Ապագա կա՞. երբ ԱԱԾ-ի համար Որոտանը Էյվազլի է, իրանական բեռնատարները ստուգելու թշնամու գործողությունն էլ՝ «կարգավորելու իրավիճակ»
Խմբագրական
Սյունիքում ստեղծված իրավիճակը ապացուցում է, որ մենք ոչ միայն իշխանություն, հայրենասեր ղեկավարներ, այլեւ առանձին կառույցներ, ինստիտուտներ չունենք։ Իսկ մինչ այդ մեզ թվացել է, թե ինչպիսին էլ լինի իշխող քաղաքական թիմը, միեւնույն է, պետության ներսում մի քանի կայացած համակարգեր կան՝ պրոֆեսիոնալ, հայրենասեր պաշտոնյաներով, որոնք թույլ չեն տա մեր կործանումը։
Այդպիսի հույսեր առաջինը կապում էինք ամենաուժեղ եւ փակ կառույցի համբավ ունեցող ԱԱԾ-ի հետ՝ մտածելով, որ այդ ամենակարող հիմնարկում օրուգիշեր աշխատում են մեր խաղաղ եւ անվտանգ գոյության համար։ Երեկվա ԱԱԾ-ի հայտարարությունը, սակայն, սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ։ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիները երեկ Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցնում եւ ստուգում էին իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը, որոշ լուրերի համաձայն՝ ճանապարհի հարկ պահանջում։
Պատկերացնում եք՝ թշնամին մեր երկրում այնպես եւ այնքան է հիմնավորվել, որ իրեն թույլ է տալիս մեր ճանապարհներով անցնող վարորդների փաստաթղթերը ստուգել, գումար պահանջել։
Եւ այս ամենը ԱԱԾ-ի համար ընդամենը մի «իրավիճակ» է, որը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են տանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից։
Այս լուրը կարդալիս ցանկացած շարքային քաղաքացի քունը կորցնում է, վախենում է մտածել ապագայի մասին, վախենում է հետեւել լրահոսին եւ կարդալ նոր միջադեպերի մասին, որոնք մեզ կհուշեն պետության վախճանը։ Սակայն, կարեւոր է, որ ԱԱԾ-ն օլիմպիական հանգստությամբ հաղորդում է իրավիճակի մասին, դեռ մի հատ էլ Որոտանը անվանում ադրբեջանական անունով՝ Էյվազլի։ Պարզ է չէ, որ եթե ԱԱԾ-ն էլ հայկական տարածքները անվանում ադրբեջանական անունով, դժվար էլ կարողանա այդ տարածքներում պատշաճ հսկողություն իրականացնել եւ անվտանգություն ապահովել։
Եւ առհասարակ, հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով անվանելու արշավի կնքահայրը Նիկոլ Փաշինյանն է։ Շատերը, իհարկե, մտածեցին սխալմունք է, վրիպել է, բայց փաստորեն սա դելիմիտացիայի-դեմարկացիայի անվան տակ հայկական տարածքները հանձնելու ծրագրի մի մասն է, երբ ենթագիտակացկան մակարդակում փորձում են համոզել բնակչությանը, որ այդ տարածքները ադրբեջանական են, անունները՝ վկա։ Ի դեպ, թշնամու այս թեզով հանգիստ կարող են համոզել, որ Հայաստան առհասարակ չկա, բոլոր տարածքներն էլ ադրբեջանական են, չէ՞ ոչ ադրբեջանցիները համարժեք անունները ունեն։
Թերեւս պատահական չէ, որ ԱԱԾ-ն շարունակում է նույն այս թեզը եւ իր հաղորդագրության մեջ օգտագործում Որոտանի ադրբեջանական անունը։ Դեռ կասկածներ կա՞ն, թե ինչու է կես տարի շարունակ թշնամին հիմնավորվել մեր երկրի սուվերեն տարածքում, եւ դիրքեր է ստեղծել, եւ շինարարություն է իրականացնում, եւ գերի վերցնում, եւ կրակում, եւ վախեցնում բնակչությանը, եւ Հայաստանի եզակի բարեկամական երկրի համար խոչընդոտներ ստեղծում։
Մեր իշխանությունները կամ հավատում են, որ այդ ամենը ադրբեջանական է, կամ ի զորու չեն պաշտպանել պետության շահը, կամ գործարքի են գնացել թշնամու հետ։ Երեքից ոչ մեկն էլ, մեղմ ասած, պատվաբեր չէ մեզ համար։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ է սպասվում մեզ հետայսու։ Օրինակ՝ հաջորդը թշնամին մեզ համար կարող է փակել մեր երկրում անցնող ճանապարհները եւ մեզնից գումար գանձելը այդ ճանապարհներով անցնելու համար, եթե, իհարկե, այս ամենից հետո ողջ, առողջ, առանց մարդկային եւ տարածքային կորուստների դուրս գանք, ինչը անհնար է։