Ի դեպ. Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին
ADTVԻ դեպ. Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի հարցը՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ատելության թափանիվը կանգնեցնելու, ինչ որ շտկումներ անելու, թշնամանքը վերացնելու՝ ՀՀ իշխանության հայտարարությունների համատեքստում, վերջին օրերին եւ հենց այսօր, կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում բուն Թուրքիայում։ Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ։
Ըստ «Ամերիկայի ձայնի», պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ կապերի պատճառով, թեեւ ծանուցման տեքստում նշված չեն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնց գնման համար Վաշինգտոնը նախկինում Անկարային սպառնում էր պատժամիջոցներով: Նշվում է, թե պատժամիջոցները սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում ՝ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի հետ ունեցած կապերի պատճառով: Ըստ այդմ պատժամիջոցների տակ է հայտնվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը, որի խնդիրն է ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների մատակարարումը։ Բացի այդ, չորս պաշտոնյաներ են ընդգրկվել ԱՄՆ-ի սև ցուցակում, այդ թվում ՝ պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը։ Պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի արգելք, ԱՄՆ տարածքում ակտիվների արգելափակում և ֆիզիկական անձանց համար ամերիկացիների հետ ֆինանսական որևէ գործարքի արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ից արտահանման արգելք եւ այլն։
Այս իրավիճակը որոշ փորձագետների հիմք է տալիս հայտարարելու, թե Թուրքիան դադարում է լինել ԱՄն դաշնակիցը, քանի որ դաշնակցում է ԱՄՆ թշնամու հետ և որպես դրա արդյունք` ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ։Մի փոքր առաջ ընկնելով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն սկսել է, ասենք այսպես՝ Թուրքիային «սանձելու» գործընթացը։ Եվ այս համատեքստում Էրդողանը կանգանած է մեկ այլ դիվանագիտական մարտահրավերի առաջ, որ գալիս է ԱՄՆ-ից եւ կապված է Հայաստանի հետ։ Ամենատարբեր, իրազեկ աղբյուրներից ստացվող համառ լուրերն այն մասին են, որ ԱՄՆ նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունները, ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Սա շատ հավանական հեռանկար է, եթե մինչ այդ հայ-թուրքական ինչ որ անակնկալ գործընթացներ ու զարգացումներ չլինեն։