Ի դեպ. ՀՀԿ-Հայրենիք դաշինքի մասին
Ի դեպԻ դեպ. Հայաստանում քաղաքական-կուսակցական, նախընտրական դիրքավորումների, դասավորումների, միավորումների ու սահմանազատումների շրջանը կարծես թե մոտենում է ավարտին։ Կուսակցություններն ավարտում են ընտրություններին մասնակցության եւ մասնակցության ձեւաչափին առնչվող հարցերի քննարկումն ու հրապարակում են իրենց որոշումները։ Այս համատեքստում ամենաինտրիգային անորոշությունն առնչվում էր ՀՀԿ-ի մասնակցությանը։ «Հայրենիքի փրկության շարժման» հիմնական դերակատարներից մինչ օրս միայն ՀՀԿ-ն էր, որ ընտրություններին մասնակցելու որոշման մասին չէր հայտարարել։
Իսկ քանի դեռ չկար նոր որոշում, պետք էր ենթադրել, որ ՀՀԿ-ն գործում է « ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում» օրակարգի տրամաբանությամբ։ Այս տրամաբանությունը, պետք է ենթադրել, երբեմնի կառավարող կուսակցության քաղաքական թեւի սրտով չէր։ Նրանց, ովքեր հավատարիմ են մնացել կուսակցությանը, այս ընթացքում «իրենց գլխի ճարը» չեն տեսել այլոց ցուցակներում հանգրվանելով, բայց եւ չեն ուզում դուրս մնալ քաղաքական գործընթացներից։ ՀՀԿ-ն ոչինչ չէր հայտարարում, իսկ օդում կախված լուրերն այն մասին էին, որ քննարկումների ու բանակցությունների մեջ է։ Նախօրեին երեկոյան արդեն հրապարակվեց ՀՀԿ գործադիր մարմնի որոշումը, այն է՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին դաշինքով, «Հայրենիք» կուսակցության հետ։
Սա արդեն բավական հետաքրքիր է։ ՀՀԿ-ն դաշինք է կազմում ոչ թե Քոչարյանի, այլ Վանեցյանի հետ։ Զարմանալու չէ, եթե հաշվի առնենք Քոչարյան-Սարգսյան խուլ հակամարտությունն այս տարիների ընթացքում եւ Ռոբերտ Քոչարյանի վստահ հայտարարությունն այն մասին, որ ընտրություններին մասնակցելու եւ կրելու է իր թիմով։ Իր թիմում են լինելու, ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀՅԴ-ն ու Սյունիքյան «Վերածնվող Հայաստանը»։ Վանեցյանն էլ դաշինք է կազմում ոչ թե Քոչարյանի այլ Սերժ Սարգսյանի հետ, կարծես չեղարկելով Քոչարյանի «կոնսենսուս-մինուս մեկ» բանաձեւը։ Ու ստացվում է բավական մրցունակ դաշինք, եթե հաշվի առնենք անցած ընտրություններում ՀՀԿ-ի ստացած մոտ 5 տոկոսը եւ Վանեցյանի՝ այս ընթացքում կատարած կազմակերպչական աշխատանքները։ Եթե նկատի ունենաք, որ Քորաչյանի ու Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան դաշինքների էլեկտորատը մեծ հաշվով նունն է, ստացվում է, որ հաջողության համար այս դաշինքները պայքարելու են ոչ միայն եւ ոչ այնքան իշխանության, որքան իրար դեմ։
Սա իհարկե չի նշանակում քարոզչության ժամանակ իրար ոչնչացնող հռետորաբանություն, բայց հրապարակային քարոզչությունիցն դուրս, էլեկտորատի հետ աշխատանքը, շատ հետաքրքիր լուստրացիա է ենթադրում՝ ով ում համար է աշխատելու։ Մի խոսքով, բավական հետաքրքիր պայքար է սպասվում, միայն թե լարումներ ու սրացումներ չլինեն։ Իսկ «թամաշայի» պակաս չենք ունենալու։