Ամեն ինչ ճիշտ է, արդար, ծափ տվեք. երբ իրականությունը միմյանցից վրեժ լուծելու, երեսով տալու առիթ է
Խմբագրական
Գերքաղաքականցված լինելու պատճառով մենք այնքան ենք կուրացել, որ Հայաստանին սպառնացող վտանգները կամ տեղի ունեցող գործընթացները օգտագործում եմ զենք միմյանց դեմ։ Այս բոլոր «վատ» դեպքերը միմյանց երեսով ենք տալիս, վրեխնդիր լինում, հաշվեհարդար տեսնում՝ մոռանալով, որ այդ խնդիրները բոլորինս է եւ բոլորս այդ կործանվող նավի մեջ ենք։
Ադրբեջանցիները փակել են Գորիս-Որոտան, Որոտան-Կապան ճանապարհը՝ տասնյակ մեքենաներ շրջափակելով։
Պատկերացնում եք՝ այս լուրը ինչ արձագանքների է արժանանում։ Իշխանությունը, իհարկե, առաջարկում է այլ ճանապարհով երթեւեկել, ինչպես ասում են՝ ակունք իմաստության, չեն կարողանում անվտանգություն ապահովել, բայց գոնե ելքեր են առաջարկում։ Շարքային քաղաքացիների մի ստվար հատված էլ «երեսով է տալիս» սյունեցիներին, թե «ապագա կա, Նիկոլ եք ընտրել, վայելեք, ինչ անում են, քիչ են անում»՝ մոռանալով, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, եթե հարավային դարպասը կտրվեց Հայաստանից, Հայաստանը համարեք գրավված։
Երկրորդ դիպվածը, որը էլի միմյանց վրա չարախնդալու, միմյանցից վրեժ լուծելու հիմք է, վերաբերում է մեզ՝ լրագրողներիս։ Երեկ Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցների կողմից բռնության են ենթարկվել նաեւ այնպիսի լրագրողներ, որոնք հաճախ աչքի են ընկել իշխանամետ կեցվածքով, կամ առնվազն երբեք չեն քննադատել, երբ ընդդիմադիր լրագրողների նկատմամբ են խորհրդարանում պատգամավորները բռնություն գործադրել, լրատվամիջոցներին փորձել ճնշել, լռեցնել։ Այսօր էլ նրանցից շատերը լռում են եւ չեն լուսաբանում, թե խորհրդարանում ինչպես են վարվում լրագրողների հետ։
Ինչպես ասում են՝ պատմական արդարությունը վերականգնվեց, այժմ իրենց մաշկի վրա զգացին իշխանության բիրտ ուժը լրագրողների նկատմամբ։ Մարդկային առումով գուցե այս հանգամանքը սիրտ հովացնող է, բայց իրականության մեջ այն հուսահատեցնող է։ Հուսահատեցնող է, քանի որ տեսնում ենք՝ ինչ հետընթաց ենք արձանագրել ժողովրդավարական արժեքներից, լրատվամիջոցների ազատությունից, հուսահատեցնող է, քանի որ պարզում ենք, որ այս բռնաճնշումների դեմ հաճախ անզոր ենք, որովհետեւ միասնակ չենք։
Երրորդ «առիթը» պատմական արդարության վերականգնվելու մասին մտորելու Սեյրան Օհանյանի հետ տեղի ունեցած միջադեպն է, երբ մի երիտասարդ ԱԺ ամբիոնից կարող է իրեն թույլ տալ Շուշին ազատագրած գեներալի հետ խոսել «արա»-ով։
Օհանյանը արժանի չէ այս վերաբերմունքին, եւ առհասարակ՝ խորը ցավ է տեսնել խորհրդարանում, թե ովքեր ում են հակադարձում, ովքեր ում հետ են բանավիճում։ Մարդիկ, որոնք նախորդ կյանքում անգամ հնարավորություն չունեին այսօրվա ընդդիմադիրներին հեռվից նայելու, մոտենալու, զրուցելու, այսօր կարող են իրենց թույլ տալ հարձակվել նրանց վրա, հարվածել, շիշ նետել...։
Իհարկե, Սեյրան Օհանյանի դեպքը լրիվ այլ է, եթե շարքային քաղաքացիները կարող են միմյանց երեսով տալ եւ ասել՝ վայելեք ձեր ընտրածի ապագան, կամ լրագրողները կարող են ներքուստ չարախնդալ, որ իշխանություններին չքննադատող իրենց գործընկերը եւս բռնության զոհ է դարձել, ապա ՊՆախարարի դեպքում մենք բախվում են առնվազն անհեռատեսության, ոչ շրջահայաց լինելու հետ։
