Ի դեպ. Լեւոն Տեր Պետրոսյանի առաջարկի մասին
Ի դեպՀանրային- քաղաքական շրջանակներում մեծ հետաքրքրություն, տեղ-տեղ գուցե շոկ առաջացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով ըստ էության գաղտազերծվեցին նախկին նախագահների դեռ մարտի 25-ին կայացած հանդիպման մանրամասները։ Պարզվում է, Լեւոն Տեր Պետրասյանն այն ժամանակ հայտարարության մի նախագիծ է ներկայացրել, որն ընդունելու դեպքում ՀՀ նախկին նախագահները պիտի հայտարարեին, որ անկախ նախկինում ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մասնակցելու են «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Լեւոն Տեր Պետրոսյանը բացահայտում է, որ քննարկում տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով։
Սերժ Սարգսյանը որևէ կարծիք չի արտահայտել։ Չափազանց հետաքրքիր է, որ այսքան բանից հետո 1-ին նախագահը հրապարակավ է կրկնում իր առաջարկը, համոզված լինելով, որ համապատասխան հանրային ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Գուցե տեսականորեն իրականանալի ծրագիր էր, բայց գործնականում ակնհայտ էր, որ նախկին նախագահները, հատկապես երկրորդը, չեն ընդունելու այն, եւ այդ ծրագիրը չի իրականալու։ Այդպես էլ եղավ՝ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների գրասենյակներն ըստ էության հաստատեցին այդ մերժումները, հայտարարելով այլ ձեւաչափով ընտրություններին մասնակցելու՝ մի դեպքում մտադրության, մյուս դեպքում որոշման մասին։ Չուշացավ նաեւ գործող վարչապետի պաշտոնակատարի արձագանքը։ Հիշեցնեմ, Լեւոն Տեր Պետրոսյանն ասել էր, թե Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է Լեւոն Տեր Պետրոսյանի՝ երկու անգամ իշխանափոխություն անելու անհաջող փորձերը եւ «կծել է», թե 2008-ին չստացվեց, 2015-ի բուրժուդեմոկրատականը չստացվեց, հիմա որոշել է «ավազակապետական հեղափոխություն» անել։ Լեւոն Տեր Պետրոսյանի տրամաչափի գործիչը չեր կարող չկռահել, որ փակ հանդիպման ժամանակ մերժված ծրագիրը չի կարող իրականության դառնալ այն հանրայնացնելուց հետո։ Եւ ուրեմն, ինչո՞ւ էր պետք հանրայնացնել իր՝ արդեն չընդունված առաջարկը։ Հարցի պատասխանը ենթադրելի է, սակայն ժամանակից առաջ չընկնենք։ Պատասխանը կհնչի արդեն վաղը, ՀԱԿ-ի համագումարի ժամանակ՝ Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթում եւ ընտրությունների մասով ՀԱԿ-ի որոշման տեքստում։