Ինչպես շփվել իշխանության հետ, որ եւ ընդդիմադիր լինելդ կասկածի տակ չդնես, եւ այլմոլորակայինի տպավորություն չթողնես
Խմբագրական
Երեկ վերջապես ավարտվեց ԱԺ առաջին նստաշրջանը, որ ռեկորդային էր խորհրդարանական պատմության մեջ։ 8-րդ գումարման խորհրդարանում ղեկավար անձնակազմ կարողացան ընտրել երկու շաբաթվա ընթացքում։
Սուր բանավեճերի, վիճաբանությունների, համարյա ծեծկռտուք-ձեռնամարտի պայմաններում ընթացան ԱԺ նիստերը։ Իսկ առջեւում ոչ պակաս դրամատիկ զարգացումներ են՝ կառավարության ծրագիրը պետք է քննարկվի, ասել է թե Փաշինյանն «ընկնելու է ընդդիմադիր պատգամավորների ձեռը», արդեն կարելի է պատկերացնել, ինչ 18+ տեսարաններ են մեզ սպասվում, ինչպիսի «հայհոյանքներ» ենք լսելու։
Իշխանությունը պետք է փորձի դիմադրել եւ պաշտպանվել, կանխատեսի բոլոր հնարավոր «վատ» հարցերը, մտածի հակափաստարկներ, սրամտումներ, պատրաստի դեղատոմսեր բոլոր այն դեպքերում, երբ չգիտեն ինչպես պաշտպանվել կամ ինչպես պատասխանել հարցին։ Իսկ ընդդիմությունը պետք է հանդես գա արմատական դիրքերից, ոչ թե մշտապես կրկնված ելույթները, հայտարարությունները անի, այլ անդրադառնի բուն ծրագրին՝ փաստարկներով քննադատելով, քարը քարի վրա չթողնելով, իհարկե, առաջարկներ ներկայացնելով։ Չէ՞ որ որքան էլ այդ ծրագիրը կառավարության հեղինակածն է, ամեն դեպքում դրա շահառուն ժողովուրդն է, այդ ծրագրից է կախված մեր երկրի եւ ժողովրդի ապագան, եթե,իհարկե, իշխանությունները որոշեն այն կյանքի կոչել, ոչ թե թողնել թղթի վրա։
Այնպես որ կառավարության ծրագրի քննարկումից է կախված ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության հեղինակությունը, հանրային ընկալումը, հետեւաբար՝ այս ստուգատեսին պետք է նաեւ ընդդիմությունը պատշաճ պատրաստվի։
Նույն ընդդիմադիրներն էլ տարակուսանքի առաջ են՝ չգիտեն՝ ինչպես իրենց դրսեւորել՝ «էլ քաչալ շուն, էլ գող փիսո» ելույթները զիլ են հանրության աչքին, դրանք արմատական լինելու ապացույց են ընկալվում, բայց բազմաթիվ ծանրակշիռ պատգամավորներ չեն կարող իրենց թույլ տալ նման գործելակերպ, նրանց խոսքը ծանր է, հիմնավոր, վերլուծական։ Այս առումով հանրության ընկալումներն էլ տարբեր են, բայց երբեք չես կարող բոլորին գոհացնել։ Ամեն դեպքում՝ հանրության մի ստվար զանգվածի համար շատ ավելի կարեւոր են օրակարգային, հիմնավոր ելույթները, քան ճղճղոցը։
Մյուս խնդիրն այն է, որ այսօր ընդդիմության շարքերում էլ կան կոճակ սեղմողմեր, մարդիկ, որոնք ելույթ չեն ունենում, հարցեր չեն տալիս, որովհետեւ կամ խոսել չգիտեն, կամ խոսելը իրենց «հագով չէ», կամ էլ խոսելու տեղ չունեն, հնարավոր հակահարձակումից են փորձում խուսափել։ Ամեն դեպքում՝ այս կոճակ սեղմողների հարցը եւս պետք է լուծել, նրանք չեն կարող 5 տարի գողեգող ման գալ, վերջիվերջո պետք է եւ հարց տան, եւ քննադատեն, եւ քննադատվեն, եւ սովորեն պատասխանել իրենց անձի դեմ ուղղված մեղադրանքներին, քննադատություններին։
