Ձեր նշանակումները ձեր գլխին կպնի, միայն թե զինվորները չզոհվեն
Խմբագրական
Հայաստանի կառավարության կազմը այսօր ամբողջացավ, գրեթե 3 ամիս թափուր մնալուց հետո այսօր վերջապես Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակում եղավ։ Սուրբ տեղը դատարկ չի մնում, իսկ սուրբ տեղն այս անգամ բաժին հասավ Արարատ Միրզոյանին։ Նշանակումը առանձնակի մեծ նորություն չէր, մամուլը տեւական ժամանակ է՝ գրում էր այս նշանակման մասին։ Իշխանությունը հարմար մարդ չէր գտնում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Միրզոյանին տեւական ժամանակ համոզում էին այս աշխատանքին անցնելու համար։
ԱԺ նախկին խոսնակը նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած դեպքերից հետո տեւական ժամանակ մեկուսացած էր թիմից, ուստի՝ իշխանությունը պետք է ամեն ինչ աներ նրան իր կրած «տառապանքների» համար հատուցելու եւ թիմակցին չկորցնելու համար։ Թերեւս ԱԳՆախարարի պաշտոնը կոմպրոմիսային է, եւ Միրզոյանին կկարողանան իրենց մոտ պահել, եւ ԱԳՆախարարի հարմար թեկնածու է։
Պրոֆեսիոնալ որակների մասին խոսելն այսօր ավելորդ է, կադրային քաղաքականությանը իշխանությունն այնքան անլուրջ է վերաբերում, որ անգամ առանձին թեկնածուներ, ոլորտներ քննարկելն անիմաստ է։ Պետական կառավարման վերաբերյալ իշխանության պատկերացումները քյարամյանական մակարդակում են, այսինքն՝ կարելի է իքս երիտասարդի օրումեջ տարբեր պաշտոնների նշանակել՝ առանց հաշվի առնելու քննադատությունները, մեղադրանքները, հոդաբաշխ բացատրությունների պահանջները։
Արմեն Գրիգորյանն էլ հավակնում է դառնալ Քյարամյանի կրտսեր եղբարը, հուլիսի 14-ից նա նշանակվեց ԱԳնախարարի տեղակալ, մեկ ամիս անց նորից վերադարձավ հին աշխատավայր՝ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Ինչ նպատակով էր մեկամսյա ժամկետում Գրիգորյանը գործուղվել ԱԳՆ, ինչ հասցրեց անել այդ մեկ ամսվա ընթացքում, գուցե գործուղել էին, որպեսզի նախարար նշանակեին, բայց չստացվեց, ստիպված հետ վերադարձրին ակունքներին։ Իրականում հանրության եւ պետության կյանքում, մեր անվտանգության եւ դիվանագիտության ոլորտներում ոչինչ էլ չի փոխվում թե ով որտեղ կաշխատի՝ Արմեն Գրիգորյանը՝ ԱԽՔ-ում, թե ԱԳՆ-ում։
Բայց նման «հյուրախաղային» նշանակումները առնվազն ծաղր են պետական կառավարման նկատմամբ, այն էլ կարեւորագույն, ստրատեգիական նշանակության պաշտոններում իշխանության անլուրջ վերաբերմունքը եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ցույց է տալիս, թե ինչ խորությամբ են քանդվում պետական ինստիտուտները։ Իրականում շարքային քաղաքացու համար բացարձակ միեւնույն է՝ լրտեսության մեջ մեղադրվողը, սորոսական պիտակը կրողը ԱԳՆ-ում կաշխատի, թե ԱԽՔ-ում։ Որեւէ քաղաքական ուժի չհամակրող, այս երկրից համառորեն չարտագաղթող ամենաքաղաքականացված ընթերցողն այսօր մի բան է ուզում կարդալ, որ սահմաններին ամեն ինչ խաղաղ է, որ զինվորներ չեն զոհվում։ Ընդամենը վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ «խաղաղ պայմաններում» 6 զոհ ունենք եւ դեռ չգիտենք՝ ի՞նչ է սպասվում մեզ, թշնամին ե՞րբ է դուրս շպրտվելու ՀՀ սուվերեն տարածքից, ե՞րբ են մեր զինվորները անվտանգ պայմաններում ծառայելու եւ վերադառնալու տուն։ Այնպես որ, եթե կուզեք իմանալ՝ ժողովրդին մեծ հաշվով ոչինչ հետաքրքիր չէ՝ ոչ նախկիններ, ոչ ներկաներ, ոչ կադրային քաղաքականություն, ոչ ծրագիր, ոչ ԱԺ եւ կառավարություն, ապահովեք մեր խաղաղությունը եւ անվտանգությունը, որ այլեւս չկարդանք զինվորների մահվան լուրեր, անհնար է դիմանալը։