Ի դեպ, Եռակողմ նոր փաստաթղթի մասին
ADTVԻ դեպ, նախօրեին Հայաստանում բավական մեծ աղմուկ բարձրացրեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառումը ՖԲ-ում, ապա հրապարակած լուսանկարը Տելեգրամում։ Գրառումը հայ-ադրբեջանական մի նոր փաստաթղթի մասին է, որի ձևակերպման աշխատանքն ավարտված է։
Այդ փաստաթղթում, ըստ Միքայել Մինասյանի, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Ըստ այդմ, դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Միքայել Մինասյանը գրում է նաեւ, որ քննարկման առարկա է դարձել նաեւ Տավուշի մարզի հինգ և Արարատի մարզի մեկ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարցը։
Այնուհետեւ Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում հրապարակեց այդ հայտարարության լուսանկարը։ Ավելի ճիշտ՝ փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերությունները, որոնք ներկայումս համաձայնեցվում են: Նախկին դեսպանի գրառումն ու հրապարակած լուսանկարը առաջին հայացքից կարող էին շոկային թվալ, սակայն իրականությունից հեռու չէին, եթե հաշվի առնենք, որ մինչ այդ ՌԴ ԱԳ նախարարն էր հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին՝ սահմանի դեմարկացիայի աշխատանքներում։ Եվ ահա, այս նոր փաստաթղթի իրական լինել-չլինելու մասին այսօր խոսեց նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե նախ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են ստացվում եւ կարծիք հայտնեց, թե միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ՝ Ադրբեջանն է։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն այդ թուղթը չի հրապարակել, քանի որ «կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»։ Ավելի ուշ համացանցում տարածվեց ամբողջական տեքստի նախնական տարբերակը, որի տողերում որեւէ արտառոց բան չկար։ Այլ հարց է, թե ինչ կա տողատակերում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այն լուծումները, որոնց շուրջ այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9, այլ 100 տոկոսով։ Մեջբերում. «Եւ այո՛, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին»։
Ստացվում է, մեկ փաստաթուղթ, երկու հակադիր կարծիք։ Մեկ, որ այն համապատասխանում է մեր շահերին եւ մյուսը, որ այն պարզապես աղետալի կլինի Հայաստանի համար։
Հասկանալի է, որ փաստաթուղը ստորագրելիս, ըստ շրջանառվող լուրերի դա կարող է լինել այսօր, քաղաքական լարվածությունն ու հանրային ընդվզումը եթե ոչ անխուսափելի, ապա խիստ հավանական են։