Ուրիշ խնդիրներ էլ ունի ընդդիմությունը, օրինակ՝ այն, որ այսօր ընդդիմությունից շատերը իշխանության մեջ ծանոթներ, բարեկամներ ունեն, շփվում են նրանց հետ։ Հանրությունը սա միանշանակ չի ընկալում, քանի որ 3 տարի շարունակ մեր հասարակությունը խիստ բեւեռացվել է՝ սեւերի եւ սպիտակների բաժանվել, ովքեր միմյանց հետ չեն շփվում։ Իրենք՝ ընդդիմադիրները եւս այնպիսի սուր մեղադրանքներ, մեղքեր, վիրավորանքներ են հնչեցրել իշխանության հասցեին, որ դրանից հետո որեւէ իշխանականի հետ շփումը, գրկախառնությունը դժվար է ընկալել։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ իշխանական պատգամավորը ընդդիմադրին ջուր կամ սուրճ է հյուրասիրում, այստեղ կրիմինալ պետք չէ փնտրել, հո չի կարող ընդդիմադիրը ջուրը շփել իշխանամետի դեմքին․․․այս մարդիկ իրար հետ պետք է աշխատեն հանձնաժողովներում, զրուցեն, քննարկեն, գործուղումների գնան, այնպես որ այս հարցերում պետք է հանրության հետ աշխատանք տանել եւ արմատական վերաբերմունքը կոտրել։ Պարզ, մարդկային, ամենահասարակ, ապաքաղաքական շփումը դաստիարակության, կրթության հարց է,որը խորհրդարանում անհրաժեշտ է, քանի որ իշխանությունը եւ ընդդիմությունը միայն միմյանց քննադատելու համար չեն, նաեւ իրար հետ պետք է աշխատեն։
Բայց եկեք այս շփումները չխառնենք գործարքի, «ծախվելու» հետ, եկեք այս շփումների պատճառով հանկարծ այնպես չլինի, որ իքսի մարդկային կերպարով ընդդիմությունը այնքան դյութվի,որ որոշի հարց չտալ, առարկություն չհայտնել, նրա կամ նրա առաջարկած թեկնածուի օգտին քվեարկել։
Ասվածի վկայությունը հանձնաժողովների նախագահների ընտրությունն էր, շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե այդ որ ընդդիմադիրներն են հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ ձայն տվել Փաշինյանի քավորին՝ Վահե Ղալումյանին, նրա նախկին աշխատակազմի ղեկավարին՝ Էդուարդ Աղաջանյանին։ Ղալումյանը ընտրվել է 74 ձայնով, պետք է անպայման գտնել այն 3 ընդդիմադիրներին, ովքեր ի դեմս Ղալումյանի՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի պրոֆեսիոնալ նախագահ են տեսնում, գուցե նրանց փաստարկները համոզիչ լինեն։ Ընդդիմադիրների շարքերում կան նաեւ Էդուարդ Աղաջանյանով եւ Նարեկ Զեյնալյանով հիացողներ, երկուսն էլ 72 ձայն են ստացել։ Իհարկե, այս պնդումները հիմնվում են այն վարկածի վրա, որ իշխող քաղաքական մեծամասնությունը մեկ մարդու պես իրենց թեկնածուին 71 ձայն է նվիրել, թեեւ որոշ դեպքերում տեսանք, որ ընտրվել են 70 ձայնով։
Լավ կլիներ փակ գաղտնի քվեարկության պայմաններում իշխանական գործիչները ազատ, անկաշկանդ քվեարկեին եւ թիմային որոշման պատճառով ձայն չտային այն կոլեգային, որը արժանի չէ այդ պաշտոնը զբաղեցնելու։ Նկատենք, որ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահներից ամենաշատ ձայնը ստացել է Արմեն Գեւորգյանը՝ 62 ձայն, հետո Թագուհի Թովմասյանը՝ 60 ձայն, երրորդ տեղում է Վահե Հակոբյանը՝ 59 ձայն։
ԵՒ վերջում, իհարկե իշխանությունը կարող է ընդդիմությանը ձայն տալ, ընդդիմությունն էլ՝ իշխանությանը, դա ամոթ եւ հակաբարոյական չէ, եթե թեկնածուն արժանի է, կամ լավ նախագիծ է ներկայացված, իհարկե պետք է կողմ քվեարկել, ոչ թե միշտ դեմ, քանի որ անունդ ընդդիմություն է։ Այս կարծրատիպից պետք է շուտափույթ ազատվի թե իշխանությունը, թե ընդդիմությունը եւ թե հանրությունը, ամեն գործողության, քայլի, հայտարարության հիմքում պետք է լինի գաղափարը, արժեքը, սկզբունքը, բովանդակությունը, ոչ թե ձեւը։