Ի դեպ, Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մասին
Ի դեպԻ դեպ, վերջին օրերին ցավ ի սիրտ ու տագնապով ենք հետեւում, թե ինչ է կատարվում Շուշիի մայր տաճարում, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոն, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Ուղնուծուծով հայկական այս տաճարը միշտ է եղել ադրբեջանցիների աչքի փուշը։Եւ սպասելի էր, որ պատերազմի ժամանակ պիտի լիներ ադրբեջանական կողմի ուղիղ նշանառության տակ։ Երկու անգամ հրթիռակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին պատերազմի օրերին։ Ընդ որում, երկրորդ հարվածի ժամանակ տեղում լրագրողներ կային, որոնք նկարահանում էին առաջին հարվածի հետևանքները։ Այն ժամանակ երեք լրագրող վիրավորվեց։
Այո, վանդալիզմ, որ դեմ է Աստծո ու մարդկության օրենքներին, այո՝ պատերազմական հանցագործություն, որ խստորեն պետք է դատապարտվեր տարատեսակ հեղինակավոր, պաշտոնական ու անպաշտոն կազմակերպությունների կողմից, բայց ինչպես ասում են՝ պատերազմում, ինչպես պատերազմում։ Մտածում էինք, պատերազմը կավարտվի ու կվերականգնենք։ Այն ժամանակ «տաք» էինք, չէինք կարող մտածել, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է, իսկ Շուշիի մայր տաճարը պատերազմից հետո ադրբեջանցիները պետք է «վերականգնեն» իսկ իրականում, վերականգնելու անվան տակ աղավաղեն հայկական եկեղեցին։
Նախ Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հաղորդեց, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները և տարածեց անգմբեթ վանքի լուսանկարը։ Ապա Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ Ադրբեջանի կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին։ Բոլորին է հասկանալի, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում։ Նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։ Իհարկե Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին պետք է բարձրաձայնել, պետք է միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնել կատարվողի մասին։ Սակայն պետք է պատրաստ լինել նաեւ, որ այդ կառույցների արձագանքը կոչերից ու քննադատություններից այն կողմ կարող են չանցնել։ Բազմաթիվ օրինակներից մեկը Ջուղայի խաչքարերն են։
Հիշեցնեմ, այն ժամանակ էլ, 2005-2006 թթ-ներին, նամակներ հղվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, միջազգային տարբեր կառույցների։ Արդյունքում որտե՞ղ են Ջուղայի խաչքարերը։ Այո, տեղահան արվեցին, փշրվեցին ծանր տեխնիկայի միջոցով լցվեցին Արաքս գետը։ Եթե չես կարող քո ունեցածը պահպանել ու պաշտպանել, ուրիշները դա քո փոխարեն չեն անելու։