«Հայաստանը թվերով»․ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ մրգի գներն աճել են 8.3%-ով բանջարեղենինը՝ 13.1%-ով
Հայաստանը թվերով
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք Հայաստանում մրգի և բանջարեղենի առանձին տեսակների, այդ թվում՝ կանաչեղենի սպառողական գների տոկոսային փոփոխություններին։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կոմիտեի՝ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ մրգի ապրանքախմբում արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ`3.3% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ:
Տոկոսային հարաբերակցությամբ՝ ամենաշատը բարձրացել է սխտորի գինը՝ 77 տոկոս, 46,9 տոկոսով բարձրացել է սմբուկի գինը, 27 տոկոսով աճել է նարնջի գինը, խնձորինը՝ բարձրացել է 23,7 տոկոսով։ Քաղաքացիները 16 տոկոսով ավելի են վճարել պղպեղի համար, 15,2 տոկոսով՝ նուռ գնելու համար։
Փոխարենը նվազել են խաղողի ու կարտոֆիլի գները՝ համապատասխանաբար 23,2 տոկոս և 15,5 տոկոս։ Միաժամանակ 26,2 տոկոսվ իջել է ճակնդեղի գինը, 6,2 տոկոսով՝ ելակինը։
Քանի որ վերջին օրերին՝ Հարության տոնին ընդառաջ շեշտակի գնաճ է արձանագրվել կանաչեղենի շուկայում՝ նշենք, որ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ բարձրացել է նաև կանաչեղենի գինը։ Մասնավորապես, խառը կանաչեղենի գինն ավելացել է 42,9 տոկոսով, իսկ կանաչ սոխինը՝ 19,3 տոկոսով։