխատակիցը, այս հարաբերությունների հավերժական խնդիրների եւ հեշտ լուծումների մասին
Խմբագրական
Հասարակության համար մշտապես կարեւոր եւ քննարկվող առաջնահերթ թեմաներից է աշխատանքը։ Կյանքը լիակատար, ամբողջական եւ ներդաշնակ է, եթե մարդը աշխատում է իր սիրելի մասնագիտությամբ, սիրելի աշխատավայրում։ Հայաստանում գործազուրկները բողոքում են, որ աշխատանք չկա, իսկ գործատուները նշում՝ աշխատող չկա։ Սա հավերժական խնդիր է, եւ կարեւոր է անդրադառնալ աշխատակից-գործատու հարաբերությունների խզումներին հատկապես մայիսի 1-ին՝ Աշխատավորի օրվան ընդառաջ։
Այս խզումը հասկանալու համար պետք է լինել երկուսի կարգավիճակում էլ եւ հասկանալ խնդիրները ներսից։
Եւ, այսպես, սկսենք գործատուներից։
Ինչպիսի՞ աշխատակիցներ են փնտրում գործատուները։
Հայաստանում գործատուները փնտրում են պրոֆեսիոնալ, նվիրված, բազմապրոֆիլ աշխատակիցներ, որոնք պատրաստ են օրուգիշեր աշխատել, միանգամից մի քանի աշխատակցի գործառույթ կատարել, բայց դրա դիմաց արժանի աշխատավարձ, փոխհատուցում չպահանջել։ Այո, գործատուները չեն սիրում պահանջատեր աշխատակիցների, որոնք իրենց իրավունքները լավ գիտեն եւ պատրաստ են իրենց պահանջների բավարարման համար փչացնել հարաբերությունը վերադասի հետ։ Միեւնույն ժամանակ, նման լարված մթնոլորտում դժվար է աշխատելը, ուստի՝ խզում չառաջանալու համար անհրաժեշտ է, որ եւ աշխատակիցը սրտացավ, նվիրված լինի, եւ գործատուն՝ գնահատող։ Պարտադիր չէ ամեն ավել աշխատած րոպեի համար հավելավճար տալ, բայց եկեք ընդունենք, որ խրախուսումները, տոնական նվերները, սեփական նախաձեռնությամբ աշխատավարձի բարձրացումը շոյում է աշխատակցի ինքնասիրությունը եւ մոտիվացնում ավելի լավ աշխատելու։
Մի կողմից՝ աշխատակցի համար կարեւոր է հասկանալը, որ ինքը գնահատված է ղեկավարության կողմից, մյուս կողմից էլ՝ գործատուն չի կարող որեւէ մեկին դնել իր գլխին, հայտարարել անփոխարինելի եւ դառնալ նրա քմահաճույքների գերին։ Իհարկե, գործատուի տեսանկյունից կարելի է անվերջ ազատվել աշխատակիցներից, մինչեւ կգտնես մեկին, ով կհարմարվի քո պայմաններին։ Բայց այստեղ կա նաեւ հեղինակության եւ վարկանիշի խնդիր, վատ գործատուների մոտ երբեք պրոֆեսիոնալ աշխատակիցներ չեն գնա, իսկ հաճախակի աշխատակիցներ փոխելը վատ կազդի աշխատանքի, ընկերության իմիջի վրա։ Կարճ ասած՝ գործատուն փնտրում է օրնիբուն աշխատող, նվիրված, քիչ վարձատրվող, միանգամից մի քանի աշխատանք կատարող, պրոֆեսիոնալ աշխատակից, ով միեւնույն ժամանակ «պրոբլեմատիկ» մարդ չի լինի եւ խնդիրներ չի ստեղծի։
Երկրորդ՝ ի՞նչ է փնտրում գործազուրկը։
Հանուն արդարության մեր աշխատանք փնտրողներն էլ առանձնակի համեստ պահանջներ չունեն։ Մասնավորապես՝ ցանկանում են աշխատանք, որը կունենա թեթեւ գրաֆիկ, քիչ ծանրաբեռնվածություն եւ պատասխանատվություն, բարձր վարձատրություն, սոցիալական երաշխիքներ, պարբերաբար պարգեւատրումներ, տոնական եւ հանգստյան օրեր, աշխատանքային լավ մթնոլորտ եւ պայմաններ, հաճելի միջավայր։ Ցավոք, գործատուի եւ աշխատակցի ցանկությունները հաճախ իրականության հետ աղերսներ չունեն եւ հակասում են միմյանց, ավելին՝ դժվար է գտնել մի աշխատավայր, որտեղ եւ գործատուներն են գոհ, եւ աշխատակիցները։
Օրինակ՝ աշխատանքի հայտարարություններում թվարկված են մի քանի տասնյակ գործառույթներ եւ պահանջներ, իսկ աշխատավարձը սկսնակի համար է։ Կամ մտավոր ծանր աշխատանքի համար սահմանված է 100-120 հազար դրամ աշխատավարձ, դրա համար հաճախ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ գերադասում են գնալ եւ իրենց մասնագիտության հետ կապ չունեցող աշխատանք կատարել, քան աշխատել գրոշներով։ Կամ առանձնակի փորձ չունեցող մեկը դեռ աշխատանքի չընդունված հետաքրքրվում է աշխատավարձի բարձրացման մասին, ընդունենք, սա էլ նորմալ չէ։
