Թշնամու տերմիններով, խաղաղություն քարոզող եւ այլընտրանքներ առաջարկող իշխանությունը. դեռ կասկածներ կան, թե ինչու ենք կորցնում Հայաստանը
Խմբագրական
Սյունիքի մարզկենտրոն տանող ճանապարհը արդեն 3-րդ օրն է՝ փակ է, ինչի արդյունքում մի շարք գյուղեր զրկված են իրենց կարիքները հոգալու հնարավորությունից։ Ճանապարհը հսկում են ռուս եւ հայ սահմանապահները, բանակցություններ են ընթանում, որոնք որեւէ արդյունք չեն տալիս։ Թշնամին Սիսիանով ճանապարհ է պահանջում այս ճանապարհը բացելու համար։ Իսկ իշխանությունները այլընտրանք են առաջարկում ժողովրդին՝ գրունտային ճանապարհները հիշեցնելով։
Սյունիքի համայնքապետերը կալանավորված են, իսկ սյունեցին մնացել է Ռուսաստանի «բարեգթության» հույսին, քանի որ պարզվում է՝ ինքնիշխան Հայաստանը ի վիճակի չէ ապահովել իր սահմանների անվտանգությունը։ Կանխատեսելի էր չէ՞, որ եթե ամիսներ շարունակ թշնամին Սյունիքի կարեւորագույն բարձունքները գրավել է, ապա մի օր կպահանջի ավելին։ Հատկապես, որ մենք պատերազմից հետո ոչինչ չարեցինք մեր փոքրացած երկիրը անառիկ դարձնելու համար։ Մենք ոչինչ չարեցինք, երբ մայիսին թշնամին ճեղքեց ՀՀ պետական սահմանը Վարդենիսի հատվածում եւ հաստատվեց Սեւ լճի տարածքում։ Մենք չվռնդեցինք թշնամուն, այնպես չբանակցեցինք, որ նա հետ գնա ելման դիրքեր, փոխարենը թշնամին արմատավորվեց, սադրանքներ կազմակերպեց, զինվորներ մահացան եւ գերի ընկան։
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը երեկվանից Սյունիքում երկու կարեւոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան, ինչու չոչնչացրեցիք թշնամուն։ Մեր իշխանությունը ընդունեց թշնամու օրակարգը՝ խորհրդային քարտեզներով դեմարկացիա եւ դելիմտացիա անելու, երբ անգամ Ադրբեջանը իր սահմանադրությամբ իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։
Ընդունելով հանդերձ այդ կեղծ օրակարգը՝ մինչ այդ ավելի եք վատթարացնում մեր երկրի հնարավորությունները, դիրքերը։ Միթե հնարավոր չէ չարաբաստիկ դելիմիտացիայից եւ դեմարկացիայից առաջ այնպիսի մասնագիտական խումբ ձեւավորել, որ գործընթացի արդյունքում միայն հայկական կողմը զիջող չլինի, այլեւ ինչ-որ բաներ ստանա։ Վստահաբար՝ պրոֆեսիոնալ մասնագետները, որոնց պակասը չկա մեր երկրում, կգտնեին եւ համապատասխան իրավական, եւ պատմական հիմքերը։ Եթե այս իշխանության մտավոր ներուժը չի ներում սեփական խելքով եւ փորձով այսպիսի կարեւորագույն հարցերում հասնել հայանպաստ որոշումների, ապա վստահաբար կարելի է բոլոր նեղ անձնական, քաղաքական տարաձայնությունները դնել մի կողմ եւ խնդրել փորձառու հակառակորդներին օգնել։
Փոխարենը մեր իշխանությունը նոյեմբերի 9-ից հետո ոչինչ չի արել մեր երկրի սահմանները անառիկ դարձնելու համար։ Մեր իշխանությունը ոչինչ չի արել, երբ թշնամին հատել է ՀՀ սահմանը, հանդուրժել է այս ամենը եւ հանդուրժողականություն, համերաշխություն քարոզել, մեր իշխանությունը իր հարմարվողական քայլերով պատճառ է դարձել, որ մենք միայն կորուստներ ունենանք։ Սակայն եթե միայն խնդիրը խելքի, փորձի պակասը լիներ, վատ աշխատանքը եւ հարմարվողականությունը...։
Վարչապետը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ Սյունիքը չի կտրվել Հայաստանից՝ փորձելով հասկացնել, որ այ տեսեք մի ամբողջական մարզ կարող էր կտրվել, բայց չի կտրվել, ուղղակի ճանապարհները փակ են։ Այսօր վարչապետը շարունակում է մեզ վստահեցնել, որ մենք հաստատ «հայրենասեր» գերագույն հրամանատար ունենք, ով օրուգիշեր չի քնում Սյունիքում ստեղծված իրավիճակի պատճառով։ Կառավարության նիստին Փաշինյանի Սյունիքի բնակավայրերի մասին խոսելիս օգտագործել է ադրբեջանական անվանումները՝ Որոտանի եւ Նոր Առաջաձորի փոխարեն ասելով Էյվազլի եւ Չայզամի։ Իհարկե, շատերը կհամարեն, որ այստեղ կրիմինալ ոչինչ չկա, չէ՞ որ մարդիկ եւս կարող են այդ անունները հնչեցնել, քանի որ արմատավորված են, բայց հասարակ քաղաքացիների եւ վարչապետի կատեգորիան լրիվ այլ է։
Վերջիվերջո, բնակավայրերի ադրբեջանական անվանումները սոսկ բառեր չեն, այլ մտածելակերպ, աշխարհահայացք, գործելաոճ։ Հատկապես՝ երբ այդ անվանումները հիշատակում է մեր թշնամին՝ փորձելով ցույց տալ, որ դրանք ադրբեջանական տարածքներ են։ Այսինքն՝ այս տեմպերով վարչապետը Սևանին «Գյոյչա գյոլու» կասի, Վարդենիսին՝ «Բասար Գեչար», Երևանին՝ «Էրիվան», Հայաստանին՝ Էրմենիստան, մեզ էլ էրմեն, այսինքն՝ ալիեւյան բառապաշարով եւ փաստարկներով։ Եթե պետության առաջնորդն է այս մտածելակերպով եւ գաղափարներով գործում, ինչ պահանջել շարքային վահանքերոբյաններից։
Զարմանա՞լ, որ թշնամու կողմից փակված ճանապարհը նա սուվերեն տարածք չի համարում, քանի որ աշխարհագրության եւ «էդ տիպի» հարցերի գիտակ չէ։ Քերոբյանը պատմության գիտակ էլ չէ եւ չի էլ կարող ասել՝ առհասարակ Հայաստան եղել է, թե օկուպացրել ենք ադրբեջանցիների տարածքները։ Ի վերջո, իշխանությունը ոչ մի բանի գիտակ չէ, բայց մենք արդեն դրա հետ էլ ենք հարմարվել եւ համակերպվել, մեր միակ պահանջը, որ գոնե ներկայացնեն հայկական շահերը, պաշտպանին ժողովրդին։
Այսքանից հետո դեռ մարդիկ կան, որ մտածում են, թե Հայաստանը կորցնելու պատճառը իշխանությունների խելքի եւ փորձի պակա՞սն է։