Ի դեպ. ԱԺ-ում ղարաբաղյան հարցով վարչապետի հայտարարությունների մասին
ADTVԻ դեպ, առիթներ ունեցել ենք նկատելու, որ տարիներ շարունակ ղարաբաղյան հարցն է եղել հայաստանյան ներքաղաքական կյանքն ուղղորդող ամենակարեւոր գործոնը։ Ղարաբաղյան հարցով է պայմանավորված եղել Հայաստանում իշխանության գալը, այն պահպանելը կամ փոխանցելը, կամ իշխանությունից հեռանալը։ Անկախ Հայաստանի առաջին իշխանությունը ձեւավորվել է ղարաբաղյան շարժման արդյունքում՝ Ղարաբաղ կոմիտեից, 1-ին նախագահը իշխանությունից հեռացել է ղարաբաղյան հարցում «հայտնի ուժերի» հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, 2-րդ եւ 3-րդ նախագահները իշխանության են եկել ու իշխանությունը պահպանել են ղարաբաղյան հարցով, այդպես մինչեւ հեղափոխություն։ Նիկոլ Փաշինյանը, թվում է, թե իշխանության եկավ հեղափոխության արժեքներով, թեեւ իշխանության առաջին իսկ օրերից նրան մեղադրում էին Արցախը հանձնելու մտադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարում թվում էր, թե Արցախը թեեւ շարունակում է մնալ Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից մեկը, սակայն այն կարծես թե դադարել էր լինել լինել թիվ մեկը, որպես ներքաղաքական կյանքը ուղղորդող գործոն, իր տեղը զիջելով հեղափոխության արժեքներին։ Հիմա, պատերազմից հետո եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արցախյան հարցը նորից դառնում է վճռորոշ գործոն։ Մեկ տարբերությամբ՝ եթե նախկինում խնդիրը արցախյան հաղթանակը պահպանելն ու այն դիվանագիտական դաշտում ամրապնդելն էր, ապա հիմա՝ պարտության մեղքը միմյանց վրա բարդելն ու ստեղծված վիճակից ելքեր առաջարկելը։ Հենց այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները ԱԺ-ում։ Չնայած նրա՝ ԱԺ-ում գտնվելու առիթն ու պատճառը ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն էր, հարցերի ու պատասխանների մի շատ մեծ հատված վերաբերում էին Արցախին: Տպավորություն էր, որ վարչապետը դուրս է գալիս պատերազմին հաջորդած ու մինչ օրս շարունակվող կոշտ քննադատությունների տարափի տակից ու հակադարձում է, քննադատության սլաքներն ուղղելով նախկինների ուղղությամբ։ Նա հայտարարեց, թե Քոչարյան-Սարգսյան զույգը, Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը: «Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային» հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա իհարկե, չմոռացավ սիրելի ժողովրդին. «Սիրելի ժողովուրդ չհուսահատվեք, չվհատվեք, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև այո, Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ երջանիկ և հզոր այդ ապագան»։ Այստեղ բուռն ծափահարություններ։ Սպասենք ընդդիմության, նախկինների հակադարձումներին։ Արցախի ու մեր ապագայի շուրջ հրապարակային հայտարարությունները, փոխադարձ մեղադրանքները, փոխհրաձագությունները եւ կուրծքծեծոցին դեռ առջեւում են։ Սա դեռ «ժուռնալն» է, «տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն»։