Ի դեպ. ՀԱԿ համագումարի ու ընտրություններին մասնակցության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին տեղի ունեցավ ՀԱԿ համագումարը։ Թեեւ այսօր ՀԱԿ-ը բավական համեստ դիրքեր ունի հայաստանյան քաղաքական դաշտում իր մարդկային ու ֆինանսական ռեսուրսներով, սակայն այս համաժողովը սպասված էր։
Լեւոն Տեր Պետրոսյանին լսելը միշտ է հետաքրքիր, ինչքան էլ նրա մտահղացումներն ու գաղափարներնը տվյալ պահին անսպասելի լինեն, անհասկանալի կամ արտառոց։ Նույնիսկ իր արտառոց որոշումները Լեւոն Տեր Պետրոսյանը կարողանում է այնպիսի հիմնավորումներով ներկայացնել, որ հարկադրված ես լինում հերթական անգամ համոզվել՝ «քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք»։
Հիշենք թեկուզ այսպես կոչված բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որը ճիշտ է, հաջողություն չունեցավ, բայց մենք հրապարակում Լեւոն Տեր Պետրոսյանի կողքին տեսանք Գագիկ Ծառուկյանին, ով ուրախ էր, որ այդտեղ էր, ձեր կողքին կանգնած։ Լեւոն Տեր Պետրոսյանի վերջին անսպասելի գաղափարը երեք նախկին նախագահներով միասնական «ազգային համաձայնության դաշինքով» ընտրություններին մասնակցելու մասին էր՝ գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու։ Այս առաջարկը առաջին հայացքից կարող էր գայթակղիչ թվալ, սակայն իրականում «թակարդ» էր Ռոբերտ Քոչարյանի համար, ով արդեն նախապես հայտարարել էր ընտրություններին մասնաակցելու եւ իշխանության գալու հավակնության մասին։
Ստացվում էր, որ երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը Լեւոն Տեր Պետրոսյանին ստիպում էր Ռոբերտ Քոչարյանին հեռու պահել իշխանության գալու հավակնություններից։ Մյուս կողմից Լեւոն Տեր Պետրոսյանը լուծում էր իր կուսակցական խնդիրը՝ ապահովել ծանրակշիռ ներկայություն խորհրդարանում։
Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, մերժեց այս առաջարկը եւ ՀԱԿ-ը կանգնած էր ընտրություններին մասնակցել-չմասնակցելու դիլեմայի առաջ։ Հենց այս հարցին էլ պատասխանելու էր ՀԱԿ-ի նախօրեին կայացած համաժողովը։
Համաժողովն այս հարցի վերջնական պատասխանը չտվեց։ Լեւոն Տեր Պետրոսյանն առաջարկեց որոշում կայացնելու իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը, իսկ վարչությունն իր որոշման մասին կհայտարարի հավանաբար վաղը կայանալիք նիստից հետո։ Լեւոն Տեր Պետրոսյանի խոսքով, եթե վարչությունը որոշում է մասնակցել ընտրություններին, ապա հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ առաջնորդը:
Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում, ըստ Լեւոն Տեր Պետրոսյանի, անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի:Մի բան էլ։
ՀԱԿ-ի ու Լեւոն Տեր Պետրոսյանի թիրախում լինելու է ոչ միայն գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես ասում են, կենացները քաղցրանում են։