Հեղափոխության «խերը». Երբ ինքնաբացահայտումը կործանարար է, ինքնախաբեությունը՝ երջանկաբեր
Խմբագրական
2018թ տեղի ունեցած «հեղափոխությունը» եւ դրանից հետո տեղի ունեցած գործընթացները պատճառ դարձան ինքնաճանաչման եւ ինքնաբացահայտման։ Եւ սա ցավալի է, քանի որ պարզվեց՝ մենք սխալ արժեհամակարգով ենք ապրել, սխալ սկզբունքներ ունեցել, սխալ մարդկանց հավատացել,սխալ մարդկանց ապավինել։ Սա այն դեպքն է, երբ ինքնախաբեությունը երջանկություն էր, իսկ ինքնաբացահայտումը՝ կործանում։
Հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած գործընթացները պատճառ դարձան, որ ոչ միայն մենք մեզ ճանաչենք «նորովի», այլեւս հասցնենք հիասթափվել։ Հասարակության բեւեռացումը, ատելության գեներացումը, թշնամանքի արմատացումը քայքայեց մեր մեջ մնացած մարդկային, բարոյական վերջին հատկանիշները։ Մենք դարձանք այն, ինչ չէինք եղել կամ գուցե չէինք հասցրել ինքնաբացահայտվել։
Ցավոք, այս ամենը անվերադարձ է թվում այժմ, մեծ հարց է՝ մարդկային, բարոյական հատկանիշները, հասարակական ճիշտ հարաբերությունները, սերը, հարգանքը, հոգածությունը երբեւէ կվերականգնվեն, թե ոչ։ Այսինքն՝ մենք կդառնանք հասարակություն, որտեղ ընտանիքը սրբություն է, անդամներից յուրաքանչյուրը իր տեղը եւ դերը ունի, որտեղ աշակերտը եւ ուսանողը գիտեն իրենց չափը, որտեղ կա հարգանք մեծի, մասնագետի, ուսուցչի, բժշկի նկատմամբ, որտեղ մարդիկ միմյանց նկատմամբ գորովանքով են լցված, ոչ թե ատելությամբ, որտեղ ագրեսիան բացակայում է...։
Մեր մեջ ատելությունը եւ թշնամանքը այնքան է արմատացել, որ վաղուց արդեն օնլայն տիրույթից տեղափոխվել է օֆլայն դաշտ։ Մեր հասարակության դեգրադացիան այլեւս միայն հայհոյող, անիծող կանայք եւ տղամարդիկ չեն, ուրիշի մահվան վրա ուրախացող հասարակական գործիչները, ոչ գաղափարակիցի մահը երազողները...։ Ընդ որում՝ եթե անհասկանալի կրթությամբ եւ ստատուսով ֆեյքերի խրախճանքը ուրիշի մահվան առթիվ կարող ենք անտեսել, ապա անհասկանալի է նույն գործելաոճը հասարակական, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, բնապահպանների կողմից...։
Մեր հասարակության դեգրադացիան վաղուց արդեն տեղափոխվել է առօրյա եւ դարձել ոստիկանության «սվոդկաների» նյութ, օրինակ՝ քաղաքական դրդապատճառներով սպանության փորձ է արձանագրվում կացնահարելու միջոցով, կինը այրում է ամուսնուն եւ այլն։
Մենք դարձանք հասարակություն, որտեղ իրավապաշտպանները այլեւս իրավունքների համար չեն պայքարում, լռում, հանդուրժում կամ ծափահարում են ցանկացած սահմանափակում, բանակում աղաղակող խախտումների մասին ահազանգողները 3 տարի լուռ են...։
Մենք դարձանք ժողովուրդ, որը առհասարակ անտարբեր է իր հայրենիքի հանդեպ՝ կունենա անկախություն, անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, թե ոչ։
Մենք դարձանք հանրություն, որը եթե նախկինում ապրեր այս իրականության մեջ, առնվազն իշխանությանը օր ու արեւ չէր տվել այս բոլոր արածների եւ չարածների համար, իսկ այսօր վստահության քվե է տալիս այս իշխանությանը՝ հավատում եւ երկրպագում։
Եւ առհասարակ, հետհեղափոխական Հայաստանը ինքնամաքրման քավարան էր՝ ինքնաբացահայտման եզակի հնարավորություն, պարզապես ցավալի է, որ այն շատ թանկ գին ունեցավ՝ հայրենիքի կորստի գինը։