«Հայաստանը թվերով»․ Ինչ վարքագիծ է դրսևորել դրամ-դոլար փոխարժեքը վերջին 20 տարվա ընթացքում և որքան է արժեվորվել տարեսկզբից
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք դրամ-դոլար փոխարժեքին։
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ այսօր դոլարը կարելի է գնել 532.78 դրամով։ Վերջին ամիսների ընթացքում դոլարը կայուն աճ էր աձանագրում։ Առավելագույն կետի դոլարի գինն հասել էր ապրիլի 8-ին, երբ փոխարժեքը հասավ 537.36 դրամի։ Միայն ԿԲ-ի միջամտությունների շնորհիվ փոխարժեքը վերջին 1-2 օրվա ընթացքում այն փոքր ինչ նվազեց։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ փոխարժեքը աճել է 9.1 տոկոսով։ Հունվարին դոլարի միջին փոխարժեքը եղել է 521,2 դրամ, իսկ փետրվարին՝ 523,5 դրամ։ 2020 թ-ին միջին փոխարժեքը կազմել է 489 դրամ, նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է միայն 1,78 տոկոսով։
Վերջին 20 տարիների ընթացքում դոլարի փոխարժեքն իր գագաթնակետին է հասել 2003 թ-ին երբ այն կազմել է 578,8 դրամ, հաջորդող տարիներին փոխարժեքը կայուն կերպով սկսել է նվազել և 2008 թ-ին հասել է 20 տարվա ընթացքում արձանագրված նվազագույն կետն՝ 306 դրամի։ Տոկոսային հարաբերությամբ՝ ամենաբարձր աճն արձանագրվել է հենց դրա հաջորդ տարում, երբ փոխարժեքն արժեվորվեց միանգամից 18,7 տոկոսով։ Հաջորդիվ տարիներին փոխարժեքը շարունակել է կայուն, բայց ոչ մեծ տոկոսային հարաբերակցությամբ աճել, բացառությամբ 2015 թ-ի, երբ դոլարն արժեվորվեց միանգամից 14,91 տոկոսով։
Հատկանշական է, որ 2018-ին ՝ իշխանափոխությունից հետո՝ փոխարժեքի աննշան՝ 0,06 տոկոս աճ արձանագրվել էր 2018թ-ին, իսկ 2019-ին այն անգամ նվազել էր 0,53 տոկոսով։ 2020-ին նախորդ տարվա համեմատ դոլարը կարելի էր ձեռք բերել 1.78 տոկոսով ավելի բարձր գնով, կամ միջինում 489 դրամով։