Ով է այս կառավարության «սպիտակ ագռավը»․ գործադիրի նոր կաբինետը՝ հին դեմքերով
Խմբագրական
Կառավարության կաբինետը կարելի է ձեւավորված համարել։ Ճիշտ է՝ ԱԺ-ում արդեն երկրորդ շաբաթն է ղեկավար անձնակազմ են ընտրում, բայց այս ընթացքում արդեն վարչապետը, փոխվարչապետները, նախարարները նշանակվեցին, բացառությամբ մեկի՝ ԱԳնախարարի։ Սակայն, ըստ օրենքի, կառավարությունը ձեւավորված է համարվում, եթե անդամների 2/3-ը նշանակված է։ Այնպես որ չկա ԱԳՆախարարի թեկնածու, պետք էլ չէ, մեր պետության խնդիրները դրանից ոչ կպակասեն, ոչ կավելանան․․․մեծ հաշվով՝ ինչ է փոխել ԱԳնախարարը այս 3 տարվա ընթացքում, ինչ ձեռքբերումներ է ունեցել, ինչ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել․․․այնպես որ վարչապետը դեռ երկար կարող է փնտրել ԱԳնախարարի թեկնածու։
Ինչ վերաբերում է մյուս նշանակումներին, մեծ փոփոխություններ չկան, շատերը վերանշանակվեցին իրենց պաշտոններում՝ Անահիտ Ավանեսյանը՝ Առողջապահության, Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Վահրամ Դումանյանը՝ ԿԳՄՍՆ, Անդրանիկ Փիլոյանը՝ ԱԻՆ, Ռոմանոս Պետրոսյանւը՝ Շրջակա միջավայրի նախարար, Մհեր Գրիգորյանը՝ փոխվարչապետ։
Սուրեն Պապիկյանը պաշտոնի առաջխաղացում ունեցավ, ինչը սպասելի էր, իշխանությունը գնահատեց նրա աշխատանքը եւ նշանակեց փոխվարչապետ։ Պապիկյանին տարածքային կառավարման նախարարի պաշտոնում փոխարինում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, թե ինչու եւ ինչպես է նա արժանացել այս պաշտոնին՝ մեծ հարց է՝ արդյոք նրան հաջողվել է Գեղարքունիքում կատարյալ տարածքային կառավարում իրականցնել, արդյոք բարձր ցուցանիշներ է արձանագրել բոլոր ոլորտներում եւ այլն․․․։
Փոփոխություններ եղել են մի շարք նախարարների դեպքում, ինչպես եւ գրվել էր, Օրինակ՝ Արշակ Կարապետյանը նշանակվեց ՊՆախարար։ Կարապետյանը ոչ միանշանակ ընկալվող գործիչ է՝ սկսած նրա պաշտոնանկությունից, մինչեւ մարտի 1-ի գործով ցուցմունք եւ պաշտոնի առաջխաղացում։
Մյուս խնդիրն էլ այն է, որ ՊՆ-ն այսօր թիվ մեկ կարեւորության գերատեսչությունն է եւ այստեղ օդուջրի պես անհրաժեշտ է հմուտ ռազմական գործիչ, ինչպես նաեւ այս պաշտոնում ամենեւին էլ ընկալելի չեն մի քանի ամիս միջակայքով նշանակումները եւ այլն։ Հուսանք՝ Կարապետյանի նշանակումը բացառապես կնպաստի մեր բանակի վերակառուցմանը, վերազինմանը, սահմանների անվտանգությանը։
Մյուս փոփոխությունը ֆինանսների նախարարությունում է, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու Փաշինյանը նախկինների օրոք աշխատած, բայց իր հետ էլ լավ յոլա գնացող Ջանջուղազյանին փոխարինեց էլի նախկինների հետ աշխատած, իր հետ էլ կիսատ-պռատ յոլա գնացող Տիգրան Խաչատրյանով, ով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Եւ առհասարակ՝ ինչ տարբերություն այս անձանց փոփոխությունից, ֆինանսների ոլորտում դարակազմիկ փոփոխություննե՞ր են լինելու։
Մյուս տարօրինակ նշանակումը տնտեսագետ, ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի նշանակումն էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ Թե ինչ ձեռքբերումներ կգրանցի 62-ամյա տնտեսագետ նախարարը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում՝ մեծ հարց է։ Ուշագրավ է, որ նա Փաշինյանին «ազգակործան պատուհաս» համարող քաղաքական ուժի հերթական ներկայացուցիչն է, ով պաշտոն է ստացել այս իշխանության օրոք՝ Վլադիմիր Կարապետյանից, Գագիկ Ջհանգիրյանից հետո։ Թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ Խաչատրյանի դեպքում ոչ թե գործ ունենք Փաշինյան-ՀԱԿ վաղեմի բարեկամության, որքան Խաչատուր Սուքիասյանի դերի հետ, Խաչատրյանը վերջինիս բանկում է աշխատել, եւ հավանաբար այս նշանակման համար միջնորդել է Սուքիասյանը։
