Ինչպես է որոշվում, թե քաղաքացիները կորոնավիրուսի դեմ որ պատվաստանյութով են պատվաստվում
Հասարակություն
ՀՀ-ում պատվաստումների մեկնարկից մինչև այս պահը կատարվել է 15704 առաջնային տեղաչափ պատվաստում, այս թվից 763-ը եղել է երկրորդային դեղաչափ պատվաստում։ Այս մասին ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Այս թիվը նշանակում է, որ 15704 քաղաքացի արդեն պատվաստվել է։
Նշենք, որ ՀՀ-ում պատվաստաումները իրականացվում են ռուսական Sputnik V, բրիտանական AstraZeneca և չինական CoronaVac պատվաստանյութերով։
Խաչատրյանը հայտնեց, որ նախարարությունը առանձին հաշվարկ չի կատարում, թե որ պատվաստանյութով քանի քաղաքացի է պատվաստվում, սակայն համեմատաբար ամենաշատ պատվաստումները կատարվել են AstraZeneca-ով, իսկ ամենաքիչը՝ CoronaVac-ով՝ հաշվի առնելով ձեռքբերման ամսաթվերը։
Իսկ թե ովքեր են պատվաստվում և ինչ սկզբունքով է որոշվում, Խաչատրյանը հայտնեց, որ այս հարցը կարգավորվում է նախարարի հրամանով։
«Ընդամենը հաշվի առնելով Sputnik V-ի քանակները, մենք ասում ենք, որ 18-54 տարեկան խոցելի խմբերի քաղաքացիները կարող են պատվաստվել Sputnik V-ով։ Խոցելի խմբերում են փակ հաստատությունների աշխատակիցներն ու բնակիչները, բժիշկները՝ մենք ի սկզբանե արել էինք նրանց այդ պատվաստանյութով, ինչպես նաև խրոնիկ հիվանդները։ Իսկ 55-ից բարձր խոցելի խմբերը կարող են պատվաստվել AstraZeneca-ով և CoronaVac-ով։ Եվ 18-ից սկսած մյուս քաղաքացիների դեպքում էլ, որոնք խրոնիկ հիվանդություն չունեն, տալիս ենք հնարավորություն, որ կարող են AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստվել»,- ասաց Խչատրյանը։
Ճշտող հարցին, արդյոք մինչ այժմ եղել են դեպքեր, երբ նախարարի հրամանով բացառություններ են եղել, և համապատասխան պատվաստանյութով պատվաստվել է մեկ այլ խմբի քաղաքացի՝ Խաչատրյանը ասաց, որ չի եղել։
Նա նաև հայտնեց, որ մասնավոր կլինիկաների կողմից էլ պատվաստումներ չեն իրականացվում։