Ի դեպ. Հայ-թուրքական հարաբերությունների մասին
Ի դեպԻ դեպ, Հայաստանի հանրային քաղաքական շրջանակներում ակտիվորեն շարունակում է շրջանառվել հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Թեման ակտիվացավ հենց պատերազմից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերով, տարբեր ձեւակերպումներով սկսեցին խոսել այն մասին, թե հարեւանների հետ պետք է խոսել, որ եթե մենք չխոսենք՝ ուրիշներն են մեր փոխարեն ուրիշներն են խոսում եւ այլն եւ այսպես շարունակ։ Այդ հայտարարություններն այսօր էլ շարունակվում են՝ վարչապետն հայտարարում է, թե որ Հայաստանի նկատմամբ պետք է կարողանալ ձևավորել բարենպաստ միջավայր, բայց տարածաշրջանն էլ պետք է փոխի իր դիտանկյունը ՀՀ-ի նկատմամբ, ԱԽՔ-ն ասում է, թե տարածաշրջանում նոր հնարավորություններ են բացում, եւ որ «մենք պետք է մի քանի ճշգրտումներ կատարենք մեր մոտեցումներում», ԱԺ փոխնախագահն էլ, թե բա «գուցե հիմա լավ շանս կա, որ թուրքիայի հետ թշնամանք չլինի»։
Ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների հարցը Հայաստանի 3-րդ, անկախ հանրապետության ամենագլոբալ խնդիրներից է, որին մենք առերեսվել ենք այս բոլոր տարիների ընթացքում՝ Լեւոն Տեր Պետրոսյանից մինչեւ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտություն» ու մինչեւ Նիկոլ Փաշինյանի նոր մոտեցումներ։ Նախկին նախագահների օրոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը նույնն է եղել՝ Հայաստանը պատրաստ է եղել հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Ուշադրություն դարձրեք՝ խոսքը հարաբերություններ հաստատելու եւ ոչ հաշտեցման գործընթացի մասին է եղել։ Թուրքիայի դիրքորոշումն էլ այս ընթացքում նույնն է եղել՝ Հայաստանի հետ հարաբերություններ՝ թուրքական երեք հայտնի նախապայմաններով. Արցախի հարցի ադրբեջանանպաստ հանգուցալուծում, Թուրքիայի ներկայիս, դե ֆակտո սահմանների ճանաչում եւ հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Հիմա, եթե Հայաստանի իշխանությայն ներկայացուցիչների կողմից, ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել այս հայտարարությունները, կարո՞ղ ենք ենթադրել, որ փոխվել է մեր՝ առանց նախապայմանների սկզբունքը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է կատարել թուրքական նախապայմանները, Մեղրիի միջանցք տրամադրել էլ՝ վրադիր։ Ավելի համարձակ ենթադրությունները կարո՞ղ են հանգեցնել այն մտքին, որ գուցե հայ-թուրքական ինչ որ գործընթաց կա, որի մասին չի հայտարարվում։ Իսկ հնարավո՞ր չէ, որ այդ մասին հայտարարվի մինչեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որն ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, տեղի է ունենալու ապրիլի վերջին։ Հետաքրքիր է, «ապրիլի վերջ» ասվածը ապրիլ 24-ից առա՞ջ է, թե՞ հետո։ Սա կարեւոր նրբություն է։