Ի դեպ. Նոր փաստաթղթի առաջացրած հարցերի մասին
ADTVԻ դեպ, արդեն երկրորդ օրն է, որ հայաստանյան հանրային քաղաքական դաշտը ալեկոծված է հայ-ադրբեջանական սահմանագծման շախատանքներին վերաբերող նոր, եռակողմ հայտարարության լուրից։
Հիշեցնեմ, հայտարարության մասին առաջինը ահազանգեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, համարելով այն աղետալի, ապա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ըստ էության հաստատեց այդ հայտարարության գոյության մասին լուրը։
Տարբերությունն այն է, որ Փաշինյանն այն համարում է 100 տոկոսով Հայաստանի շահերին համապատասխանող, մյուս կողմի գնահատմամբ դա պարզապես աղետալի է։ Անկեղծ ասած, հայտարարության տեքստի ասենք այսպես՝ «արտահոսած» տարբերակում որեւէ դարակազմիկ, արտառոց բան չկա։
Այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքի ձևաչափ մշակելու մասին է, մի բան, որ պետք է արվի վաղ թե ուշ: Բայց այլ հարց է, թե ինչ կա տողատակերում եւ ինչու այսպես վաղ։ Ո՞րն է շտապելու պատճառը։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շտապում դա անել, այն էլ պաշտոնակատարի կարգավիճակում։ Փաշինյանն է շտապո՞ւմ, թե նրան շտապեցնում են։ Ի՞նչ դրդապատճառներ ունեն շտապեցնողները։
Այս հարցերի առնվազն մի մասի պատասխանները կարելի է կռահել, հետեւելով տարածաշրջանային ու գեոպոլիտիկ զարգացումներին՝ Ադրբեջանի հանդեպ ձևավորված միջազգային ճնշումից, Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումից, մինչեւ ԱՄՆ- ՌԴ նախագահների առաջիկայում սպասվելիք հանդիպում։
Իսկ գուցե պետք է ձգձգե՞լ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ոտքը կախ գցե՞լ» առնվազն մեկ ամիս։ Ամենակարեւոր հարցերից մեկը, եթե ոչ ամենակարեւորը՝ Արցախի հարցն է։ Արդյոք այս հայտարարությամբ փակվում է Արցախի հարցը մեզ համար ամենավատ տարբերակով, եթե Ալիեւը հայտարարում է, թե իրենք պատրաստ են ճանաչել Հայաստանի սահմանները, բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, ներառյալ ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Իսկ Փաշինյանն էլ վկայակոչում է ԱՊՀ ստեղծման 1991 թ-ի հռչակագիրը, որտեղ անդամակցող բոլոր երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։
Բայց սա դեռ հարցերի ամբողջ ցանկը չէ։ Հարց է, թե արդյոք հենց այն տարբերակն է ստորագրվելու, որը հայտնվել է համացանցում, թե այն խմբագրվել կամ խմբագրվելու է, արդյոք այն գաղտի հավելվածներ պարունակում է, թե ոչ։ Արդյոք հայտարարության այսպես ասած «փաթեթում» նաեւ բանավոր պայմանավորվածություններ կամ ընմռնումներ կան, թե ոչ։ Նման հարցադրումները հազիվ թե ավելորդ համարվեն, ինչպես ասում են՝ «տառապանքս փորձ ունի»։ Աստված մեզ օգնական։