Сами напросились, ոչ մեկին չմեղադրեք. Կապանում իշխանությունը ֆիասկո է ապրելու
Խմբագրական
Ընտրություններից հետո իշխանությունը «նոն-ստոպ» ռեժիմով արշավ է սկսել Սյունիքի համայնքապետերի դեմ։ Իհարկե, պարզ էր, որ վերարտադրվելու պարագայում իշխանությունը չի ներելու համայնքապետերի՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին աջակցելը։ Ընդ որում՝ իշխանության սիրտը անգամ չի հովացնում Սյունիքում, սպասելիքներին հակառակ, բավական ներկայացուցչական քվե ստանալը՝ ավելի քան 31 հազար ձայն՝ մոտ 53 տոկոս։ Սակայն մեծ հարց էր, թե ինչպես պետք է իշխանությունը վրեժ լուծի Սյունիքի համայնքապետերից, ինչ միջոցների կդիմի, ռեպրեսիաների ինչ չափաբաժին կկիրառի։
Ընտրություններից հետո սկսված գործընթացները ցույց տվեցին, որ իշխանությունն առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով, իսկ այս պարագայում նպատակը Սյունիքի համայնքապետերից ամեն գնով ազատվելն է։ Ընտրություններից հետո նախարարների, մարզպետների, մանրումիջին չինովնիկների մակարդակով նախ հորդորեցին համայնքապետերին դիմումներ գրել՝ անտեսելով ՏԻՄ օրենքը եւ համայնքապետերի ազատության, անկախության սահմանադրական երաշխիքները։
Հորդորները չանցան, բայց իշխանությունները շտապում էին, անգամ թույլ չտվեցին, որ ոմանք իրենց կամքով դիմում գրեն եւ գնան խորհրդարան, օր առաջ ձերբակալեցին համայնքապետերին, որոնք այսօր պատգամավոր են, խոսքը Սիսիանի եւ Մեղրիի համայնքապետերի մասին է։ Ձերբակալվեցին Գորիսի համայնքապետը, Որոտանի համայնքապետը եւ այլն։ Այսօր արդեն ձերբակալվեցին Գորիսի փոխքաղաքապետերը եւ համայնքապետարանի 2 աշխատակից։
Ուժային կառույցները այսօր մի քանի հաղորդագրություններ են տարածել Սյունիքի համայնքապետարանների մասով, մասնավորապես՝ Սյունիքի մարզի «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ոստիկանները բացահայտել են Տաթև համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները եւ այլն։
Հարգելով անմեղության կանխավարկածը եւ ամենեւին էլ կասկածի տակ չդնելով մեր ուժային կառույցների ապաքաղաքական լինելը, բացառապես պրոֆեսիոնալ դաշտում աշխատելը, ամեն դեպքում, մի քանի հարց է առաջանում։ Ինչպե՞ս ստացվեց, որ Սյունիքի համայնքապետերը բոլորը միանգամից՝ ձայն ձայնի տված, իրար ձեռք բռնած ապօրինություններ արեցին։ Կամ ինչպես ստացվեց, որ Սյունիքի համայնքապետերի արած ապօրինությունները միանգամից բացահայտվեցին հենց ընտրությունների շրջանում։ Երրորդ՝ ինչպես ստացվեց, որ նույն ժամանակահատվածում, երբ համայնքապետերին եւ աշխատակիցներին ձերբակալում են, մեկ այլ համայնքում՝ ավագանու անդամները վայր են դնում լիազորությունները։
Խոսքը Կապանի մասին է, որի ղեկավարը թեեւ չէր միացել «Հայաստան» դաշինքին, բայց հայտարարել էր, որ իշխանությանը պետք չէ ձայն տալ։ Իհարկե, այս հայտարարությունը չէր ներվի Կապանի համայնքապետին, տեւական ժամանակ նրանց ընտանեկան բիզնեսներում, համայնքապետարանում զանազան կառույցներ ստուգումներ արեցին, տեսան քրեական գործեր չեն կարողանում հարուցել, սկսեցին ավագանու անդամների վրա աշխատել։ Արդյունքում՝ ավագանու 15 անդամներից 8-ը վայր դրեցին մանդատները եւ Կապանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Գեւորգ Փարսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ 2 տարի կա։ Բայց, ինչպես ասում են՝ իշխանությունը Սյունիքում ազատության մեջ մեկ համայնքապետ թողեց, որից էլ փորձում է ազատվել «սահմանադրական» ճանապարհով։ Բայց իշխանությունը իր հաշվարկներում սխալվել է, ՏԻՄ ընտրությունը համապետական ընտրության հետ պետք չէ խառնել, Սյունիքի մարզկենտրոնում իշխանության նախագծած պլանը՝ վերցնել համայնքապետի պաշտոնը խորը ֆիասկո է ապրելու։ Կապանի համայնքապետի ընտրություններում այս իշխանությունը պարտվեց իր հեղինակության պիկին, 2018-ի հեղափոխությունից հետո Փարսյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության թեկնածուին։ Դեռ այդ ժամանակ ոչ իշխանական թեկնածուի հաղթանակը Փաշինյանը ժողովրդավարության հաղթանակ էր որակել՝ ասելով. «Եվ իշխանությունը որևէ քայլ, կեսքայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Ժողովուրդ ջան, մենք սրա համար ենք հեղափոխություն արել»։
Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունն արդեն ավարտվել է, ժողովրդավարությունն էլ ոչ մեկին պետք չէ, անցանկալի, ոչ յուրային համայնքապետերից ազատվելու համար էլ իշխանությունը պատրաստ է մի ամբողջ պետական համակարգ գործի դնել։ Հանուն արդարության պետք է նշել, որ ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, որը փառահեղ հաղթանակ չգրանցեց Սյունիքում, Կապանի համայնքապետի նկատմամբ վերաբերմունքը այլ է։ Նախ, նա նվիրյալ գործիչ է, լավ համայնքապետ, օրնիբուն քաղաքի հոգսերով ապրող, կապանցիների կողմից ընդունված, սիրված, ասվածի ապացույցը Կապան համայնքն է, որը իսկապես Փարսյանի օրոք ծաղկել եւ զարգացել է։ Կապանցին այս ամենը տեսնում է, կապանցին լավ գիտի, որ երբ քաղաքում որեւէ խնդիր է լինում, չլուծված հարց, այդ հարցով կարող է դիմել հենց համայնքապետին, այլապես պատգամավոր ընտրվածները միայն հատուկ հյուրախաղերի նպատակով են գալիս մարզ՝ ընտրողների հետ հանդիպման եւ խնդիրների օպերատիվ լուծմամբ աչքի չեն ընկնում, ոչ էլ մեծ գործիքակազմ ունեն դրա համար։ Այնպես որ համապետական ընտրության արդյունքներին մի խաբվեք, նախկին-ներկա, սեւ-սպիտակ խաղը այս անգամ չի գործելու, Կապանում ընտրություններին իշխանությունն այնպիսի պարտություն է կրելու, որից վերականգնվելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Ինչպես ասում են՝ cами напросились, ոչ մեկին չմեղադրեք։