Անկախությունը վտանգված է, բայց կարևորը գունագեղ տոնակատարություն և 4-օրյա հանգիստ կլինի
Խմբագրական
Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը, որի առթիվ «հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
«Այդ տոնակատարությունը առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- կառավարության նիստին հայտարարել է վարչապետը։
Հարց է առաջանում՝ որ անկախությանը, անվտանգությանը եւ ինքնիշխանությանը նվիրված միջոցառում եք անում, այն, որն արդեն կորցրել ենք այս իշխանության ապիկար քաղաքականության արդյունքում։ Մեր անկախության, ինքիշխանության, անվտանգության մասին մտահոգվողները ոչ թե այդ օրը գունագեղ տոնակատարություն կանեին, այլ իրենց ամենօրյա գործունեությամբ կպահեին, կպահպանեին այն, ինչ ունենք։
Եւ արդյոք Արցախում իրենց կյանքը զոհած նահատակների հարազատներին հարցրել եք՝ նրանք ցանկանո՞ւմ են իրենց որդիների հիշատակին նվիրված գունագեղ տոնակատարություն տեսնել։
Ովքե՞ր են լինելու այս մասշտաբային տոնակատարության մասնակիցները, հյուրերը, ի՞նչ երեսով են իշխանության ներկայացուցիչները կանգնելու բեմում եւ ի՞նչ են խոսելու։ Մեր կախյալ անկախությունը, կորսված ինքնիշխանությունը, մսխված անվտանգությո՞ւնն են գովերգելու, դրանց պահպանման երաշխիքներն ու խոստումնե՞րն են տալու, դրանք կորցնելու մեղավորների՞ն են փնտրելու եւ հայհոյելու, անկախությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունը վերարժեւորելու նոր ուղինե՞ր են առաջարկելու ի դեմս թշնամասիրության՝ հանուն տնտեսական հնարավորությունների եւ ապաշրջափակման։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Անկախության տոնը որոշում են նշել, իսկ Էրեբունի-Երեւանը կամ որեւէ այլ տոն չեն նշում։ Իհարկե, մենք ամենեւին էլ կողմնակից չենք ամբողջ կյանքում սգալու, ողբալու թեզին, կյանքը շարունակվում է եւ պետք է ապրենք։ Բայց տոնել մի բան, որը կործանել ես ինքդ՝ խոստովանենք ցինիկություն է, առավել եւս՝ դա նվիրել զոհվածների հիշատակին։
Արցախում զոհվածների եւ վիրավորվածների մասին այդքան մտածող իշխանությունը առնվազն պետպատվերի հարցերը կլուծեր, որ բուժհաստատությունները կարողանային սպասարկել վիրավոր զինծառայողներին, ոչ թե հայտարարեին՝ գումարը սպառվել է, պետք է սպասել 2022թ։
Երկրորդ՝ իշխանությունը որոշել է 4 ոչ աշխատանքային օր նվիրել մեր քաղաքացիներին անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 18-ից 21-ը ներառյալ, փոխարենը սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է սեպտեմբերի 25-ը։ Շատ լավ գիտենք, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը, երբ աշխատանքային օրը տեղափոխվում է շաբաթ օրը՝ առանց այդ էլ կիսատ-պռատ աշխատող, ծուլության եւ անբանության սովոր համակարգերի դեպքում։
Մյուս կողմից էլ՝ մեկ անգամ չէ, որ բազմաթիվ մասնագետներ, տնտեսագետներ ասել են, որ մեր պես աղքատ երկրում այդքան ոչ աշխատանքային օրերը շռայլություն են, տնտեսությունը բազմաթիվ կորուստներ է կրում, այդքան հանգստանալ նույնիսկ ամենահարուստ երկրները իրենց թույլ չեն տալիս։ Թվում էր, թե նախկին ընդդիմադիր ուժը հասկանում է ոչ աշխատանքային օրերի «արհավիրքը», չի ցանկանում վնաս հասցնել տնտեսությանը եւ քաղաքացիներին ծուլության վարժեցնել, այդ իսկ նկատառումով էլ անգամ հինգ տաղավար տոներից հետո մեռելոցը աշխատանքային է լինում։
Բայց, փաստորեն, կարելի է մեռելոցները աշխատանքային դարձնել, իսկ անկախության տոնի առթիվ 4 հանգստյան օր նվիրել քաղաքացիներին, տնտեսության հերն էլ անիծած, այն կարող է սպասել, կարեւորը՝ հպարտ քաղաքացիները գոհ լինեն։
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին նշվելու է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որին հաջորդող մեռելոցը՝ սեպտեմբերի 13-ը կլինի աշխատանքային։ Եվ սա այն դեպքում, երբ պատերազմում զոհվել է մոտ 4 հազար զինծառայող, վերջին մեկ տարում էլ մահացել է կորոնավիրուսով ավելի քան 4042 հիվանդ։