2018թ ապրիլին թավշյա հեղափոխության օրերին Սեյրան Օհանյանը կոչով դիմել էր այն ժամանակվա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ-ական պատգամավորներին՝ հորդորելով կատարել իրենց քայլը, կանգնել ժողովրդի կողքին։
«Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը, անկախ կուսակցական պատկանելությունից, հասկանում է ժողովրդի ըմբոստացման իրական հիմքերը և ծնող պատճառները: Եթե օբյեկտիվ իրադրության հետ հաշվի չնստենք կամ շարունակենք ընդվզող ժողովրդին դատապարտել, կեղծ տեղեկատվությամբ փորձել շեղել կամ սրել իրավիճակը՝ խառնելով աշխարհաքաղաքական կենտրոններին և ճիշտ ուղղությամբ չտանել ժողովրդի այս հսկայական ներուժը, ապա Հայաստանը կմղենք անհեռանկար արկածախնդրության և դրան հաջորդող պերմանենտ հեղափոխությունների հորձանուտ:
Ընդունե'ք սա որպես ընկերոջ՝ երկրի ռազմաքաղաքական իրավիճակին քաջ տիրապետող գործչի պատճառաբանված կոչ։ Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները:
Հրապարակներում համախմբված ժողովուրդը խառնամբոխ չէ', այլ համակարգված մի կուռ բանա'կ, որը ինչպես այսօր, այնպես էլ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի ցանկացած պահին պատրա'ստ է կանգնելու առաջնագծում:
Երկրի համար օրհասական պահին կատարե'ք Ձեր քայլը»։
Այս կոչը հղելուց 2 տարի առաջ՝ 2016թ արդեն իսկ Սեյրան Օհանյանը ազատվել էր պաշտոնից եւ հայտարարել քաղաքականությամբ զբաղվելու մասին, գուցե նեղված Հանրապետականից եւ գուցե այս կոչի հիմքում նաեւ իր նեղվածությունը, անձնական վրեժխնդրությունը կա։
Հարց է առաջանում՝ ռազմաքաղաքական իրավիճակին տիրապետող գործիչ՝ Սեյրան Օհանյանը չէ՞ր կանխատեսում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ պատուհաս կարող է բերել մեր երկրի գլխին, թե նրան առաջնորդել է նեղ, անձնական վրեժխնդրությունը, ոչ թե Հայաստանի եւ Արցախի անվտանգության սպառնալիքները։ Բացառելով երկրորդ տարբերակը՝ ամեն դեպքում հարց է առաջանում՝ Օհանյանի նման հմուտ գործիչը ինչպես կարող էր վրիպել, միթե նա հայկական իրականությունից չէր, միթե նա անվտանգության հարցերի գիտակ չէր, միթե նա կասկածներ, մտավախություններ չուներ, չէր տիրապետում փակ ինֆորմացիաների։ Չէ՞ որ այդ նույն շրջանում Սեյրան Օհանյանից պակաս փորձառու գործիչներ զգուշացնում էին Հայաստանին սպառնացող ապագայի մասին, բացահայտում հեղափոխության միֆերը եւ իրական նպատակները։
Այժմ Օհանյանը չի՞ ցանկանում ներողություն խնդրել իր այս կոչի համար, թե ամեն ինչ ճիշտ եւ արդար է, մնում է ծափ տալ։
Միթե արդա՞ր է այն, որ իր պես գեներալ-գնդապետի վրա ԱԺ-ում հարձակվում են մի խումբ դասալիքներ, Արցախը հանձնած, Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունը զոհասեղանին դրած թիմի ներկայացուցիչներ, նրան դիմում են արա-ով, կոտրում ակնոցը...։
Իսկ մենք նեղանում ենք մեր ընկերներից եւ հարեւաններից այս իշխանությանը ձայն տալու համար։ Եթե Սեյրան Օհանյանի պես հմուտ ռազմական գործիչն է 3 տարի առաջ «հեղափոխական կուտը կերել» , ապա այս ժողովրդին թավշյա թմբիրից արթնացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։
Այնպես որ, ամեն դեպքում՝ մենք, ցավոք, արժանի ենք նրան, ինչ ունենք, այն իշխանությանը, որը կառավարում է, ամեն ինչ ճիշտ է, արդար, քանի թացը չորից չի զատվել, քանի մոլորյալները շատ են, իսկ ռեալիստները չեն կարողանում նրանց դարձի բերել։