Դասականը կասեր՝ «յա, իրոք». Ո՞ւմ է ուղղված ԲԴԽ-ի կոչը եւ արդյոք այն քաղաքական հայտարարություն չէ
Խմբագրական
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ:
Պարզվում է՝ ԲԴԽ-ն կարեւորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը եւ հայտարարությունն էլ պայմանավորված է այս հանգամանքով։
ԲԴԽ-ի այս հայտարարությունը իրականում ուղղված է ընդդիմությանը, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, ովքեր ամեն օր մի քանի ելույթ են նվիրում դատավորներին եւ համակարգին՝ բարձրաձայնելով իրենց անդամների անազատության մեջ գտնվելը, քաղաքական հետապնդումները եւ այլն։
Այլապես, եթե ԲԴԽ-ն իսկապես տոգորված լիներ հանրային գործիչների հայտարարություններով, այս հայտարարությունը շատ ավելի վաղ կաներ՝ շատ ավելի կոշտ շեշտադրումներով։
ԲԴԽ-ն եւ դատական համակարգը հայտարարություններ պետք է անեին, երբ վարչապետը դատավորներին վնգստացող էր անվանում, դատարանները շրջափակելու օպերացիան կազմակերպում, դատարանները վերցնելու մասին մեկնաբանություններ գրում, դատական համակարգին մեղադրում պսեւդոէլիտային սպասարկելու, ահաբեկչությանը հովանավորելու մեջ եւ այլն։
Այս բոլոր հայտարարությունները եւ սպառնալիքները, գործողությունները անցնում էին դատական համակարգի, հասարակական սեկտորի, իրավապաշտպանների կողքով, որեւէ մեկի մտքով չէր անցնում անդրադառնալ, հակադարձել այս ամենին, դատապարտել այս քայլերը։
Միթե այս ամենը «անհավասարակշիռ քննադատական մեկնաբանություն» չէր, եւ չէր խաթարում հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Եւ առհասարակ՝ ԲԴԽ հայտարարության հեղինակները ինչն են որակում հավասարակշիռ, ինչը անհավասարակշիռ քննադատություն, օրինակ՝ իշխանության համար «շինելը» սուր քաղաքական խոսք է, ոչ թե վիրավորանք, գուցե ԲԴԽ-ի համար էլ «վնգստացող դատավոր» արտահայտությունն է հավասարակշիռ քննադատություն։ Դասականը կասեր՝ «յա, իրոք»։
Արդ, պետք է պարզել՝ ում է ուղղված այս կոչը՝ իշխանությանը, այդ դեպքում որտե՞ղ էր ԲԴԽ-ն եւ ԲԴԽ-ի անդամները այս 3 տարիների ընթացքում, թե իշխանության «հայհոյանքները» մանանա են, հայտարարությունը ընդդիմությանը զսպելու նպատակ ունի։
Երկրորդ՝ արդյոք այս հայտարարությունը չի կարող քաղաքական որակվել։ Վերջիվերջո՝ նույն «ազնիվ» մղումներով, դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելության շեշտադրումով հայտարարություն էր տարածել նաեւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Բայց այս պարագայումը հայտարարությունը որակվեց մարտակոչ, չներվեց այդ «հանդգնությունը» Վարդազարյանին, դրանից հետո նրա դեմ սկսվեցին քաղաքական հետապնդումներ, իսկ խորհրդարանում իսկական խաչակրաց արշավանք կազմակերպեցին Վարդազարյանի նկատմամբ։
Հիմա հարց է առաջանում՝ երեկվա հայտարարությունը քաղաքական երանգներ չունի՞, խորհրդարանը մտահոգված չէ՞ այս հայտարարությամբ։ Ի դեպ, 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանում Գագիկ Ջհանգիրյանը պետք է ներկայանա խորհրդարանին՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին։ Բոլորս հիշում ենք, թե ինչ եղավ խորհրդարանում, երբ Վճռաբեկի թեկնածուներին ներկայացնում էր Վարդազարյանը եւ թե ինչպես իշխող քաղաքական մեծամասնությունը տապալեց ընտրությունը, հարցեր ուղղեց միայն հայտնի հայտարարության հետ կապված։ Այժմ հետաքրքիր է՝ իշխանությունը պատրաստվում է այս հայտարարության հետ կապված հարցեր տալ Ջհանգիրյանին, նեղը գցել նրան, վրեժ լուծել իրենց վրա «մատ թափ տալու» համար, թե ոչ։
Ընդդիմությունը, բնականաբար, ըստ արժանվույն կպատրաստվի այս նիստին եւ բազմաթիվ հարցեր կտա Գագիկ Ջհանգիրյանին՝ սկսած հայտարարությունից վերջացրած արդարադատությանը միջամտելուց։ Հայաստանի դատական պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է, ավելի քան մեկ ամիս շարունակ գործերը մակագրվում են ձեռքով, այսինքն՝ որոնք պետք է մակագրվում են, իսկ որոնք ոչ՝ մնում փոշիների տակ։ Նախաքննական մարմինը կարող էր առգրավվել սերվերի արխիվացված մասը, copy անել անհրաժեշտ ֆայլերը, նրա ինչի՞ն էր պետք այսօր մակագրող համակարգը առգրավվել։ Միթե այս «ղալաթ-օպերացիան» իրականացնողները չեն պատկերացնում, որ այս արարքի համար ամբաստանյալի աթոռին են հայտնվելու։
Ի վերջո, եթե սերվերը առգրավվելը կամ ձեռքով էլեկտրոնային մակագրությանը միջամտելը հեշտ գործ լիներ, նախկիններն էլ այդպես կվարվեին։ Բայց գոնե կարելի է կեղծիքներ անելիս նրանց «անմեղ գրագետ» մեթոդներից օգտվել, ոչ թե դիմել վաղ միջանդարյան աբորիգեն ձեւերին։ Հուշման կարգով նշենք, որ օրինակ նախկինները իքս գործը իրենց ցանկալի դատավորի մոտ ուղարկելու համար կամ բոլոր մյուս դատավորներին արձակուրդ էին ուղարկում, կամ էլ «պարտադիր-կամավոր» սկզբունքով ինքնաբացարկ էին հայտնում՝ շառից-փորձանքից հեռու սկզբունքով։ Բայց չի եղել մեկ դեպք, երբ մեկ ամիս շարունակ սերվերը առգրավված լինի եւ մակագրությունները իրականացվեն ձեռքով։
Այս ամենին, հույս ունեմ, խորհրդարանական ընդդիմությունը եւ իշխանությունը կանդրադառնա։
Ի դեպ, նախօրոք կանխենք նաեւ Գագիկ Ջհանգիրյանի հնարավոր խուսանավումը, թե «միայն պատասխանելու եմ օրակարգին վերաբերող հարցերին»։ Ինչպես իշխանությունը մոռացավ օրակարգը եւ Ռուբեն Վարդազարյանին ինչ հարց ուզեց ուղղեց՝ սկսած որդուց, վերջացրած ընկերոջից, նույնը ակնկալում ենք տեսնել նաեւ Ջհանգիրյանի դեպքում, նրա պարագայում կարելի է սկսել դատախազական անցյալից, քաղաքականության մեջ մտնելուց, նախկինների հետ լավ հարաբերություններից, պաշտոնյա հարազատներից մինչեւ խնամիներ։
Իշխանությունը չպետք է խնայի Ռուբեն Վարդազարյանի ժ/պ-ին, չէ որ նրա պես «փորձառու» գործիչը նման բարեգթության կարիք չունի։