Երկրորդ՝ հաճախ աշխատակիցները այնպիսի պահանջներ են ներկայացնում, որ եթե նրանք լինեին գործատուի կարգավիճակում, այդ ամենը չէին հանդուրժի։ Օրինակ՝ կպատկերացնեք որեւէ դեպք, երբ աշխատակցին մեկ շաբաթ առաջ ավետեն, որ դառնալու է գործազուրկ կամ նրան աշխատանքից ազատեն, ինչ է թե այդ նույն աշխատանքը 10-20 հազար դրամով ավելի էժան կարող է մեկ ուրիշը անելը։ Բայց պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատակիցները գործատուներին փաստի առաջ են կանգնեցնում՝ մեկ-երկու շաբաթ առաջ հայտնելով աշխատանքից դուրս գալու մասին, ընդ որում՝ հաճախ կայուն աշխատանքը փոխում են մշուշոտ ապագայով մի աշխատանքի հետ, որի համար այդ րոպեին վճարում են 20 հազար դրամ ավել գումար։ Իհարկե, ավելի հաճախ լինում են դեպքեր, երբ աշխատակիցը հասկանում է, որ տվյալ աշխատավայրում ամենաապաքաղաքական իմաստով ապագա չկա, ոչ պայմանների բարելավում, ոչ աշխատավարձի բարձրացում, միայն աշխատանքի ավելցուկ, եւ այս դեպքում նույնիսկ նույն աշխատավարձով աշխատանքը փոխելը դիտարկվում է փրկություն։
Մյուս օրինակը, աշխատակիցներից շատերը սովոր են պահանջել փոխհատուցում ավել աշխատելու, աշխատանքի համար իր գրպանից որեւէ ծախս անելու համար, սակայն խորապես կվիրավորվեն, երբ ընկերության գույքը փչացնելու, աշխատանքից ուշանալու համար աշխատավարձից պահումներ արվեն։ Բոլոր այս դեպքերի համար գործում է հայտնի կանոնը՝ եթե ուշացման համար աշխատավարձից պահում ես կատարում, պետք է վճարես մեկ րոպե ավել մնալու համար, եթե գույքը վնասելու համար աշխատավարձից պահում ես կատարում, ուրեմն պետք է փոխհատուցես նաեւ աշխատանքի հետ կապված ծախսերը։
Երրորդ գլոբալ խնդիրը, որ առնչվում է գործատու-աշխատող հարաբերությունների խզումին, վերաբերում է «գլուխ պահելուն»։ Ըստ այդմ՝ գործատուները չեն ցանկանում ներդրումներ անել, սովոր են աշխատել ձգելով պարանը ինչքան կարող են։ Իսկ աշխատողներն էլ հաճախ օր են սպանում, այսօր ավելի քիչ կաշխատեն, վաղը եւս քիչ կաշխատեն, կարեւորը գործատուն չնկատի «գլուխ պահոցին», ցանկացած աշխատակից մտածում է՝ «դե եթե գործատուն չի գնահատում իմ աշխատանքը, աշխատավարձս, միեւնույն է, չի բարձրանում, ինչու ինձ կոտորեմ»։ Ընդ որում՝ հաճախ աշխատակիցները այնքան ծանր են տանում իրենց թերացումների, ծուլությունների արձանագրումը, սկսում մեղավորներ փնտրել իրենցից դուրս, ֆետիշացնել իրենց արած աշխատանքը՝ ներկայացնելով դա որպես բացառիկ բարեգործություն։
Այժմ ներկայացնենք լուծումներ, որոնք հնարավոր է օգնեն երկու կողմերին էլ։
Նախեւառաջ՝ աշխատակիցը պետք է հասկանա եւ գիտակցի, որ ինքը չի աշխատում գործատուի կամ աշխատավարձի համար, դա իր հեղինակությունն է, վարկանիշը, չէ՞ որ մարդը սոցիումի մեջ ստատուս ունի, ճանաչելի է նաեւ իր աշխատանքով։ Վերջին հաշվով, վաղը կամ մյուս օրը որեւէ այլ աշխատանքի անցնելիս, երբ ներկայացնեք ձեր գրանցած արդյունքները, չեք կարող արդարանալ՝ նշելով, որ գործատուս քիչ էր վարձատրում, ես էլ աշխատում էի այնքան, ինչքան վարձատրում էր։ Սա լուրջ չէ եւ լավ տպավորություն չեք թողնի, հատկապես, երբ խոստանաք բարձր վարձատրության դիմաց սարեր շուռ տալ։ Այնպես որ աշխատեք ձեր ուժերի ներածի չափով, աշխատեք այնքան, որ դուք ինքներդ ձեզնից գոհ լինեք, ստեղծեք արժեք, արեք առավելագույնը, անհնարինը եւ հպարտացեք ձեր աշխատանքով։
Երկրորդ կարեւոր լուծումը գործատուի համար է, մի շահագործեք մարդկանց, նրանք ստրուկներ չեն, գնահատեք լավ աշխատողին, նրանք այնքան քիչ են...իսկ լավ աշխատողը առաջին հերթին պրոֆեսիոնալ, նվիրված, մարդկային լավ հատկանիշներով օժտված մարդն է, որը երկար չի աշխատի մի միջավայրում, որտեղ իրեն գնահատված չի զգում՝ բարոյական եւ նյութական առումով։ Պատկերացրեք՝ անփոխարինելի մարդիկ կան,. նրանք լավ աշխատակիցներ են, իսկ գործատու լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն։