Ի դեպ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ հետագա զարգացումների մասին
ADTVԻ դեպ, ապրիլ 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հրաժարականն իհարկե սպասված էր, անհայտ էր օրը։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է ընտրել հենց ապրիլի 25-ը։ Ասաց՝ կարևոր է համարել, որ հրաժարականը տեղի ունենա հենց ապրիլ 25-ին՝ Քաղաքացու օրը: Սա, Նիկոլ Փաշինյանի մեկնությամբ, կարևոր խորհրդանիշ է այն բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը վերադարձնում են քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով: Ընդդիմությունն այստեղ մտքի մեջ կասեր՝ վայ հավատացող։
Ինչեւէ, վարչապետի հրաժարականը կայացած փաստ է, նախագահն ընդունել է նաեւ կառավարության հրաժարականը, քաղաքական դաշտը պատրաստվում է առաջիկա զարգացումներին։ Իսկ ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել։ Տարբերակներն իրականում շատ չեն։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ձեւակերպել առաջիկա քաղաքական օրակարգը եւ դրա շուրջ համաձայնության գալ խորհրդարանական ուժերի հետ։ Այն է՝ ԱԺ ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի, Փաշինյանը երկու անգամ կառաջադրվի, Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ հնարավո՞ր են շեղումներ այս օրակարգից։
Հնարավո՞ր է, որ խորհրդարանում առաջադրվի մեկ այլ թեկնածու եւ ընտրվի վարչապետ։ Տեսականորեն այո, գործնականում գրեթե անհնար է։ Նախ, խորհրդարանական ուժերից ԼՀԿ-ն արդեն հայտարարել է, որ, իրենց խոսքով ասած՝ ոչ մի ավանտյուրայի չեն գնալու և չեն խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը, չնայած ճնշումներին։ ԲՀԿ-ն դեռ նման հայտարարություն չի արել, սակայն ենթադրվում է, որ այս կուսակցությունը եւս հավատարիմ կմնա Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքբերված քաղաքական պայմանավորվածությանը։
Եթե հաշվի առնենք, որ արտախորհրդարանական ուժերի մեծամասնությունն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու որոշման մասին, կարելի է արձանագրել, որ իշխանության ձեւակերպած, խորհրդարանական ուժերի հետ համաձայնեցված օրակագից շեղումներ չեն լինի։ Արտահերթ ընտրություններ հունիսի 20-ին, քաղաքական ուժերը պատրաստվում են, դիրքավորվում, միավորվում ու սահմանազատվում, իսկ ժողովուրդն առաջիկայում «թամաշայի» պակաս չի ունենա։