Ի դեպ, Սուքիասյանը իշխանության մեջ գնալով ընդլայնում է իր ազդեցության դաշտը եւ պաշտոնների է տեղավորում մտերիմներին, կարելի է ասել, որ իշխանության մեջ կան սուքիասյանական թեւի ներկայացուցիչներ՝ հանձին Վահագն Խաչատրյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ այլն, ինչը դուր չի գալիս որոշ ՔՊ-ականների, այդ մասին իր հրաժեշտի ստատուսում գրել էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Մյուս փոփոխությունը ՊԵԿ-ում է, որտեղ եւս Փաշինյանին չի հաջողվում լավ ղեկավար գտնել, Էդվարդ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից եւ այստեղ ղեկավար նշանակվեց ժամանակին ՊԵԿ-ում աշխատած Ռուստամ Բադասյանը։ Տպավորություն էր, որ Փաշինյանը եւ ցանկանում էր ազատվել Բադասյանից, եւ չէր կարողանում ազատվել, այդպես որոշեց նրան տեղափոխել ամենեւին էլ ոչ շատ հեռու ոլորտ՝ Արդարադատության նախարարությունից ՊԵԿ։
Այս կառավարության կաբինետի միակ նորությունը, «սյուրպրիզը» նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյան նշանակումն է Արդարադատության նախարարի պաշտոնում։ Անդրեասյանը, ընդհանուր առմամբ, ընդունված կերպար է հանրային, քաղաքական շրջանակներում։ Ուշագրավ է նրա պայքարը մարդու իրավունքների համար, այդ հողի վրա բախումները նախկին իշխանությունների հետ, դատական իշխանության կայացմանը, անկախության ապահովմանն ուղղված քայլերը իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին։ Հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց Անդրեասյանի արտահերթ զեկույցը ՄԻՊ պաշտոնում դատական համակարգում տիրող բարքերի մասին, որում անգամ ներկայացրել էր նաեւ դատական կաշառքի սակագները։
Եւ եթե բոլոր մյուս նախարարներից մեծ հաշվով ակնկալիք չկա, նրանք ոչինչ էլ չունեն կորցնելու՝ ոչ հեղինակություն, ոչ համբավ, ոչ կենսագրություն, ապա այս առումով բարդ է Անդրեասյանի վիճակը։ Կկարողանա՞ Փաշինյանի կառավարության Արդարադատության նախարարը հավատարիմ մնալ իր սկզբունքներին, դավանած արժեքներին, թե կսկսի արդարացումներ փնտրել զանազան ճնշումներին, սահմանափակումներին, իրավախախտումներին։ Դժվար է լինելու Անդրեասյանի գործը նաեւ դատական իշխանության առումով, մինչ նրա նշանակումը՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԲԴԽ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ «պասերով խաղում էր», անհնազանդների նկատմամբ վարույթներ հարուցում, ճնշումներ գործադրում։
Կգնա՞ նույն ճանապարհով նախարարը, թե հավատարիմ կմնա իր արտահերթ զեկույցում նշված սկզբունքներին եւ կպայքարի այն ամենի դեմ, ինչի դեմ պայքարում էր որպես ՄԻՊ եւ չի անի այն քայլերը, ինչ անում էր նախկին իշխանությունը եւ ինչ երիցս անտաղանդ եւ ավելի բիրտ իրականացնում է այս իշխանությունը։
Ի դեպ, ՄԻՊ պաշտոնից իր հրաժարականից հետո Կարեն Անդրեասյանը գրել էր․ «Որպես լավատես. Հուսով եմ, որ իմ զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի»։
Հանրությունն էլ նման հույսեր ունի, իսկ Անդրեասյանը իր տեղում եւ իր չափով գոնե կարող է իրականացնել հանրության ակնկալիքները՝ չվախենալով իշխանության հետ առճակատումից եւ չկառչելով պաշտոնից։