Խիստ անվստահ, կաշկանդված շարժուձևով, ավելի շատ նման էր ղեկավարի կողմից իր մոտ կանչելուն և հաշվետվություն պահանջելուն. Արա Պապյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Վազող տող
Պետք է ցավալիորեն նշել, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ռազմագերիների հետ կապված հարցի քննարկմանը ջանասիրություն նկատելի չէր, կարծեք թե ինչ-որ պարտականություն էր կատարում, մինչդեռ դա առաջնային հարց է երկիրը կայունացնելու համար, էլ չեմ ասում, որ ներկայումս ծառայող զինվորին վստահություն հաղորդելու համար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։
Նրա դիտարկմամբ՝ քննարկվող հարցերի շրջանակը բավարար չէր, շատ հստակ պետք է Փաշինյանը դներ նախկին պայմանավորվածություններին հավատարիմ մնալու հարցը, որը ոտնահարվել է։ «Կարծես թե ոչ Ռուսաստանը, ոչ Մինսկի խմբի մյուս անդամները որևէ պարտավորություն չեն ունեցել, ի լրումն դրա՝ նաև Ադրբեջանն ու Հայաստանը։ Այդ հարցերը նույնպես պետք է դրվեր։ Տպավորությունն այն է, որ Փաշինյանը համարում է հարցը ալիևյան ոճով փակված, ինչը միանգամայն սխալ է։ Իհարկե, տհաճ էր ինքնին բանակցային ձևը՝ զուտ արտաքին առումով, մի տեսակ խիստ անվստահ, կաշկանդված, անվստահ շարժուձևով, ինչը նույնպես վատ տպավորություն թողեց։ Այս հանդիպումն ավելի շատ նման էր ղեկավարի կողմից իր մոտ կանչելուն և հաշվետվություն պահանջելուն, ոչ թե ինքնիշխան ղեկավարների հանդիպում էր, բացի այդ՝ հաշվի առնելով, որ արդեն երկար ժամանակ որևէ արտասահմանյան ղեկավարի հետ Փաշինյանը չի հանդիպում, ոչ Հայաստան են գալիս, ոչ էլ իրեն են հրավիրում, նաև այդ ֆոնի վրա շատ տխուր պատկեր է ստացվում։ Միակ ելքն այն է, որ Փաշինյանը հնարավորինս ճիշտ հեռանա, իսկ ճիշտ հեռանալն այն է, որ պետք է ստեղծվի անցումային շրջան՝ ժամանակավոր կառավարությամբ, իսկական փոփոխություններով, այնինչ, հիմա Փաշինյանի խնդիրը վերարտադրությունն է և ամեն ինչ հարմարեցնում է դրան»։
Անդրադառնալով հարցին, թե ինչ մնաց կուլիսների ետևում, ինչի մասին կարող էին քննարկումներ լինել, որոնք չխոսվեցին տեսախցիկների առջև՝ նա նշեց, որ կարելի է ենթադրել, որ կուլիսների հետևում Փաշինյանի միտքը կարող էր հետևյալը լինել. «Որ դիմացը ընտրություններ են և ըստ էության, բոլոր այն նպատակները, որ Ռուսաստանն իր առջև դրել է Հայաստանում՝ մի բան էլ ավելի՝ արել եմ, էլ ինչ եք ուզում։ Կարծում եմ նման տիպի խոսակցություն պետք է լինի, քանի որ հասկանում ենք, որ հիմա Փաշինյանի առաջնային խնդիրը սեփական աթոռը պահելն է։ Բայց սա ենթադրություննեի ոլորտից է»։
Ինչ վերաբերում է «Սպուտնիկ Վ» պատվաստանյութին՝ քաղաքագետը նշեց, որ անձամբ Նյու-Յուրքում հանդիպել է մի հայաստանցի կենսաբանության դոկտորի, որն աշխատում է ամերիկյան ընկերությունում։ «Իհարկե, կարելի է մտածել, կողմնապահ է, բայց երբ ես հարցրեցի «Սպուտնիկ Վ»-ի մասին՝ նա քմծիծաղ տվեց և ասաց, որ ընդհանրապես այն բանի պետք չի, որքան հեռու մնաք՝ այնքան լավ։ Ի վերջո, «Սպուտնիկ Վ»-ն «Էբոլա»-ի դեմ ստեղծված պատվաստանյութ է, որը հիմա փորձում են սաղացնել։ Մյուս կողմից, կարծես թե այն պատվաստանյութը, որ ձեռք է բերում Հայաստանը՝ կարծես թե առանձնապես մի բան չէ։ Հարցն այն է, որ չի կարող երկիրը, որը գիտության բոլոր ասպարեզներում հետ է մնացել աշխարհից, իսկ մենք տեսնում ենք, որ օրինակ, լվացքի մեքենա չի կարողանում արտադրել, կարի մեքենա չի կարողանում արտադրել, լվացքի փոշի չի կարողանում արտադրել և այլն, մեկ էլ հանկարծ, կարողանա միջազգային մակարդակի պատվաստանյութեր արտադրել՝ այն դեպքում, երբ սովորական դեղերը, օրինակ, Ասպիրինը մարդիկ նախընտրում են արտասահմանյանը»։
Հարցին՝ ՌԴ նախագահի հնչեցրած հարցին՝ սուտ պատասխան տալու փոխարեն, արդյոք հնարավոր չէր դիվանագիտորեն պատասխանել կամ խուսափել հարցից ուղիղ ստելու փոխարեն՝ նա պատասխանեց. «Բայց Նիկոլն ուր, դիվանագիտությունն՝ ուր։ Դիվանագիտություն մարդիկ տարիներով են սովորում, տասնամյակներով փորձ են ձեռք բերում, այսինքն, դիվանագիտությունն էլ մասնագիտություն է, իսկ սուտ խոսելը Նիկոլի բնավորությունն է, այդ մարդը այդպես ծնվել, այդպես զարգացել է, հիմա ուզում եք դառնալ ճշտախո՞ս, չի կարող։ Նա ամեն տեղ ասել է այն, ինչ այդ պահին հարմար է գտել, իսկ հետո էլ կարող է իր մտքից հետ կանգնել ու ասել՝ ինձ ճիշտ չեք հասկացել, սա է դառը իրականությունը»։